ԵԽԽՎ-ն Չեչնիայում նույնասեռականների հետապնդումները «ռազմական հանցագործությունների» հետ է համեմատել

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Չեչնիայում նույնասեռականների հետապնդումների հարցով զեկույցի վերաբերյալ բանաձև և առաջարկություններ են ընդունել: Զեկույցը պատրաստել է բելգիացի պատգամավոր Փիթ դը Բրյունը, որը այս թեմայով զեկուցող է նշանակվել նախորդ տարվա ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, գրում է Новая газета-ն:  

Փիթ դը Բրյունի զեկույցում ներկայացված բանաձևի և առաջարկությունների օգտին քվեարկել է 33 (1 ձեռնպահի դեպքում) և 32 (1 ձեռնպահի դեպքում) նստաշրջանի մասնակից: Դեմ քվեարկող չի եղել:

Փիթ դը Բրյունի զեկույցի բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ Չեչնիայում իշխանությունների կողմից նույնասեռականների կազմակերպված հետապնդման մասին փաստերը որևէ կասկած չեն հարուցում, իսկ չեչենական ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են մինչ օրս:

Դիրքորոշումը, որը սկզբում ունեին Չեչնիայի, այնուհետև նաև ՌԴ իշխանությունները՝ «գեյերը հետապնդումների չեն ենթարկվել, որովհետև Չեչնիայում գեյեր չկան», գրեթե ավելի շատ է փաստում, որ հանգացործություն է տեղի ունեցել, քան զոհերի վկայությունները:

Չեչնիայի ԼԳԲՏԻ համայնքի դեմ հանցագործությունները ԵԽԽՎ պատգամավորները ծանրությամբ հավասարեցրել են «ռազմական հանցագործություններին»: Մեկ տարվա ընթացքում փոխվել է Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ դիրքորոշումը: Եթե նախկինում այս հանցագործության համար մեղավորները համարվում էին Չեչնիայի իշխանությունները, ապա այսօր ԵԽԽՎ պատվիրակները Չեչնիայում նույնասեռականների նկատմամբ հետապնդումների, ինչպես նաև փաստերի հետաքննությունից, հանցագործներին գտնելուց և պատժելուց հրաժարվելու  գլխավոր պատասխանատվությունը դրել են անձամբ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Новая газета-ն հետաքննական նյութ էր հրապարակել, որտեղ խոսվում էր Չեչնիայում նույնասեռականների մասսայական ձերբակալությունների, կտտանքների ու սպանությունների մասին: Ինչպես պատմել է «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» ներկայացուցիչ Իգոր Կոչետկովը, նյութի հրապարակումից հետո անցնող տարվա ընթացքում կազմակերպությունն օգնել է Չեչնիայի Հանրապետությունից տեղափոխվել 114 նույնասեռական անձանց, որոնք տեղի իշխանությունների կողմից իրենց սեռական կողմնորոշման պատճառով հետապնդումների էին ենթարկվել:

Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ժխտել էր Չեչնիայում ձերբակալությունների մասին տեղեկությունները, իսկ ԶԼՄ-ներում տարածված լուրերը «պրովոկացիա» անվանել:

Հանրապետության ղեկավարի մամուլի խոսնակ Ալվի Կարիմովը հայտարարել էր, որ «Չեչնիայում տղամարդիկ միայն մեկ սեռական կողմնորոշում ունեն և դրա մասին վկայում են հանրապետությունում ծնելիության ամենաբարձր ցուցանիշները»: