Գևորգ Կոստանյանը համալրեց «թեմային չտիրապետողների» շարքը

LGBTnews-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, ով նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազ, Արդարադատության փոխնախարար, ինչպես նաև ընդգրկված է եղել ՀՀ սահմանադրական փոփոխությունները մշակած հանձնաժողովի կազմում:

– Պարո՛ն Կոստանյան, դուք Հայաստանում տեսնո՞ւմ եք խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ:

– Խտրականությունը կարող է քննարկման առարկա դառնալ կոնկրետ դեպքում: Հասարակության ինչ-որ շերտի, ազգային փոքրամասնությունների կամ այլ խմբերի նկատմամբ ես խտրականություն չեմ տեսնում. եթե կան կոնկրետ օրինակներ՝ կարող ենք քննարկել:

– Օրինակ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ չե՞ք նկատում խտրական վերաբերմունք:

– Ես այս թեմային ամբողջական չեմ տիրապետում, չէի ցանկանա այդ թեմայով խոսել, գրեք, որ Կոստանյանը հրաժարվեց խոսել:

– Դուք չե՞ք կարևորում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

– Որովհետև այդ թեմային չեմ տիրապետում՝ չեմ կարող կարծիք արտահայտել: Երբ տիրապետեմ, կխոսենք:

– Ինչո՞ւ չեք տիրապետում. ձեզ չե՞ն հետաքրքրել ԼԲԳՏԻ անձինք և նրանց իրավունքների իրացումը:

– Ես հիմա այլ գործերով եմ զբաղված:

– Դուք վերջերս խոսում էիք այն մասին, որ Սահմանադրությունը մարդու իրավունքների իրացման երաշխիքներ է տալիս, ԼԳԲՏԻ անձինք…

– Եկեք պայմանավորվենք այս թեմայով խոսել այն ժամանակ, երբ ես այդ նյութերին կտիրապետեմ, այլապես մենք այսպես շարունակ կարող ենք երկխոսել:

– Ի՞նչն է պատճառը, որ երբևէ չեք հետաքրքրվել ԼԳԲՏ անձանց իրավունքներով: Չէ՞ որ սա նաև իրավական հարց է: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ բազմաթիվ անգամ շահարկվեց… 

– Չեմ հետաքրքվել… Ժամանակ չունեմ՝ դրա համար չեմ հետաքրքրվել, և այս հարցերի շղթան ձեզ ոչինչ չի տա, քանի որ, միևնույնն է, արդյունքում ես այս թեմային չեմ տիրապետում ու կարծիք չունեմ:

– Բայց դուք իրավունքի մասնագետ եք, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ: ԼԳԲՏԻ անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար իրավունքները պիտի՞ ամրագրվեն, ըստ ձեզ, հայաստանյան օրենսդրությամբ: 

– Ես չեմ հասկանում այս իրավունքների իրացման սահմանները, որպեսզի ասեմ՝ այս իրավունքները պիտի հավասար լինեն, թե ոչ:

– Օրինակ՝ ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքը պիտի՞ ամրագրվի:

– Ես արդեն որերորդ անգամ ասում եմ, որ չեմ պատկերացնում, ինչո՞ւ եք նույն հարցը  տալիս:

– Որովհետև գիտեմ, որ պատկերացնում և խուսափում եք:

– Դե, հիմա ես այսպես եմ պատասխանում (լայն ժպտալով ասաց ու գնաց – խմբ.):