Դերասանուհի Լինա Դենհեմը չի ամուսնանա այնքան ժամանակ, մինչև իր լեսբուհի քույրը կարողանա գրանցել իր ամուսնությունը որտեղ ցանկանա

Դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Լինա Դենհեմը, ով հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան, հայտարարել է, որ չի ամուսնանա իր ընկերոջ հետ այնքան ժամանակ, մինչև իր լեսբուհի քույրը հնարավորություն չունենա կնքելու իր ամուսնությունն ամերիկյան ցանկացած նահանգում, գրում է Lesbi.ru-ն:

 

Լինայի ընկերը երաժիշտ Ջեք Անտոնոֆն է՝ Fun ինդի խմբի կիթառահարը: Ինքը Լինան ոչ միայն հաջողակ դերասանուհի ու պրոդյուսեր է, «Ոսկե գլոբուսի» դափնեկիր, այլև հայտնի հասարակական գործիչ, ֆեմինիստ: Ապրիլին, ԼԳԲՏ համայնքին աջակցության և նույնասեռականների իրավունքերի պաշտպանության ոլորտում քարոզչության համար ստանալով Point Foundation’s Horizon մրցանակը, Լինան պատմել է իր լեսբուհի քրոջ մասին.

 

«Իրականում ինձ համար մեծ հիասթափություն էր, երբ ես չափահաս դարձա և հասկացա, որ ինձ տղաներն են գրավում: Այդ պատճառով, երբ իմ քույրն ասաց, որ ինքը լեսբուհի է, ես մտածեցի՝ ինչ լավ է, որ գոնե ինչ-որ մեկն այս ընտանիքից կարող է ներկայացնել իմ համոզմունքները»:

 

Վերջերս էլ իր հարցազրույցներից մեկում Դենհեմը նշել էր. «Ես դեմ չեմ ամուսնությանը, ես պարզապես մի բանի եմ սպասում: Իմ քույրը լեսբուհի է և նրա համար այդքան էլ հաճելի չի լինի, եթե ես ամուսնանամ, իսկ ինքը չկարողանա անել դա: Այո, այժմ նա կարող է անել դա որոշ տեղերում, բայց ոչ բոլոր»:

 

Դենհեմը նման հայտարարություն առաջին անգամը չէ, որ անում է: Անցյալ տարի Daily Mail-ին տված հարցազրույցում նա ասել էր. «Ես չեմ ուզում ամուսնանալ այնքան ժամանակ, մինչև բոլոր հոմոսեքսուալները հնարավորություն չունենան ամուսնանալու»:

 

Նշենք, որ Լինան միակ հանրաճանաչ դեմքը չէ, որ խոստացել է անտեսել ամուսնությունն այնքան ժամանակ, մինչև այդ իրավունքով չեն օժտվի նաև գեյերն ու լեսբուհիները: Նույնն ասել է նաև Շարլիս Թերոնը, իսկ ավելի վաղ՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, որոնք, ի վերջո, վերջերս ամուսնացան՝ պատճառաբանելով դա այն բանով, որ այդպես ավելի լավ կլինի իրենց երեխաների համար: