«Եվրատեսիլ»-ի նորվեգացի մասնակից Թուջին հանրայնացրել է իր սեռական կողմնորոշումը՝ սկանդալային տեսահոլովակ նկարահանելով

«Եվրատեսիլ 2012» մրցույթում Նորվեգիան ներկայացնող երգիչ Թուջին (Tooji) իր “The Father Project” երգի տեսահոլովակում հանրայնացրել է իր սեռական կողմնորոշումը, գրում է The Local-ը:

 

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի եկեղեցիներից մեկում նկարահանված տեսահոլովակը սուր քննադատության է ենթարկվել եպիսկոպոս Օլե Քրիստիան Քվարմեի կողմից: Հոլովակում Թուջին եկեղեցու այցելուների աչքի առաջ կենակցում է մի հոգևորականի հետ:

 

Օսլոյի եպիսկոպոսը հայտարարել է, որ տեսահոլովակի պրոդյուսերները մոլորության մեջ են գցել եկեղեցու աշխատակիցներին՝ «այդ բացարձակ անընդունելի տեսահոլովակի նկարահանման թույլտվություն ստանալիս»:

 

The Local-ին տված հարցազրույցում Թուջին, մեկնաբանելով տեսահոլովակը, ասել է. «Այդ երգն ու տեսանյութը մի մարդու մասին է, որ փախչում է ինքն իրենից՝ չհամակերպվելով սեփական էության հետ: Եվ, այո՛, եթե Աստված ամենուր է և ամենքի ներսում, ուրեմն այդ մարդը ժխտում է նաև Աստծուն… Ես ցանկանում էի ցույց տալ, որ նույն սեռի երկու մարդու սերը չափազանց երկար է արգելվել կրոնի կողմից»:

 

Թուջին պատմել է, որ ծնողներն իրեն Իրանից Նորվեգիա են տեղափոխել, երբ ինքը մեկ տարեկան էր, և այդ իսկ պատճառով այդ տեսահոլովակը նվիրված է Իրանում բնակվող ԼԳԲՏ անձանց խնդիրներին, որոնց նկատմամբ բռնություններն իրականացվում են տեղի հոգևորականների օրհնությամբ:

 

«Եկել է ժամանակը հայտարարելու, որ մարդու իրավունքները կրոնական համոզմունքներից կարևոր են: Ես գեյ եմ ու պատրաստ եմ պայքարել իմ իրավունքների համար, ահա թե ինչու եմ ես նկարահանել այդ տեսահոլովակը»,- ասել է երգիչը: