Երջանկությունը բարձրագույն արժեք է, որին կարելի է հասնել միայն պայքարի միջոցով. Դավիթ Հովհաննիսյան

LGBTnews-ը շարունակում է հասարակական միավորների անդամների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցն է «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ»-ի ներկայացուցիչ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ ձևավորված «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

– Դավի՛թ, որքանո՞վ են Հայաստանում գործող օրենքները ԼԳԲՏԻ անձանց թույլ տալիս իրացնել իրենց իրավունքները: Արդյոք ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանի մյուս քաղաքացիների հետ հավասար hնարավորություններ ունե՞ն:

– Հայաստանի քաղաքացիներն, իհարկե, չեն կարողանում իրացնել նույնիսկ օրենքներով ամրագրված իրավունքները, առաջին հերթին՝ ընտրելու և իշխանություն ձևավորելու իրենց սահմանադրական իրավունքը, իսկ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների առումով գործ ունենք նաև խտրական օրենսդրության հետ: Նրանք հնարավորություն չունեն ամուսնանալու, ընտանիք կազմելու, չեն կարողանում ազատորեն տարածել իրենց գաղափարները: Խտրականությունը, հալածանքները և նույնիսկ բռնությունը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ սովորական երևույթ են Հայաստանում: Նրանք խտրականության են ենթարկվում աշխատավայրում, դպրոցում, լրատվամիջոցներով, և պետությունը ոչինչ չի ձեռնարկում խտրականության վերացման ուղղությամբ: Պետությունը պետք է սկսեր դպրոցից՝ բացատրելով երեխաներին, որ բոլորն, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, մարդ են, որ ունեն սիրելու և երջանիկ լինելու հավասար իրավունք, բայց այսօրվա իշխանությունը ոչ միայն դա չի անում, այլև, ինչպես տեսնում ենք,  քաղաքապետարանի մակարդակով, օրինակ, արվում է հակառակը՝ խտրական վերաբերմունք է դրսևորվում և արգելվում է հանդուրժողականության քարոզը:

Քաղաքապետարանի մի ոչ ադեկվատ պաշտոնյա էլ կոչ էր անում չխոսել այս արգելքի մասին, որ այս թեման չտարածվի: Այդ մարդն, ինչպես նաև իր ղեկավարները, դեռ չեն ըմբռնել, որ մենք արդեն 25 տարի է՝ անկախ պետություն ենք, սովետական չարիքի կայսրությունը չկա այլևս, և պաշտոնյան չի թելադրելու, թե մարդիկ ինչ թեմա քննարկեն և ինչ չքննարկեն, իսկ պատմությունը հիշելու է ոչ թե իր նման անդեմ չինովնիկներին, այլ մարդկանց, ովքեր պայքարում են իրավունքների ու ազատությունների համար:

– Հայաստանը մի շարք միջազգային փաստաթղթերի է միացել`պարտավորություն ստանձնելով ապահովել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացումը: LGBTnews-ը հարցազրույցների շարք է հրապարակում նաև քաղաքական գործիչների, Ազգային ժողովի պատգամավորների հետ, որոնց մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Ստեղծված պայմաններում՝ նման քաղաքական վերնախավ ունենալով,  ինչպե՞ս պիտի Հայաստանը կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները: 

– Բայց ինչպե՞ս կարող էր հակառակը լիներ, եթե այս իշխանության համար հանդուրժողականությունը, ազատությունը, մարդու իրավունքները խորթ հասկացություններ են, իսկ բռնությամբ իշխելը՝ հավատամք և կենսակերպ: Սրանք բոլորն իրար հետ փոխկապակցված են: Չի կարող այնպես պատահել, որ բռնությամբ գաս իշխանության, իսկ հետո մտահոգվես քո քաղաքացիների իրավունքների իրացման, խտրականության չենթարկման մասին: Բռնությամբ իշխանության եկածին մտահոգում է միայն իր իշխանության պահպանումն ու վերարտադրությունը, իսկ ինչքան շատ ատելության քարոզ անես, հասարակությանը խմբերի բաժանես և իրար դեմ տրամադրես, քո հարուցած իրական խնդիրներից քննարկումների թիրախը շեղես՝ այնքան ավելի հեշտ կիրականացնես քո այդ խնդիրը:

– ԼԳԲՏԻ անձանց՝ մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքների իրացման հնարավորություն Հայաստանում ո՞ր դեպքում կունենանք:

– Դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում կձևավորվի համամարդկային արժեքներով կառավարող ժողովրդավարական իշխանություն, որի համար բարձրագույն արժեքը մարդն է, որի հավատամքը կլինի մարդու իրավունքը և ազատությունը, որն իր առջև խնդիր կդնի հասարակության համընդհանուր բարեկեցությունը և երջանկությունը:

– Հայաստանում որոշ խմբերի շրջանում ձևավորված կարծիք կա, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների անբարենպաստ վիճակի համար մեղքի իրենց բաժինն ունեն նաև իրենք՝ ԼԳԲՏԻ մարդիկ: Դուք ի՞նչ եք կարծում սրա վերաբերյալ:

– Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ բռնության կամ բռնաբարության ենթարկվող կնոջ պարագային մեղավորը ոչ միայն բռնաբարողն է, այլև կինը: Հիշո՞ւմ եք՝ ոստիկանությունը նույնիսկ մի ժամանակ այդպիսի նյութեր էր տարածում՝ կոչ անելով կանանց կարճ չհագնվել կամ ուշ ժամերին փողոցում չքայլել: Վերջին տարիներին պետությունը, թողնելով նույնը կրթության, գիտության, բանակի, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսական հատկացումները, կրկնապատկել է ոստիկանության բյուջեն, և այդքանից հետո ոստիկանությունն իր անկարողությունը փորձում է բարդել բռնության զոհերի վրա, որովհետև իրականում այդ գումարները ծախսվել են բացառապես մի նպատակի վրա՝ պաշտպանել իշխանությանը ցուցարարներից և պատժել բոլորին, ովքեր ինչ-որ վտանգ են ներկայացնում իշխանության խաղաղ և հավերժ գոյության համար:

– Եթե պետությունը քայլեր ձեռնարկի, որ ԼԳԲՏԻ անձինք կարողանան իրացնել իրենց իրավունքները, հասարակության արձագանքն ինչպիսի՞ն կլինի:

– Իշխանությունն ինքը՝ իր քարոզչական գործիքներով, գումարած օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներին, ամեն ինչ արել է ԼԳԲՏԻ անձնանց հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ և ի տարբերություն, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի կամ սահմանների անվտանգության ապահովման գործի՝ հասել է հաջողության: Իսկ հակառակ արդյունք ստանալու համար իշխանությունը պետք է անի հակառակ քարոզչությունը՝ սկսելով դպրոցներից և շարունակելով մյուս ոլորտներում՝ խրախուսելով հանդուրժողականության, բազմազանության, մարդու իրավունքների քարոզը: Իսկ քանի որ այսօր չունենք այդպիսի իշխանություն, որ կարող է և ուզում է զբաղվել իրավունքների քարոզով, այդ գործը պետք է անի քաղաքացիական հասարակությունը:

– Հայաստանում հակախտրական օրինագիծ է մշակվում: Ըստ ձեզ՝ դրանում պե՞տք է ընդգծվի գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության արգելքը:

– Իհարկե պետք է արգելվի: Դրան հասնելու համար խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպությունները պետք է ուղիղ կապ պահպանեն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և պատգամավորների հետ՝ որքան էլ նրանց համարեն չընտրված և հետադեմ: Այսօր, ցավոք, այդ մարդիկ են օրենքներ ընդունում: Այս առումով հ/կ դաշտը ներկայացնող կառույցները պասիվ են:

– Ի՞նչ ուղերձ ունեք ԼԳԲՏԻ անձանց և հասարակությանը:

– Պայքարե՛ք ձեր իրավունքների համար, պայքարե՛ք Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների համար. մեկը մյուսից անկախ չէ: Հիշե՛ք, որ խտրականության նմանատիպ խնդիրներ եղել են աշխարհի բոլոր երկրներում, բայց հասարակությունները հասել են հաջողության ժողովրդավարական պետություններում, որտեղ հարգվում են բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Դուք այս հասարակության մի մա՛սն եք, և հասարակության խնդիրները ձեր խնդիրներն են, իսկ ձեր խնդիրները հասարակության խնդիրներն են: Երբեք մի՛ հուսահատվեք, այս խնդիրներն աշխարհի ոչ մի երկրում միանգամից չեն լուծվել: Ժամանակին պայքարի նույն հորձանուտով անցել են կանանց խնդիրների համար պայքարողները, սևականների ազատության համար պայքարողները, և կգա մի օր, որ մարդիկ այլևս չեն էլ հիշի՝ ինչ խնդիրներ են ունեցել ԼԳԲՏԻ անձինք:

Երջանկությունը բարձրագույն արժեք է, որին կարելի է հասնել միայն պայքարի միջոցով: