Դատարանը մերժեց ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների հայցը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն այսօր մերժեց «Իրավունք» թերթի դեմ 16 հայցվորների ներկայացրած հայցն ու վերջիններիս պարտավորեցրեց թերթին վճարել 150 հազար դրամ գումար՝ որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

 

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերտառությամբ հոդված, որի կապակցությամբ էլ 16 քաղաքացիներ դիմել էին դատարան:

 

Հոդվածի հրապարակման համար առիթ էր հանդիսացել այն հանգամանքը, որ Ինգա և Անուշ Արշակյան քույրերի ֆեյսբուքյան ասուլիսի էջում մի խումբ քաղաքացին, որոնք թվում նաև հայցվորները, հարցեր էին ուղղել և պարզաբանումներ խնդրել Արշակյան քույրերից այն բանի համար, որ վերջիններս ավելի վաղ տված իրենց հարցազրույցներից մեկում ասել էին, որ իրենք զզվում են Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթող ճանաչված Կոնչիտա Վուրստից:

 

Դատարան դիմած հայցվորները պնդում էին, որ թերթը վիրավորել է՝ իրենց պատիժն ու արժանապատվությունը, ինչպես նաև դատարանից պահանջում «Իրավունք»-ին պարտավորեցնել հերքում տպագրել ու փոխհատուցել բարոյական վնասը՝ հինգ միլիոն դրամի չափով:

 

Այսօր դատաևանում էր նաև «Իրավունք» թերթի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով, հիշեցնենք, օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից մեղադրանքներ էր հնչեցնում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այն բանի համար, որ վերջինս սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր է կատարում:

 

Դատարանի վճռի հրապարակումից հետո լրագրողներից մեկը Բաբուխանյանին հիշեցրեց 2008 թվականին Սերժ Սարգսյանի կողմից վավերացված միջազգային Կոնվենցիան, որը վերաբերում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և հետաքրքվեց, թե արդյոք, հաշվի առնելով Ազգային ժողովում Բաբուխանյանի հայտարարությունները, կարելի՞ է եզրակացնել, որ Բաբուխանյանը դեմ է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

 

Բաբուխանյանը, սակայն, խուսափեց հստակ պատասխանել բուն հարցին:

 

«Նախ և առաջ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք, և ոչ ոք նրան չի կարող հետապնդել իր կարծիքի համար: Ես, որպես պատգամավոր, երբևէ չեմ ասել, որ պետք է ոտնահարել որևէ մարդու իրավունքը, սակայն ես միևնույն ժամանակ պարտավոր եմ պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները: Որոշ մարդիկ փորձել են հետապնդել այլոց՝ իրենց արտահայտած կարծիքի համար, որն անթույլատրելի է»,- ասաց Բաբուխանյանը:

 

Լրագրողների հետ զրույցում հայցվոր Նվարդ Մարգարյանն ասաց, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը:

 

«Բնական է, որ այսպիսի վճիռ պիտի լիներ: Եթե նախագահը վճռից օրեր առաջ պարգևատրում է «Իրավունք»-ի պես ֆաշիստական թերթին, որը խտրականության և ատելություն է տարածում, բնական է, որ դատական վճիռն այսպիսին պիտի լիներ»,- նկատեց Մարգարյանը:

 

Իրավապաշտպան Միկա Դանիլյանը նույնպես նշեց, որ ինքը դատարանից այլ ակնկալիքներ չուներ: Նա նույնպես հիշեցրեց Սերժ Սարգսյանի կողմից օրեր առաջ «Իրավունք»-ին տրված Մովսես Խորենացի մեդալի մասին:

 

«Պարգևատրվում է մի ԶԼՄ, որը հոմոֆոբ ու ոչ լիբերալ գաղափարների կրող է,»,–ասաց Դանիելյանն ու կարծիք հայտնեց, որ երկար ժամանակ կպահանջվի, որ հայ հասարակությունն ու պետական գործիչները Հայաստանում հոմոֆոբ չլինեն:

 

«Հայաստանում պետական գործիչները հոմոֆոբ են, և չեն պաշտպանում այն միջազգային փաստաթղթերի պահանջները, որոնց միացել են»,- ասաց Դանիելյանը:

 

Հայցվորների փաստաբան Լուսինե Ղազարյանն էլ նշեց, որ իրենք առավել մանրամասն կարծիք կարող են հայտնել միայն դատավճռից հետո: Նա միայն ասաց, որ անհեթեթություն է այն հանգամանքը, որ բավական չէ դատարանն իրենց հայցը չի բավարարել, դեռ մի բան էլ պատրավորեցրել է հայցվորներին որոշակի գումար վճարել պատասխանող կողմին: