Ես չեմ գործուղվել Ազգային ժողով, որ նույնասեռականների իրավունքները պաշտպանեմ. Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը տեղյակ չէ, որ ԵԽԽՎ-ի մի խումբ պատվիրակներ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հայտարարություն են ընդունել:

 

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ ասված է, որ «Հայաստանում իշխանությունները չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության դրսևորումը», ապա հայտարարությունն ընդունածները կոչ են արել «վեհաժողովում ՀՀ պատվիրակներին, հատկապես՝ ՀՀԿ-ական անդամներին, իրենց գործընկերներին հստակ բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից, իսկ Հայաստանի իշխանություններին՝ հորդորել անշեղորեն քննադատել նմանօրինակ ցանկացած դրսևորում և միջոցներ ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ»:

 

«Ես չգիտեմ՝ դուք ինչի մասին եք խոսում, ես ԵԽԽՎ-ին հետևում եմ, բայց այդպիսի բան չեմ իմացել, իսկ մեր պատվիրակներն ինձ բան չեն ասել»,- LGBTnews.am-ի հարցին՝ ի գիտություն ընդունե՞լ է ԵԽԽՎ պատվիրակների հայտարարությունը, պատասխանեց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:

 

Տիկին Աճեմյանից հետաքրքվեցինք, թե արդյոք ինքը՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, հետաքրքվա՞ծ է ԼԳԲՏ անձանց իրավունքներով, որպես պատգամավոր ի՞նչ քայլեր է պատրաստվում կատարել քաղաքացիների այդ հատվածի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, սակայն պարզվեց, ոչ Աճեմյանն այս ուղղությամբ ոչինչ էլ չի պատրաստվում անել:

 

«Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել, որովհետև ես չեմ լսել այն մասին, որ Հայաստանի որևէ քաղաքացու իրավունք խախտվել է: Ես դա առաջին անգամ ձեզնից եմ լսում: Խնդրում եմ՝ այդ հարցի վրա այդքան մի կենտրոնացեք, քանի որ, կրկնում եմ, ես չեմ կարծում, որ մեր երկրում մարդկանց իրավուքներն ու ազատությունները խախտվում են: Եթե դուք բոլոր հարցերում՝ խոսքի ազատության, մամուլի վիճակի առումով, համեմատեք մեր երկիրը Ադրբեջանի և Վրաստանի հետ, ապա կտեսնեք, որ Հայաստանն ազատ երկիր է»,- ասաց Աճեմյանը:

 

Դիտարկմանը, որ ԼԳԲՏ անձանց մի շարք սահմանադրական իրավունքներ, այնուամենայնիվ, Հայաստանում խախտվում են, Աճեմյանն արձագանքեց.

 

«Ես չհասկացա, ես չեմ գործուղվել Ազգային ժողով, որ նույնասեռականների իրավունքները պաշտպանեմ. մեզ այդ խնդրով որևէ մեկը չի դիմել, և մենք ոչինչ չենք արել: Հիմա դուք մի թեմա եք բարձրացնում, որը, չգիտեմ, թե որտեղից է առաջացել: Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք և զբաղվում ենք բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են մեր քաղաքացիներին և մեր ընտրողներին»:

 

Մեր մնացյալ հարցերին ի պատասխան պատգամավորը միայն պարբերաբար կրկնում էր, որ ինքը զրույցի թեմային ծանոթ չէ:

 

«Ես չեմ հականում, թե այս ի՞նչ խոսակցություն է: Դուք մի հարց եք բարձրացնում, որի մասին ես առաջին անգամ եմ լսում»,- շարունակ կրկնում էր Աճեմյանը, ինչից հետո նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի: