Եվրախորհրդարանը նույնասեռականների «բուժումը» դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանն 435 կողմ և 109 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել, որը դատապարտում է նույնասեռականներին «բուժելու», այլ կերպ՝ այսպես կոչված «կոնվերսիոն թերապիայի» պրակտիկան:

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին օրենսդրությամբ արգելել նման պրակտիկայի կիրառումը։

«Եվրոպական խորհրդարանը ողջունում է այն նախաձեռնությունները, որոնք արգելում են «կոնվերսիոն թերապիայի» կիրառումը, ինչպես նաև տրանսգենդերությունը պաթոլոգիա համարելու փորձերը և կոչ է անում ԵՄ անդամ բոլոր պետություններին նախաձեռնել մարդկանց գենդերային ինքնության իրավունքը հարգող և օժանդակող միջոցառումներ», – ասվում է բանաձևում:

Սա առաջին անգամն է, որ ԵՄ-ն դատապարտում է նմանատիպ պրակտիկան, որը բավական տարածված էր նախկինում, իսկ վերջին տարիներին քննադատվում է փորձագետների կողմից և նույնիսկ արգելվել է որոշ երկրներում, այդ թվում՝ Մալթայում, ԱՄՆ 9 նահանգներում, ինչպես նաև Ավստրալիայում։

Փաստաթղթի այլ հավելվածներում խոսվում է նույնասեռական զույգերի և նրանց ընտանիքների ազատ տեղաշարժվելու ազատությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, դատապարտվում է ցանկացած խտրականությունը նրանց դեմ և խորհուրդ է տրվում դպրոցներում ներառել հանդուրժողականության արժեքները խրախուսող առարկայական դասընթացներ։