Ես չեմ լռում՝ հակաճառում եմ. «Քւիր մենախոսություններ»՝ Երևանում

Երեկ երևանյան ակումբներից մեկում մի խումբ կանայք բեմ էին բարձրացել՝ պատմելու իրենց, ոմանք էլ՝ ուրիշ անձանց քուիր պատմությունները: Մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն կազմակերպել էր «Քուիր մենախոսություններ» ներկայացումը:

Ինգա ու Անուշ Արշակյանների «Գութանը» երգի ելևէջների ներքո իրար հետևից բեմ ելնող քուիր, լեսբի, բիսեքսուալ, տրանս կանայք բեմում տարբեր ֆորմատի մենախոսություններով պատմում էին իրենց կյանքի պատմությունների, տարբերությունների,  դեռհասության, սեռահասունության, առաջին սիրահարվածության, առաջին սեռական փորձի, Հայաստանում լեսբի, բի, տրանս կամ ասեքսուալ լինելու դժվարությունների, դիմադրության ու շատ այն երևույթների, որոնց մասին հայաստանյան հասարակությունում սովորաբար լռում են:

«Քեզ լռեցնում են, -դու լռեցնում ես, -ես չեմ լռում (հակաճառում եմ), հակա-ճա-ռում: -Քեզ իշխում են,- դու իշխում ես, ես դիմադրում եմ (դի-մա-դրում եմ), – ո՞վ եմ ես, եթե չեմ ուզում լինել հարսիկ, տեղեր չկան ինձ համար, – ես միջակետ(եր), ես կետ.. կետ.. կետ…» ,- սա ներկայացման մասնակիցներից մեկի մենախոսությունից հատված է:

«Տեքստերը վաղուց էի գրել, կապված չէին մոնոլոգի հետ, սակայն կապված էին քուիր երևույթի հետ, խոսում են «քուիրության» մասին, դրանք ներկայացնում էին իմ դիրքորոշումը, թե ես ոնց եմ պատկերացնոմ աշխարհը, ոնց եմ պատկերացնում իմ դիմադրությունը, իմ կենսաձևը»,- նշում է նա:

Նա պատմում է, որ տեքստերից մեկը գրել է շատ բուռն զգացողություններով ու երևի դա էր պատճառը, որ բեմում մի պահ շփոթվեց. «Կարծում եմ, որ սխալությունը նույնպես շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ սխալվելը շատ նորմալ բան է, շատ մարդկային է, ու կարծում եմ` դա քուիր մարդկանց մտածողության մի մասն է, որ հետերոնորմատիվությունից, իդեալականությունից դուրս գան ու չմտածեն, որ սխալվելը դժբախտություն է»:

Նա կարծում է, որ քանի որ Հայաստանում շատ քչերը գիտեն քուիր երևույթի մասին, շատ կարևոր են նման միջոցառումները. «Մանավանդ սոցիալական ցանցերում շատ է հանդիպում քուիր եզրույթը, և կարծում եմ՝ արժե բացատրել, թե ինչքանով է այն կապված ԼԳԲՏ հարցերի հետ, ինչքանով է քաղաքական և ովքեր են քուիր մարդիկ, ինչ զգացողություններ են ունենում, ինչ կյանքով են ապրում»:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի նախագահ Լիդա Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման նպատակը լեսբի, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց տեսնալելության բարձրացումն է. «Քանի որ ԼԳԲՏ համայնքի ներսում լեսբի, բիսեքսուալ կանայք ու տրանսգենդեր անձիք մի քիչ ավելի քիչ տեսանելի են, ու իրենց հիմնախնդիրների մասին այս պահին ավելի շատ կարիք կա բարձրաձայնելու, որոշեցինք կազմակերպել «Քուիր մենախոսությունները», որը հենց լեսբի, բիսեքսուալ ու տրանս անձանց իրական պատմություններ էին: Նույնիսկ նրանք, որոնք մի քիչ ավելի գեղարվեստական էին ներկայացված, իրակական պատմություններ էին»:

Ըստ Լիդա Մինասյանի՝ «Քուիր մենախոսություններ»-ը քուիր անձանց հիմնախնդիրների, դժվարությունների ու հաջողությունների, կյանքի առօրեական դրվագների մասին փորձի փոխանակում է. «Քանի որ մեր IDAHOT շաբաթվա կարգախոսը «Մենք կապված ենք»-ն է, հիմնական ուղերձն այն է, որ բոլորս հասարակությունում կապված ենք միմյանց հետ ու մարդկանց կողքին ենք, գուցե ոմանք չեն ճանաչում մեզ, չգիտեն մեր մասին, բայց մենք կանք»:

«Ես տրանս եմ ծնվել, ծնվել եմ սխալ մարմնում, երազում եմ վիրահատվել ու ապրել որպես կին»,- իր մենախոսությունն այսպես սկսեց ներկայացման մասնակիցներից մյուսը՝ հուզված խոսելով Հայաստանում որպես տրանսսեքսուալ կին ապրելու իր փորձի ու դժվարությունների, երբեմն կյանքին ուղղված սպառնալիքով ապրելու մասին:

«Շատ դժվար է բեմից ներկայացնել այն, ինչ մարդիկ սովորաբար բացասաբար են ընդունում ու վատ են տրամադրված: Կուզեի մարդկանց ավելի շատ փոխանցել երևույթի էմոցիոնալ ու հոգեկան մասը, քան այն, ինչ մարդիկ արտաքինից են տեսնում, դրա համար ուզում էի մարդկանց ներկայացնել այն, ինչ ապրում եմ ու զգում եմ»,- LGBTnews-ի հետ զրույցում ասաց նա: