ԵՄ դատարանն արգելել է սեռական կողմնորոշումը ստուգելու նպատակով նույնասեռական փախստականներին փորձարկումների ենթարկել

Եվրամիության դատարանը որոշել է, որ Եվրամիության երկրներում ապաստանի հայցողները չպետք է հոգեբանական ստուգումների ենթարկվեն՝ նրանց սեռական կողմնորոշումը որոշելու համար, գրում է BBC-ին:

Եվրամիության որոշ երկրների միգրացիոն ծառայությունները որոշակի դեպքերում կիրառել են նման թեստեր՝ ապաստան տրամադրելու որոշում կայացնելու համար:

Դատական վարույթի համար առիթ է դարձել Հունգարիայի կառավարության դեմ ներկայացրած՝ Նիգերիայի քաղաքացու հայցը:  2015-ի ապրիլին նա Հունգարիայում ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել: Տղամարդը պնդում էր, որ հայրենիքում վախենում է սեռական կողմնորոշման համար հետապնդումներից: Հունգարիայի միգրացիոն ծառայությունները հոգեբանական թեստեր են անցկացրել և որոշել, որ նիգերիացին նույնասեռական չէ և այդ հիմքով մերժել նրան ապաստան տրամադրել:

ԵՄ դատարանի որոշումը տարածվում է Եվրամիության բոլոր 28 երկրների վրա, ուստի այժմ հունգարական Սեգեդ քաղաքի դատարանը պետք է վերանայի նիգերիացի ներգաղթյալի գործը՝ հաշվի առելով սույն որոշումը:

Ինչպես ասվում է Եվրամիության դատարանի որոշման մեջ, նման դեպքերում սեռական կողմնորոշումը որոշելու համար կարող են օգտակար լինել «փորձաքննության որոշակի ձևեր», սակայն դատարանը հավելում է, որ կիրառված թեստերը խախտում են ապաստան հայցողների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Որոշման մեջ նաև ասվում է, որ Եվրոպական Միության երկրների իշխանությունները պետք է փնտրեն հայցողների պնդումների ճշմարտացիությունը ստուգելու ուղիներ:

ԵՄ դատարանը 2014-ի դեկտեմբերին արդեն որոշում էր կայացրել Նիդեռլանդներում ապաստան տրամադրելու գործի վերաբերյալ: Դատարանն այն ժամանակ որոշել էր, որ սեռական կողմնորոշումը որոշելու համար թեստերի անցկացումը խախտում է ապաստան հայցողների իրավունքները:

2013-ին ԵՄ դատարանը որոշել էր, որ Եվրոպական Միության երկրներում կարող են ապաստան ստանալ այն նույնասեռական անձիք, որոնք իրենց հայրենիքում զրկված են եղել ազատություններից՝ իրենց սեռական կողմնորոշման պատճառով:

Եվրամիության հիմնարար իրավունքների հարցերով ծառայության տվյալներով՝ Եվրոպայում ավելի հաճախ ապաստան են փնտրում փախստականներ Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից ու Չեչնիայից: