Գրաքննության են ենթարկվել «Ոսկե ծիրանում» ցուցադրվելու նախատեսված երկու ԼԳԲՏԻ ֆիլմերը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ԼԳԲՏԻ թեմայով երկու ֆիլմերը՝ «Լսի՛ր ինձ»-ն ու «Ծիրանի այգիներ»-ը գրաքննության հետևանքով չեն ցուցադրվելու: 

«Կինոմիության նոր ղեկավարները՝ նայելով «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն ծրագիրը, որում ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմ կար, և տեսնելով հասարակական աղմուկը, նշեցին, որ իրենք չեն կարող այն ցուցադրել»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ժամանակ ասել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, գրում է Թերթ.am-ը: 

Փառատոնի գլխավոր տնօրենն, այսպիսով, ուղիղ կերպով մատնանշում է, որ «Ոսկե ծիրան»-ի ծրագրում փոփոխությունները պայմանավորված են հենց այս երկու ֆիլմով և դրանց շուրջ բարձրացած «հասարակական աղմուկով»: 

Աղմուկն, ինչպես միշտ, կազմակերպել էր այսպես կոչված «Հանուն օրենքի» հասարակական շարժման ներկայացուցիչ Արման Ղուկասյանը, «Իրավունք» թերթը և մի քանի այլ պրոռուսական, նախկինում բազմաթիվ անգամ ատելության քարոզով աչքի ընկած անհատներ: Մասնավորապես՝ Ղուկասյանը Facebook սոցցանցի միջոցով կոչ էր արել անընդհատ զանգահարել կինոփառատոնի հեռախոսահամարներով և պահանջել չցուցադրել ֆիլմերը: Հատկանշական է, որ Facebook սոցցանցի մի քանի օգտատերերի հաղորդմամբ՝ անձնական նամակներով նույն կոչով իրենց դիմել են նաև ՀԱԵ հոգևորականներ: 

Այնուամենայնիվ, բացի սոցցանցերում մի քանի գրառումներից՝ որևէ բուռն քննարկումներ չեն ծավալվել, թեև փառատոնի գլխավոր տնօրենը «հասարակական աղմուկ» է նկատել: 

Հրապարակախոս Վահան Իշխանյանը Facebook սոցցանցի իր էջում տեղի ունեցածի առնչությամբ գրել է. 

«Բոյկոտում եմ «Ոսկե ծիրան» փառատոնը ու կոչ անում բոլորին բոյկոտել: 

Պատկերացնենք նացիստական Գերմանիայում փառատոնում հրեական թեմայով ֆլիմ, հիտլերյուգենտը գալիս ու տնօրենին ասում ա՝ ցույց տաք՝ վերջդ վատ կլինի, տնօրենը ֆլիմը հանում ա: 

Այսօր ուրիշ ժամանակներ են, բայց ֆաշիզմը չի անհետացել, այսօր էլ Թուրքիայում չեն ցուցադրվում հայոց ցեղասպնության մասին պատմող ֆիլմեր: 

Ֆաշիզմի հետ զուգահեռով կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվել «Ոսկե ծիրանում»՝ խտրականություն մարդկանց մի խմբի նկատմամբ, այսինքն՝ ֆաշիզմ: 

«Ոսկե Ծիրան» փառատոնը երկու ֆիլմ է վերցրել սեռական փոքրամասնությունների (ԼԳԲՏ) թեմայով՝ Փուրիա Հեյդարիի «Ծիրանի այգիներ» և Գագիկ Ղազարէի «Լսի՛ր ինձ» ֆիլմերը և հետո հայ ֆաշիստների բողոքով հանել է երկու ֆլիմերն էլ ծրագրից, որոնք չեն ցուցադրվելու:
 
Դիմում եմ հայ հասարկությանն ու առաջին հերթին հայ կինոմատոգրաֆիական համայնքին՝ ձեր կոլեգաները ֆաշիստական ակտ են անում, ու եթե չեք դիմադրում, լռում եք՝ միանում եք ֆաշիզմին»:

Pink Armenia-ն տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Իրավիճակի պատճառը փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ։ Կինեմատոգրաֆիստների միության որոշումը, փաստացի ցույց տվեց, որ իրենք ոչ թե ֆիլմարտադրության շահերն են պաշտպանում, այլ որոշ մարդկանց, որոնք կարծում են, թե ֆիլմը չի կարող անդրադառնալ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ԼԳԲՏ հարցերը։

Այդ մարդկանց մոտեցումը նման է խորհրդային մի ժամանակահատվածի գրաքննությանը, երբ ռեժիսորներին չէր թույլատրում անդրադառնալ եկեղեցուն կամ Հայոց ցեղասպանության հարցին։

Հասկանալով, որ սա ոչ միայն խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, ստեղծագործական և արտահայտման ազատությունների ոտնահարում, այլ հարված նաև հայկական կինոարտադրությանը, մենք կոչ ենք անում Հայաստանի կինոարտադրողներին իրենց դիրքորոշումն արտահայտել հարցի շուրջ։

Մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար։ Հարկ է, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ը նույնպես վերանայի Կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը։

Հորդորում ենք նաև այս տարվա Ոսկե Ծիրանին մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը»: