Երևանում ներկայացվեց ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ռազմավարությունը

Հայաստանի հասարակության մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Այս մասին այսօր` «Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման համապարփակ ռազմավարության» շնորհանդեսի ժամանակ, ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղաջանովը:

Ծրագիրը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի գրասենյակի, «Հասարակություն առանց բռնության» և Pink Armenia հ/կ-ների, ինչպես նաև այլ շահառուների  համատեղ աշխատանքի արդյունքն է, ֆինասնավորվել է Եվրամիության կողմից:

Այսօրվա միջոցառմանը ներկա էին Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի «Համերաշխության ցանց՝ ԼԳԲՏԻ անձանց համար Հայաստանում և Վրաստանում» եռամյա ծրագիրի կոորդինատոր Անա Նեմսիցվերիձեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Լինե Ուրբան, փորձագետ Գաբրիել Արմաս-Կարդոնան, Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը, Գերմանիայի դեսպանը և այլոք:

Ծրագրի շրջանակներում «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն կատարել է «ԼԳԲՏ անհատների և մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում», իսկ Pink Armenia-ն՝ «Նախապաշարումներից հավասարություն. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն» հետազոտությունները, որոնց արդյունքների հիման վրա մշակվել է ռազմավարությունը՝  ուղղված Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և չարաշահումների դեմ պայքարին։

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի ներկայացուցիչ Լիդա Մինասյանը նեկայացրեց «ԼԳԲՏ անհատների և մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» հետազոտության արդյունքները՝ նշելով ՀՀ օրենսդրության այն բացերը, որոնք պատճառով հնարավոր է դառնում խտրական վերաբերմունքի ցուցաբերումը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Մինասյանը շեշտեց, որ իրենց ռազմավարության մաս է կազմում հետևողական լինելն այն հարցում, որ Հայաստանում այժմ մշակվող «Խտրականության դեմ» օրենքում հստակ ձևաակերպված լինի, որ արգելվում է խտրականությունը՝ պայմանավորված գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշմամբ:

«Նախապաշարումներից հավասարություն. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն» հետազոտությունը Pink-ն անցկացրել է 2015-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղաջանովի խոսքով՝ հետազոտությունն անցկացվել է Հայաստանի ամբողջ տարածքում և դրան մասնակցել են պատահականության սկզբունքով ընտրված 1017 տնային տնտեսություններ:

Ըստ հետազատությունների արդյունքների՝  Հայաստանի հասարակության անդամների միայն 9%-ն է ճանաչում ԼԳԲՏ անձի: Բնակչության մեծամասնությունը համարում է, որ թեև ԼԳԲՏԻ անձանց իրավունքները խախտվում են, բայց դրանք  պաշտպանելու կարիք չկա: Մասնավորապես՝ հարցվածների 82%-ը համարում է, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները պաշտպանված չեն, բայց նրանց 74%-ը կարծում է, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կառույցների անհրաժեշտություն չկա:

Հայաստանի բնակչության 78%-ն ընտանիքն ընկալում է որպես առաջնային  արժեք, հարցվածների 21 %-ը կարծում է, որ գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչպես է ձևավորվում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը:

Աղաջանովի ներկայացմամբ՝ հետազատության արդյունքներից պարզ է դառնում նաև, որ Հայաստանի հասարակության մեջ գեյերի վերաբերյալ ավելի ուժեղ կարծրատիպեր են ձևավորված, քան լեսբիների մասին:

Հետազոտությունների հիման վրա մշակված ռազմավարության մաս են կազմում նաև առաջարկները՝ ուղղված Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի  ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը բացառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն:

Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը LGBTnews-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը մասնակցելու  հրավերներ են ուղարկվել Արդարադատության, Կրթության, Առողջապահության, Արտաքին գործերի նախարարություններին, Դատախազությանը, Դատական դեպարտամենտին, Նախագահի աշխատակազմին:

«Նախագահականից հաստատել էին իրենց մասնակցությունը, և միջոցառմանը նախագահականից առաջին անգամ ներկայացուցիչ էր մասնակցում, իսկ մյուս կառույցներից որևէ արձագանք չի եղել: Ռազմավարության այս ներկայացումից հետո մենք պետք է փորձենք հանդիպել տարբեր պետական մարմինների ղեկավարության հետ՝ մշակված ռազմավարության շրջանակներում գործողությունների պլանը քննարկելու համար: Ժամանակը ցույց կտա՝ նախագահականի ներկայացուցչի մասնակցությունն այս միջոցառմանն ընդամենը քաղաքավարության դրսևորո՞ւմ էր, թե՞ նրանք իրապես հետաքրքրված են Հայաստանում դրական փոփոխություններով: Ուրախալի է, որ ոստիկանությունն արձագանքեց մեր նամակին, և իրավապահները պատշաճ կերպով կատարեցին իրենց աշխատանքը՝ ապահովելով միջոցառման բնականոն ընթացքը, ինչը շատ դրական եմ գնահատում: Հուսով եմ՝ հետայսու ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նամակներն՝ ուղղված պետական մարմիններին, նույնպես անաձագանք չեն մնա»,- ասաց Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը:

Լուսանկարը՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ֆեյսբուքյան էջից