Երևանում հարձակման են ենթարկվել ԼԳԲՏ ակտիվիստներ. past.am

Փետրվարի 15-ի երեկոյան` ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ 3 անձանց կողմից ծեծի են ենթարկվել LGBT ակտիվիստներ, որոնցից երկուսը աղջիկ, երկուսը տղա, մեկն էլ տրանսգենդեր կին, գրում է Past.am-ը: 

 

Երեկոյան երիտասարդների խումբը զբոսնելիս է եղել Երևանի Մոսկովյան փողոցի վրա, անծանոթ երեք տղաներ մոտեցել են նրանց, բարձրաձայն հայհոյել և անմիջապես հարվածել տղաներից մեկին: Ծեծվող տղային փորձել են օգնել իր ընկերները, սակայն նույնպես ենթարկվել են ծեծի: Ծեծող երիտասարդները ծաղրել են ծեծվող երիտասարդին արտաքին տեսքի համար, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ ենթադրելով, որ տղան նույնասեռական է: 

 

Դեպքից հետո բռնության ենթարկվածները Թումանյանի արձանը տարածքը հսկող պարետային ոստիկանին հայտնել են կատարվածի մասին, իսկ երեկ առավել շատ տուժած երիտասարդը դիմել է բժշկի, ցույց տվել վնասածքները և կատարվածի վերաբերյալ դիմում ներկայացրել ոստիկանություն, որտեղ դիմումին ընթացք են տվել: 

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հարձակման ենթարկվածներից մեկը «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Pink Armenia) հ/կ-ից է, որտեղից հաստատեցին միջադեպի մասին լրատվամիջոցին հասած տեղեկությունները: