Երևանի ավագանու անդամը հարձակվել է «Իրավունքի կողմ» հ/կ-ի գրասենյակի վրա

Նախօրեին ուշ երեկոյան «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Հաղորդման համար, ըստ հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի, հիմք է եղել կազմակերպության շահառուների և կազմակերպության շենքում ապրող բնակիչներից մեկի վիճաբանությունը:

«Բնակելի շենքի առաջին հարկում մեր գրասենյակն է, ու նույն շենքի չորրորդ հարկում բնակվում է Երևանի ավագանու մի անդամ՝ Նաիրա Նահապետյանը, որն աշխատում է քաղաքապետարանում: Դեպքը տեղի է ունենում այսպես. ինքն ու ենթադրաբար իր ամուսինը երբ շենք են մտնում, որպեսզի բարձրանան իրենց տուն՝ մեր կազմակերպության շահառուները մեր գրասենյակից հանգիստ դուրս գալիս են լինում: Այդ կինը սկսում է նրանց «կպնել», հարցնում է`դուք որտեղի՞ց եք, ինչո՞ւ եք  գնում-գալիս, ասում է`դուք էս օֆիսը դարձրել եք բարդակ»,- LGBTnews-ին պատմեց Մարտիրոսյանն ու նշեց, որ դրանից հետո իրենց կազմակերպության շահառուները կնոջն առաջարկել են բարձրանալ իրենց գրասենյակ և զրուցել տնօրենի հետ:

«Այս կինը եկավ, հրեց դուռն ու ներկայանալով որպես քաղաքապետարանի աշխատող՝ ասաց, որ կփակի մեր գրասենյակը, քանի որ մենք իր հանգիստը խանգարում ենք: Ապա ինձնից փաստաթղթեր էր պահանջում, ցանկանում էր իմանալ՝ արդյոք ես իրավասու եմ այս կազմակերպությունն ունենալ, արդյոք հարկեր ու կոմունալներ վճարում եմ, ապա ամուսինը հարձակվեց մեր կազմակերպության շահառուների վրա ու ծեծի ենթարկեց»,-ասաց Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ միջադեպի հետևանքով ինքը սթրեսի է ենթարկվել, իսկ իրենց հ/կ-ի շահառուներից մեկի ճկույթը «դուրս է ընկել»:

Ըստ Մարտիրոսյանի՝ Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացրած իրենց հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, մինչդեռ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից LGBTnews-ին հայտնեցին, որ հաղորդման հիման վրա դեռևս հետաքննություն է իրականացվում, նշանակվել են փորձաքննություններ, այսինքն՝ այս պահին դեռևս քրեական գործ հարուցված չէ:

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են քաղաքապետարանին և այլ մարմիններին զգուշացնել, որ պաշտոնի չարաշահում է տեղի ունեցել՝ հաշվի առնելով, որ սպառնացել են փակել իրենց կազմակերպությունը: Ի դեպ, Նաիրա Նահապետյանը Երևանի ավագանու անդամ է դարձել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով: Նա հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ ելույթ ունենալով ՀՀԿ-ի հավաքին. Նահապետյանի ելույթը զվարճացրել էր Facebook սոցցանցի օգտատերերերին: