Ես չեմ ցանկանում, որ ԼԳԲՏ անձինք ու նրանց սատարողներն օգնեն իմ կուսակցությանը. Սուքիաս Ավետիսյան

LGBTnews.am-ը շարունակում է Ազգային ժողովի պատգանավորների հետ բլից հարցազրույցների շարքը՝ պարզելու համար ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ պատգամավորների դիրքորոշումներն ու ծրագրերը: Այս անգամ զրուցել ենք Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

 

 

– Պարո՛ն Ավետիսյան, ԵԽԽՎ-ի մի քանի պատվիրակներ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որում նշված է, որ «Հայաստանում իշխանությունները չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության դրսևորումը: Պատվիրակները «վեհաժողովում ՀՀ պատվիրակներին կոչ են արել, իրենց գործընկերներին հստակ բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից, իսկ Հայաստանի իշխանություններին՝ հորդորել անշեղորեն քննադատել նմանօրինակ ցանկացած դրսևորում և միջոցներ ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ»: Պատրաստվո՞ւմ եք հետևել ԵԽԽՎ պատվիրակների կոչին:

 

– Կներեք, բայց ես չեմ հասկանում՝ ինչ քայլեր պիտի ձեռնարկվի: Չմոռանանք, որ մենք քրիստոնյա ենք, մենք հայ ենք, և երևի մեր ազգի գերակշիռ մասը նման մարդկանց չի ընդունում: Հետևաբար ինչպե՞ս եք պատկերացնում. Հանրապետական կուսակցությունը կամ իշխանությունները պետք է ազգին համոզեն, որ այդ մարդկանց սիրեն ու ընդունե՞ն: Դա անհասկանալի բան է: Ով ընդունում է՝ ընդունում է, ով ատում է՝ ատում է: Ես չեմ հասկանում, թե մենք ինչո՞ւ ենք այսքան ծանր տանում այդ անձանց նկատմամբ քննադատական խոսքը: Դա մարդու իրավունքի ոտնահարում չէ: Նույնասեռական անձինք ունեն իրենց իրավունքները, և կան մարդիկ, որոնք նրանց չեն ընդունում, և դա էլ իրենց իրավունքն է, ուստի նույնասեռականներին չընդունող մարդիկ էլ իրենց իրավունքերն են պաշտպանում, քանի որ չեն ցանակնում, որ իրենց շրջապատում նման մարդիկ ակտիվանան կամ ավելի շատ իրավունքներ ունենան:

 

– Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ է նշանակում «ավելի շատ իրավունքներ ունենան», երբ ՀՀ Սահմանադրությունը հավասար իրավունքներ է սահմանում ՀՀ բոլոր քաղաքացիների համար, այնինչ ԼԳԲՏ անձանց անգամ շատ տարրական իրավունքները Հայաստանում ոտնահարված են:

 

– Գիտե՞ք, իրավունքների հետ միշտ պետք է հիշել նաև պարտականությունները, այսինքն՝ ես պարտավոր չեմ իմ կողքին տեսնել միասեռական, ես նրան չեմ ընդունում, և դա իմ իրավունքն է:

 

– Նկատի ունեք՝ որպես պետական գործիչ դուք պատրավոր չե՞ք ձեր կողքին հանդուրժել նույնասեռական անձանց :

 

– Ոչ, որպես քաղաքացի:

 

– Իսկ որպես պետական գործի՞չ:

 

– Կապ չունի: Ես առաջին հերթին հայ եմ, ընտանիքի հայր, և չեմ ցանկանում իմ կողքին տեսնել այդ մարդկանց, դա իմ իրավունքն է:

 

– Մտավախություն չունե՞ք, որ նման դիրքորոշում ունենալով՝ ընտրազանգված կկորցնեք. չէ՞ որ ձեզ ընտրողների շրջանում կարող են լինել նաև ԼԳԲՏ անձինք, ինչպես նաև անձինք, որոնք զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ:

 

– Ես չեմ ցանկանում, որ ԼԳԲՏ անձինք ու նրանց սատարողներն օգնեն իմ կուսակցությանը: