Ես լավ չեմ տրամադրված ԼԳԲՏ անձանց նկատմամբ. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անտեսել է ԵԽԽՎ պատվիրակների հորդորն ու իր գործընկերներին չի էլ փորձել բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից: Նա նաև չի պատրաստվում քննադատել նմանօրինակ ցանկացած դրսևորում, ինչպես նաև չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ համանման հորդորով ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ դիմել էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին ու Հայաստանի իշխանությանը, և LGBTnews.am-ը Բաղդասարյանից հետաքրքվել է, թե ինքը, որպես իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, իր գործընկերներից ում և ինչ է հորդորել: Ինչպես պարզվեց, Բաղդասարյանը կարծում է, որ իրեն նույնպես կարիք կա հորդորելու՝ գենդերային ինքնության հիմքով խտրականություն չդրսևորել:

 

«Ես կարծում եմ, որ դա ինձ էլ է վերաբերում, ինձ ևս պետք է հորդորեն, քանի որ ես նույնպես լավ չեմ տրամադրված ԼԳԲՏ անձանց նկատմամբ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Հարցին, թե Բաղդասարյանը, ընտրվելով պատգամավոր, դառնալով իշխող կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար, պարտավորություն չի՞ զգում պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների մի հատվածի իրավունքներն ու շահերը, վերջինս պատասխանեց.

 

«Ոչ, ոչ ես ինձ վրա նման պարտավորություն չեմ վերցնում»:

 

Բաղդասարյանին հիշեցրինք, որ Հայաստանը մի շարք միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի է միացել՝ պարտավորություն ստանձնելով պաշտպանել այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքները:

 

«Ես պարտավոր չեմ համաձայն լինել այն բոլոր փաստաթղթերի հետ, որոնք Հայաստանը ստորագրել է»,- արձագանքելով մեր դիտարկմանը՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանն, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերող միջազգային մի շարք կոնվենցիաների, 2008-ին՝ ՀՀԿ-ական իշխանության օրոք, ստորագրել է նաև ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին» հռչակագիրը, որի 3-րդ կետում ասված է, որ փաստաթուղթը ստորագրած երկրները «հաստատում են խտրականության բացառման սկզբունքը, որի համաձայն՝ մարդու իրավունքները հավասարապես վերաբերում են յուրաքանչյուր մարդու՝ անկախ սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից»: