Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն. ԼԳԲՏԻ սոցիալական արշավ՝ Երևանում

Հայաստանում շարունակվում է «ԼԳԲՏԻ սոլիդարության ցանց Հայաստանում և Վրաստանում» եռամյա ծրագիրը, որի շրջանակներում Երևանում տեղադրվել են սոցիալական պաստառներ:

Ծրագիրը Հայաստանում իրականացնում են Pink Armenia և «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ները և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի  հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը:

Մեծածավալ այս ծրագիրը, որ մեկնարկել է 2015-ին, իրականացվել է երեք փուլով և առաջիկայում ավարտվելու է:

Առաջին փուլում Pink Armenia-ն իրականացրել է «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավական կարգավիճակը», իսկ «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն՝ «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը» հետազոտությունները, որոնք հանրությանն են ներկայացվել մի քանի միջոցառումների ժամանակ:

Երկրորդ փուլում վերոնշյալ հետազոտությունների հիման վրա քաղաքացիական հասարակության այլ միավորների և ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակվել է «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման համապարփակ ռազմավարություն» անունով փաստաթուղթը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 2-ին, Երևանում: Միջոցառման անվտանգությունն ապահովում էին իրավապահները:

Այժմ ընթացքի մեջ է ծրագրի երրորդ փուլը, որի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում մշակված ռազմավարությունից բխող թվով տասը բազմավեկտոր նախաձեռնությունների՝ թրեյնինգների, «Բազմերանգ գրականությանը», սոցիալական տեսահոլովակների և այլն:

Երևանում վերջին օրերին ընթացող սոցիալական արշավը նույնպես այս նախաձեռնություններից է: «Տրանս անձինք մեր հասարակության մասն են», «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր», «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն. ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն» ուղերձներով պատկերազարդ պաստառները տեղադրվել են քաղաքի կենտրոնում:  

«Տեսահոլովակների և պաստառների հիմնական նպատակն է ապահովել ԼԳԲՏԻ անձանց դրական տեսանելությունը մեր հասարակությունում։ Ուղերձներն այնքանով են կարևոր, որ առաջին անգամ Երևանի փողոցում հայտնվում են դրական տեսանելությանն ուղղված պաստառներ, որոնք մարդկանց հուշում են, որ մենք կանք և որ այս հասարակության լիարժեք մասն ենք:

Պաստառը, որում խոսվում է երջանկության մասին, խնդիր ունի հասցնելու այն կարևոր գաղափարը, որ երջանիկ լինելու իրավունք ունեն բոլորը։ Այդ մասին նաև տեսահոլովակ է նկարահանվել՝ պատմող այն մասին, որ հարստությունը, շքեղ մեքենաները, ապարանքները չեն կարող երջանկացնել մարդուն, եթե նա ստիպված է թաքցնել իր ինքնությունը, ապրել վախերի մեջ, զրկված լինել սիրելի մարդու կողքին լինելու հնարավորությունից: Նյութականը ոչինչ է, եթե մարդիկ երջանիկ չեն: Եվ բոլոր մարդիկ ցանկանում են լինել երջանիկ: Եվ ուրեմն՝ մենք նաև պետք է երջանկություն ցանկանանք միմյանց:

Մյուս պաստառի վրա առկա ուղերձը հուշում է, որ բոլորս ամեն օր առնչվում ենք ԼԳԲՏԻ մարդկանց հետ, եթե անգամ չգիտենք այդ մասին, քանի որ ԼԳԲՏԻ անձինք սովորական մարդիկ են՝ բժիշկներ, դասախոսներ, երաժիշտներ, գիտնականներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և այլն: 

Երրորդ պաստառն այն մասին է, որ Հայաստանում, ինչպես այլուր, կան տրանս անձինք և որ մարդիկ տարբեր են, այդ թվում՝ ԼԳԲՏԻ համայնքն է բազմազան», – LGBTnews-ի հետ զրույցում նշում է ծրագրի՝ Pink Armenia-ի համակարգող Արմեն Աղաջանովը: 

Այս տարվա օգոստոսին նախատեսվում է եռամյա ծրագրի ամփոփումը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները: