Դանակահարել է պատանուն՝ ենթադրելով, որ նույնասեռական է․ «Հայկական ժամանակ»

Երեկ 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակահարել է կասկածելով նրան համասեռամոլության մեջ, գրում է «Հայկական ժամանակ»֊ը։ 

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց: 15-ամյա պատանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից լրատվամիջոցին ասել են, որ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին: Նա խոստովանել է կատարածը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Լրատվամիջոցը գրում է նաև, որ Արգամ Հ.-ն խոստովանական ցուցմունք է տվել և նշել. «Համասեռամոլ ա եղել՝ դրա համար էլ խփել եմ»: Նման եզրահանգման եկել է այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»: 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակի երկու հարված է հասցրել: Նա ազատ է արձակվել: «Հայկական ժամանակ»֊ը գրում է, որ 35-ամյա Արգամ Հ.-ն վերջերս է Ֆրանսիայից եկել Հայաստան: