Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում ճանաչել նույնասեռ միությունները

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ԵԽ անդամ երկրներին կոչ է արել «քննարկել գրանցված միությունների ռեժիմի տարածումը նույնասեռ զույգերի վրա»:  

Մարդու իրավունքների հանձնակատարը նշում է, որ այսօր աշխարհի 47 երկրներ այս կամ այն կերպ իրավաբանորեն ընդունում են նույնասեռ զույգերի միությունները:

 «Դրանց մեծ մասը՝ 27-ը, ԵԽ անդամ երկրներ են: Նույնասեռ կապերն աշխարհում առաջինը սկսել են գրանցել Դանիայում՝ 1989-ին, իսկ 2001-ին  Նիդեռլանդներում նույնասեռ զույգերին առաջին անգամ հնարավորություն տրվեց լիարժեք ամուսնություններ գրանցել»,- ասել է Մույժնիեկսը:

«Ամենաշատ տարակարծությունները, կարծես թե, կենտրոնացած են «ամուսնություն» հասկացության շուրջ, սակայն նույնասեռ ամուսնությունների ճանաչման դեմ բերվող փաստարկները հաճախ ի հայտ են բերում գեյերի ու լեսբիների դեմ խորն արմատավորված հոմոֆոբիա և խտրականություն:

Եվրոպայի խորհրդի անդամ շատ պետություններ նման զույգերին իրենց հարաբերությունները կնքելու որևէ իրավական հնարավորություն դեռևս չեն տալիս, ինչը զգալի բացասական հետևանքներ է ունենում այդ մարդկանց և նրանց հարազատների համար»,- գրում է Մույժնիեկսը:

Եվրոպայի խորհրդի մեջ մտնող 20 պետությունները, որոնք մինչ օրս նույնասեռ զույգերի համար որևէ իրավական ճանաչում չեն ապահովել, ըստ Մույժնիեկսի, պետք է առնվազն «գրանցված միությունների»  ինստիտուտի ներմուծման  օրենքներ ընդունեն:

Նշենք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է 2001-ից և կազմակերպության անդամ հանդիսացող այն պետություններից է, որոնք չեն օրինականացրել ո՛չ նույնասեռ ամուսնությունները, ո՛չ էլ միությունները։