Եթե ես հասարակական վայրում կարող եմ համբուրել իմ կնոջը, ինչո՞ւ նույնը չեն կարող անել գեյերը. Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը լրիվ բնական է համարել այն, որ միասեռական զույգերը համբուրվում են հասարարակական վայրերում:

 

Կառավարության պահպանողական առաջնորդի հայտարարությունը հնչել է Newsnight-ի հաղորդման ժամանակ՝ ի պատասխան նույնասեռ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող հաղորդավար Էվան Դեյվիսի՝ տեսական իրավիճակներին վերաբերող հարցերին:

 

Դիմելով վարչապետին՝ Էվանսը հարցրել է. «Դուք գտնվում եք հասարակական վայրում, և նոր ամուսնացած երկու տղամարդ համբուրվում են: Դա գեղեցի՞կ է, թե՞ փոքր-ինչ անընդունելի»:

 

Իսկ Քեմերոնը պատասխանել է. «Ո՛չ, դա նորմալ է: Ես արդեն հստակ ցույց եմ տվել իմ դիրքորոշումը: Ես հավատում եմ ավանդական և ժամանակակից արժեքներին, ես հավատում եմ ընտանիքին, ես հավատում եմ ամուսնությանը: Ես կարծում եմ, որ դա մեծ ինստիտուտ է, ես կարծում եմ, որ տղամարդիկ պետք է միմյանց հետ ամուսնանալու հնարավորություն ունենան, կանայք պետք է միմյանց հետ ամուսնանալու հնարավորություն ունենան»:

 

Բրիտանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է. «Եթե ես կարող եմ հասարակական վայրում համբուրել իմ կնոջը, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու դուք չեք կարող համբուրել ձեր ամուսնուն հասարակական վայրում»:

 

Նշենք, որ նախորդ ամիս Քեմերոնը հայտարարել էր, որ կցանկանար՝ ավելի շատ միասեռական ընտանիքներ երեխաներ որդեգրեին:

 

Նրա խոսքերով՝ «եթե կան երեխաներ, որոնք սիրող ընտանիքի կարիք ունեն և եթե կան գեյ ընտանիքներ, որոնք կարող են այդքան շատ սեր տալ, մենք պետք է թույլ չտանք նախապաշարմունքներին կանգնել մեր երեխաների ապագայի առաջ»:

 

Նշենք նաև, որ պահպանողական կուսակցության առաջնորդը մի քանի տարի շարունակ պայքարում էր երկրում նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու համար, ինչն ի վերջո տեղի ունեցավ այս տարվա մարտին: