Ես մշտապես լինելու եմ ձեր կողքին. Բան Կի Մունի ուղերձը՝ ԼԳԲՏ անձանց (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, ստանձնել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության արշավի ղեկավարումը:

 

Արշավի շրջանակներում պատրաստվել է տեսահոլովակ, որի վերջում հայտնվում է նաև Բան Կի Մունը. տեսահոլովակը համացանցում տարածվել է ՄԱԿ-ի պաշտոնական էջում:

 

Միջազգային օրվա կապակցությամբ ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Ես հարգում եմ մշակույթները, ավանդույթներն ու կրոնները, բայց դրանք չեն կարող արդարացնել հիմնարար իրավունքների մերժումը: Ես ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքների անդամներին ասում եմ՝ ես ձեզ հետ եմ: Ես խոստանում եմ, որ իբրև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` մշտապես դիմադրելու եմ ձեր դեմ հարվածներին և նպաստելու եմ ձեր նկատմամբ նորմալ վերաբերմունքի ձևավորմանը: Մեզանից յուրաքանչյուրն իրեն պետք է վիրավորված զգա, երբ մարդիկ տառապում են խտրականության, բռնության հետևանքով ու անգամ սպանվում են միայն այն բանի համար, որ ունեն այլ սեռական կողմնորոշում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է բարձրացնի իր ձայնը, երբ ինչ-որ մեկը ձերբակալվում է և բանտ նետվում այն բանի համար, թե ինչպես է ինքը սիրում կամ ինչ արտաքին ունի»:

 

Բան Կի Մունը նշել է, որ հոմոֆոբիան ժամանակակից աշխարհի ամենամեծ իրավապաշտպան խնդիրներից է: Նա նաև կրոնն ու ավանդույթներն իբրև հակափաստարկ բերողներին հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում այդ փաստարկներով էին արդարացվում ստրկությունը, բռնությունը, կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարումը: