Եկել է Հայաստանում նույնասեռ հարաբերությունների իրավական ձևակերպման հարցը բարձրացնելու ժամանակը

Նույնասեռ հարաբերությունների իրավական ճանաչումն ունի հարաբերականորեն կարճ պատմություն: Այսպես, 1979-ին առաջին անգամ Նիդեռլանդներում նույնասեռ զույգերը ստացել են որոշ, խիստ սահմանափակ իրավունքներ, և միայն տասը տարի անց՝ 1989-ին Դանիայում ուժի մեջ է մտել այսպես կոչված «գրանցված զուգընկերների» մասին օրենքը, որի հիմնական հոդվածով սահմանված էր, որ նույն սեռի երկու անձինք կարող են գրանցել իրենց հարաբերությունները:

 

Այդպիսով ԼԳԲՏ անձինք Դանիայում առաջինն էին, որ ստացան նույնպիսի իրավունքներ, ինչ հետերոսեքսուալ ամուսինները՝ բացառությամբ երեխա որդեգրելու ու եկեղեցիներում ամուսնությունները գրանցելու իրավունքից:

 

1992-ին ԱՄՆ Կոլումբիայի շրջանում ուժի մեջ է մտել նույնասեռ զույգերի քաղաքացիական զուգընկերության ճանաչման օրենքը:

 

1993-ին Նորվեգիան, իսկ 1995-ին՝ Շվեդիան Դանիայի օրինակով ընդունում են «գրանցված զուգընկերների» մասին օրենք:

 

1996-ին նույատիպ օրենքներ են սկսում գործել Իսպանիայում ու Գրենլանդիայում, իսկ Նիդեռլադներում «գրանցված զուգընկերների» մասին օրենքն ուժի մեջ է մտնում 1998-ին:

 

Նույն Նիդեռլանդներում 2001-ին ուժի մեջ է մտնում նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը. այդպիսով Հոլանդիան դառնում է աշխարհում նման օրենք ընդունած առաջին երկիրը:

 

2003-ին նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքն ուժի մեջ է մտնում Բելգիայում, ապա 2005-ին՝ Իսպանիայում և Կանադայում, 2006-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, 2009-ին՝ Նորվեգիայում ու Շվեդիայում, 2010-ին՝ Պորտուգալիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, 2012-ին՝ Դանիայում, 2013-ին՝ Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուրուգվայում, Նոր Զելանդիայում, իսկ 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նաև Լյուքսեմբուրգում, 2016-ից՝ Ֆինլանդիայում:

 

Այսպիսով, այս պահի դրությամբ նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենք է գործում 15 պետությունում՝ չհաշված Լյուքսեմբուրգն ու Ֆինլանդիան:

 

Մի շարք պետություններում այս օրենքն ընդունված է ռեգիոնալ մակարդակում, այսինքն՝ ոչ ամբողջ պետության տարածքում: Այսպես, այս պահին Միացյալ Նահանգների 35 նահանգում և Կոլումբիայի շրջանում նույնասեռ ամուսնությունները գրանցվում են: Մեծ Բրիտանիայում Անգլիան և Ուելսը նույնասեռ ամուսնություններն օրինականացրել են 2013-ին, Շոտլանդիան՝ 2014-ին, իսկ Հյուսիսային Իռլանդիայում օրենսդիր մարմինը՝ Ասամբլեան այս տարի դեմ է քվեարկել ամուսնությունների օրինականացման մասին օրինագծին:

 

Այս պահին նույնասեռ այլ միություններ («գրանցված զուգընկերներ», «քաղաքացիական միություն») են օրինականացված Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Անդորրայում, Գերմանիայում, Գրենլանդիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովենիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Լիխտենշտեյնում, Խորվաթիայում, Էստոնիայում, իսկ նույնասեռ միությունները ոչ թե դե յուրե, այլ՝ դե ֆակտո ճանաչվում են Իսրայելում, Կոլումբիայում ու Էկվադորում:

 

2014-ին ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհի 77 պետություններում նույնասեռ հարաբերությունները քրեորեն հետապնդվում են, ընդ որում՝ դրանցից 7-ում՝ Իրան, Եմեն, Մավրիտանիա, Սաուդյան Արաբիա, Սուդան, Նիգերիա, Սոմալի, նույնասեռ հարաբերությունները կարող են հանգեցնել մահապատժի:

 

Մնացյալ 113 պետություններում նույնասեռ հարաբերություններն ապաքրեականացված են, այդ թվում՝ Հայաստանում: Ի դեպ, Հայաստանը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամ պետություններից վերջինն է, որ ապաքրեականացրել է նույնասեռ հարաբերությունները 2003-ին:

 

Թեև Հայաստանում նույնասեռ հարաբերություններն ապաքրեականացված են, սակայն ճանաչված չեն ո՛չ նույնասեռ ամուսնությունները, ո՛չ էլ առկա է «գրանցված զուգընկերներ» կամ «քաղաքացիական միություն» կարգավիճակին համապատասխան որևէ կարգավիճակ: Այսինքն՝ թեև երկրում նույնասեռ հարաբերությունները չեն հետապնդվում, սակայն դրանք որևէ կերպ չեն ճանաչվում:

 

Հայաստանում ԼԳԲՏ անձանց հարցն, այսպիսով, մնացել է «օդում կախված» վիճակում. մենք դուրս ենք եկել այն 77 պետությունների շարքից, որոնցում նույնասեռ հարաբերությունները քրեականացված են, բայց դեռևս չենք միացել ո՛չ այն 15 պետություններին, որոնք նույնասեռ ամուսնությունների մասին օրենք ունեն, ո՛չ էլ այն՝ թվով երկու տասնյակի հասնող պետություններին, որոնք որևէ իրավական կարգավիճակ են տվել նույնասեռ հարաբերություններին: Այսպիսով, Հայաստանն այն յոթ տասնյակից ավել պետությունների շարքում է, որոնցում նույնասեռ հարաբերությունների իրավական ձևակերպման հարցը մնացել է «օդում կախված»:

 

Այդ «անորոշ» պետությունների մի մասում նույնասեռ հարաբերությունների իրավական ձևակերպման հարցը հասարակական-քաղաքական օրակարգում է, ակտիվորեն քննարկվում և համապատասխան խմբերի կողմից իբրև պահանջ ձևակերպվում է, այսինքն՝ հասարակությունների ակտիվ հատվածների կողմից քայլեր են արվում իրենց պետություններն «անորոշ» կարգավիճակից դուրս բերելու համար: Պետությունների մյուս մասում, սակայն, խնդիրը ո՛չ միայն հանրային օրակարգի ու քննարկումների մաս չի դարձել, այլ չի էլ բարձրաձայնվում շահագրգիռ խմբերի կողմից, այսինքն՝ փորձ ու քայլեր էլ չեն արվում պետությունն «անորոշ» կարգավիճակից դուրս բերելու համար:

 

Ցավալին այն է, որ Հայաստանը հենց այս պետությունների շարքում է, և դա ունի ինչպես օբյեկտիվ՝ շահագրգիռ խմբերից անկախ, այնպես էլ՝ սուբյեկտիվ՝ այդ շահագրգիռ խմբերից կախված պատճառներ:

 

ԼԳԲՏ պատմության հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ երկրներում, որտեղ նույնասեռ հարաբերություններն այս կամ այն կերպ իրավական ձևակերպում են ստացել, դա տեղի է ունեցել շահագրգիռ խմբերի ու միավորումների ակտիվ, տևական պայքարի արդյունքում, որի ընթացքում էլ խոչընդոտներն ու պատճառները հերթով վերացվել են: Ազատություններն ու իրավունքները քաղաքացիներին հենց այնպես չեն տրվում, այլ նվաճվում են:

 

Անլուծելի խնդիրներ, պնդում են դասականները, չկան, չկան նաև անհաղթահարելի խոչընդոտներ. օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների հաղթահարման համար նախ անհրաժեշտ է այդ պատճառների վերհանում: Եկել է հարցը քննարկելու ժամանակը, և 2015-ն այս առումով պետք է դառնա շրջադարձային տարի, իսկ LGBTnews.am-ը կշարունակի հետևել հայաստանյան անցուդարձին՝ ընթերցողին ներկայացնելով դաշտում տեղի ունեցող իրադարձություններն՝ ընթերցողի հայեցողությանը թողնելով դրանց գնահատումը: