Ես պահպանողական եմ, ինձ այդ հարցերով մի՛ դիմեք. ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյան

Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

Ըստ թերթի հայտնած տեղեկության՝ Մուրադյանը նախատեսել է ձեռնարկը բաշխել դպրոցներին, սակայն Վերահսկիչ պալատն, ուսումնասիրելով Կրթության և գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, պարզել է, որ ի թիվս այլոց՝ Ռուզաննա Մուրադյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել, որի միջոցներով տպել են վերը նշված բովանդակությամբ բրոշյուրները, ինչից հետո նախարարությունն արգելել է այդ բրոշյուրները տպարանից դուրս հանել ու բաշխել դպրոցներին:

Թերթի հետ զրույցում, սակայն, Մուրադյանը նշել է, թե ինքն առաջին անգամ է լսում այդ պատմության մասին:

LGBTnews-ը փորձեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից պարզել, թե ինչ հասարակական կազմակերպության մասին է խոսքը և ինչ առնչություն ունի նա այս պատմության հետ: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ պատգամավորը միայն նշեց, որ ինքը վաղուց  «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության նախագահը չէ:

Նշենք, որ Մուրադյանը նախկինում LGBTnews-ի հետ զրույցում ասել էր, թե ինքը ԼԳԲՏԻ անձանց իրավունքները մարդու իրավունք չի համարում: Մուրադյանը նշել էր, թե «չի կարելի դեմ գնալ այն բանին, ինչ բնությունն է ստեղծում ու Աստված»:

«Ամեն մարդ ինքն է ընտրում իր նախասիրությունները, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, բայց դեմ եմ այդ սկզբունքին»,- ասել էր Մուրդայանը:

Նույնասեռականությունը սկզբունք կամ նախասիրություն համարող պատգամավորն այդ ժամանակ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, այժմ Ազգային ժողովում ներկայացված է միայն Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Մենք փորձեցինք կապվել պատգամավորի նշած «Կրթություն առանց սահմանի» կազմակերպության հետ`պարզելու ինչպես Ռուզաննա Մուրադյանի առնչությունը կազմակերպության հետ, այնպես էլ պարզաբանում ստանալու`արդյոք վերը նշված բրոշյուրների պատմությունը համապատախանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ի՞նչ քայլեր է պատրաստվում կատարել կազմակերպությունն իր նպատակն իրականացնելու և բրոշյուրները դպրոցներին հատկացնելու ուղղությամբ:

Կազմակերպությունից մեզ խոստացան ավելի ուշ պատասխանել հարցերին, սակայն այլևս հնարավոր չեղավ կապվել հ/կ-ի որևէ անդամի հետ:

«Ժողովուրդ» թերթի հրապարակումն ու Ռուզաննա Մուրադյանի`նախկինում LGBTnews-ի հետ զրույցում ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ հնչեցրած կարծիքն առիթ տվեց, որ պատգամավորից ևս մեկ անգամ փորձենք ճշտել՝ արդյոք նա շարունակո՞ւմ է ԼԳԲՏԻ անձանց իրավունքները մարդու իրավունք չհամարել, թե՞ փոխել է իր մոտեցումները: Մուրադյանը խուսափեց պատասխանել մեր հարցին՝ նշելով, թե ինքն «այս թեմայով որևէ մեկնաբանություն չի տալիս»: Փորձեցինք պարզել, թե ինչու է պատգամավորը խուսափում հարցից:

«Ես պահպանողական եմ, ինձ այդ հարցերով մի՛ դիմեք»,- միայն ասաց Մուրադյանը: