Եկել է ժամանակը, որ ԼԳԲՏ անձանց այլևս չդասենք «և այլնի» շարքում. Աննա Նիկողոսյան

Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ երեկ «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» կազմակերպած համաժողովի օրակարգում առանձին ընդգրկված չէր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դրսևորումների վերաբերյալ որևէ հարց: Սակայն համաժողովին ներկա, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ մտահոգված մի խումբ քաղաքացիների առաջարկով համաժողովն անդրադարձավ նաև այդ խնդրին:

 

Այն բանից հետո, երբ հրավիրված բանախոսները ներկայացրին ազգային, կրոնական, գենդերային և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ իրենց խոսքն ու դիտարկումները, «Հասարակությունն առանց բռնության» հ/կ ծրագրերի տնօրեն Աննա Նիկողոսյանը, մեկնաբանելով բանախոսների ելույթները, նշեց, որ ինքն ակնկալում էր, որ գոնե գենդերային խտրականության մասին խոսելիս կանանց իրավունքներից բացի որևէ խոսք կլիներ Հայաստանում առավել շատ խտրական վերաբերմունքի բախվող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին:

 

«Այսօր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենաշատն են խտրական վերաբերմունքի հանդիպում, ըստ որում՝ ոչ միայն նրանց նկատմամբ է վերաբերմունքը բացասական, այլ նաև այն անձանց, որոնք մտահոգված են նրանց իրավունքների պաշտպանությամբ: Օրինակ՝ նրանց պաշտպանելու համար դուք ինձ կարող եք անվանել ազգի դավաճան, քանի որ դա պետական մակարդակով վիրավորանք չի համարվում»,- ասաց Նիկողոսյանը՝ նկատի ունենալով, որ դատարանն օրեր առաջ մերժել է 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի: Հիշեցնենք, որ թերթը քաղաքացիներին, այդ թվում՝ Նիկողոսյանին անվանել էր «ազգի դավաճան» միայն այն բանի համար, որ վերջիններս հարցեր էին ուղղել Ինգա և Անուշ Արշակյաններին:

 

Համագումարի մոդերատոր, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը խտրական վերաբերմունք չունի ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

 

«Ուղղակի մտածել ենք, որ մեծ խմբերը, որոնց նկատմամբ հասարակությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, կանայք են, հաշմանդամություն ունեցող անձինք, ազգային և կրոնական փոքրամասնությունները»,- ասաց Սարգսյանը:

 

Աննա Նիկողոսյանը նշեց, որ ԼԳԲՏ անձանց խնդիրներին առանձին և լրջորեն անդրադառնալու ժամանակն է:

 

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ ԼԳԲՏ անձանց այլևս չդասենք, այսպես ասած, «և այլնի» շարքում»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ քննարկման օրակարգում նշված էր, որ քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև գենդերային, ազգային, կրոնական և այլ խմբերի հանդեպ խտրական վերաբերմունքին:

 

Նշենք, որ համագումարի երկրորդ կեսին, ըստ օրակարգի, նախատեսված էր գենդերային, հաշմանդամություն ունեցող, կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեմայով առանձին, փոքր խմբերով քննարկումներ անցկացնել, ըստ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ուներ իր համակարգողը:

 

Իզեբելլա Սարգսյանն էլ Աննա Նիկողոսյանի դիտարկումներից հետո առաջարկեց ստեղծել ևս մեկ խումբ, որում կքննարկվեն ԼԳԲՏ անձանց խնդիրները, և հաշվի առնելով, որ նախօրոք չծրագրված նոր խումբը համակարգող չուներ, Սարգսյանը մնաց հենց ԼԳԲՏ-ների նկատմամբ խտրական վերաբերմունքով մտահոգված քաղաքացիների խմբում՝ որպես մոդերատոր:

 

Մինչ այդ ելույթ ունեցավ նաև «Նոր սերունդ» Մարդասիրական հ/կ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով իր խոսքում նշեց, որ հասարակական կազմակերպություններից մեկի կողմից վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 85 %-ը պատրաստ չէ պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները, քանի որ այդ կազմակերպությունները կարծում են, որ դրանով «կարատավորեն իրենց անունը»: