Էգոդիստոնիկ սեռական կողմնորոշումը, հետադիմության տարածումն ու գիտության ուրացումը

Մի քանի օր առաջ ATV-ով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ հակադիր վերաբերմունքի ու մոտեցումների բախման առիթ դարձավ, որը դեռևս շարունակվում է սոցիալական ցանցերում՝ ինչպես միշտ ընդունելով անընդունելի ձևեր։ 

 

Հիշեցնենք, որ հաղորդման հերոսը՝ Դալարիկ գյուղում բնակվող քաղաքացին, որ չի թաքցնում իր նույնասեռական կողմնորոշումը, բարձրացրել էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի հարցը, դահլիճում գտնվող բանախոսներն ու մասնագետներն էլ քննում էին այդ հարցերը՝ հաճախ շեղվելով բուն խնդրից և ավելի շատ քննարկումն այլ հարթության մեջ տեղավորելով, ինչին մեծապես նպաստեցին հատկապես հոգեբան ու սեքսապաթոլոգ ներկայացածները։ 

 

Ի՞նչ էին միմյանց փոխլրացնելով ու փոխադարձաբար աջակցելով ասում հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ու սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, ի՞նչ կապ ուներ նրանց արտաբերած մտքերը գիտության հետ և ո՞րն էր նրանց մտքերի հնչեցման շարժառիթը․ այս հոդվածում կփորձենք տալ տվյալ հարցերի պատասխանները։
Մեհրաբյանն ու Շահրամանյանը հենց հաղորդման սկզբից և ողջ ընթացքում իրենց դիրքավորել էին այնպես, կարծես հեռուստատաղավարը բժշկի կամ հոգեբանի աշխատասենյակ է, որտեղ իրենք ընդունել են «պացիենտին» և հարցախույզի միջոցով անամնեզ՝ հիվանդության պատմություն են հավաքում, և նրանք սա ոչ միայն չէին թաքցնում, այլ իրենց խոսքում այդ մասին ուղիղ ակնարկում էին։  

 

«Չե՞ք փորձել ձեզ վրա աշխատել, փոխել, ինչպես դուք եք ասում, վառ գույների հագուստը, որպեսզի աշխատանքի տեղավորվեք, մի քիչ ավելի, այսպես ասած, այդ վառ կերպարից դուրս գաք, եթե իսկապես դա է միակ պատճառը»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Ձեզ համար ձեր կողմնորոշումը խնդի՞ր է, դուք նեղվո՞ւմ եք, որ այդ կողմնորոշումն ունեք»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Այո՛, Էդգար, ծնողի համար հեշտ չէ զավակի մոտ նման խնդիր նկատել և ապրել նման խնդրի կողքին։ Երկու բառով կնկարագրե՞ք՝ որտեղ է Էդգարի հայրը»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Իր հետ ո՞վ էր շփվում անընդհատ, ո՞վ էր դաստիարակությամբ զբաղվում»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Ինչո՞վ է խաղացել Էդգարը, ամեն ինչ այդտեղից է սկսվում։ Դուք լսեցիք ներարգանդային կյանքի մասին, անցնում ենք վաղ մանկության շրջանին։ Թողեք հասկանանք՝ Էդգարի սոցիալիզացիան ինչպես է ընթացել»․ Մարիամ Մեհրաբյան  

 

«Փոքր հասակում շփում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, այսինքն՝ պապիկ, հորեղբայր, քեռի, եղե՞լ է շփում»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Այս խնդրի բացահայտման և կանխարգելման համար․․․ Ի դեպ, բոլոր հարցերն ուղղված են նաև հասարակությունում խնդրի պրոֆիլակտիկային․․․ Էդգար, խնդիրը գալիս է նաև նրանից, թե որտեղ է քնում երեխան։ Խնդրում եմ հուշեք՝ ինչպես է անցել Էդգարի մանկությունն այդ էտապում։ Տատիկի կո՞ղքը։ Մենք ի սկզբանե Էդգարի խնդրին այսքան մանրամասն տեղյակ չէինք, բայց տեսեք՝ ոնց է սկսում խնդիրը զարգանալ վաղ մանկության տարիքից։ Հիմա ամբողջ հասարակությանն ի կոչ՝ ինչպես կանխարգելել երեխայի մոտ նման երևույթների զարգացումը․․․»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Շատ դասակարգումների մեջ հոմոսեքսուալիզմը համարվում է հիվանդություն։ ․․․ Մենք բարձրակարգ բժիշկ Շահրամանյանի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել՝ ինչ է հոմոսեքսուալիզմը»․ Մարիամ Մեհրաբյան  

 

«Ուզո՞ւմ ես ազատվել այն ամենից, ինչքը քեզ խանգարում է ապրել լիարժեք»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Մարիամն ուզում էր իրականում հարցնել մեր հերոսին, թե այս կենսակերպը, այս վիճակը խանգարո՞ւմ է իրեն, ինքը ցանկանո՞ւմ է ձերբազատվել դրանից»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Էդգար, ցանկանում ե՞ս ձերբազատվել այն ամենից, ինչը որ քեզ խանգարում է։ Հարցը ուղղեմ հետևյալ կողմից, ես շատ հաճախ այդ պատկանելիության մարդկանցից լսում եմ, որ նրանք չեն ուզում այդպես ապրել, բայց չեն կարողանում։ Երբևիցե կամքի ուժը, որը դու ունես, փորձե՞լ ես գործի դնել, որպեսզի պատկանելիությունդ փոխես։ Դուք դա համարում եք անհնարին, որովհետև չունեք ցանկությո՞ւն։ Չունեք ցանկություն, ես հասկացա»․ Մարիամ Մեհրաբյան 

 

 

«Մեր խնդիրն է՝ կա՛մ օգնում ենք, կամ չենք օգնում, լռում ենք, մեկուսանում ենք։ Հոգեբանը հարցեր էր տալիս, փորձում էր պարզել, թե որտեղից է ամեն ինչը սկսվել և ուր է տարել։ Մեր խնդիրն է փորձել օգտակար լինել։ Օգտակարությունը հետևյալն է, հոգեբանի հարցը շարունակում ենք, 25 տարվա ընթացքում եղե՞լ է ցանկություն ներքուստ փոխել այդ ամենը։ Փորձե՞լ եք փոխել»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Ցանկության դեպքում հնարավոր է [բուժել]»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Եղե՞լ է ցանկություն փոխելու վարքագիծը, ներքուստ ունեցե՞լ եք ցանկություն կամ փորձե՞լ եք դիմել մասնագետի այդ ամեն ինչը վերափոխելու համար»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Դու կամքի ուժդ զարգացրել ես մի բանի համար, որ ինքնադրսևորվես․․․ Ասում են՝ երկու տեսակ կա՝ որ հենց այդպես են ուզում ու այդպես են ապրում, և մյուս կողմից կան մարդիկ, որոնք դա իսկապես համարում են իրենց հիվանդությունը։ Դու ո՞ր տեսակին ես պատկանում, համարում ես, որ դա հիվանդությո՞ւն է, թե՞ որ ուզում ես ու այդպես ես ապրում»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Այստեղ բազմիցս խոսվեց օգնելու, բուժելու անհնարինության մասին, մի պահ բոլորը դարձան 22-րդ դարի սեքսապաթոլոգներ։ Նախ նույնասեռականությունը, եթե խոսքը շտկելու, բուժման, օգնելու մասին է, երկու տարբերակ ունի․ այն դեպքում, եթե անձն ունի ներքին ցանկություն իրավիճակը փոխելու, դիմում է մասնագետի, ես ու Մարիամը մի ժամ է՝ այդ հարցերը փորձում ենք առաջ տանել, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք այդ մարդուն օգտակար լինել, ու եթե ինքը ուզում է, կա ներքին քննադատական վերաբերմունք կենսակերպի հանդեպ և ինքը դիմում է որևէ օգնության, այդ դեպքում համարվում է, որ․․․ Տվյալ իրավիճակը գնահատվում է որպես հիվանդություն և փորձում ենք օգտակար լինել։ Այո՛, էգոդիստոնիկ հոմոսեքսուալությունն է, խնդրում եմ չընդհատել։ Եվ մյուս դեպքը, երբ մենք գործ ունենք այն վիճակի հետ, երբ ինքը համակերպվել է, այդ կերպարի մեջ արդեն ձուլվել է, արդեն ապրում է այդ կենսակերպով ու չի էլ ուզում դիմել մասնագետի, և այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչը բուժել»․ Վրեժ Շահրամանյան 

 

«Քո ներքին ցանկությունը, պրոբլեմը, խնդրում եմ, հենց հիմա դիր քո դիմաց ու հանուն քո մայրիկի, հանուն քո ապագայի ասա՝ այդ ներքին ցանկությունը հնարավո՞ր է այնքան բարձրացնել, որ քեզ օգտակար լինենք, որ դու փոխես կյանքդ։ Շրջվի՛ր դեպի դա»․ Մարիամ Մեհրաբյան 

 

«Մենք՝ ես ու Մարիամն այսքան ժամանակ դա էինք ուզում հասկանալ, բերել դրան՝ մենք քեզ կարո՞ղ ենք օգտակար լինել, թե՞ ոչ։ Դա է ամբողջ հարցը»․ Վրեժ Շահրամանյան  

 

 

Շահրամանյանի ու Մեհրաբյանի խոսքերից ակնհայտ է դառնում, թե ինչպիսի դիրքերից են խոսում նրանք և ինչ ասել կուզեն։ Եթե կարճ ամփոփելու լինենք, ապա նրանք ասում են, որ եթե մարդը ցանկանում է, եթե ներքին մղում և ձգտում ունի, ապա կարող է դիմել մասնագետներին (իրենց, այսինքն) և բուժվել։ Հարկ է նկատել, որ ի տարբերություն Մեհրաբյանի, որ բացահայտ ասում է, թե ինչ նկատի ունի բուժել ասելով՝ սեռական կողմնորոշումը փոխելը, Շահրամանյանն բավարար խորամանկ է, որպեսզի չմասնավորեցնի՝ ինչ նկատի ունի «բուժել» բառի տակ, ու թեև փաստացիորեն աջակցում է Մեհրաբյանի արտաբերած մտքերին, այնուամենայնիվ բառախաղի միջոցով տեղ է թողնում մասնագիտական առումով իր անխոցելիությունը պահպանելու համար։ Այսինքն՝ բժշկագիտության նրբություններից անտեղյակ հեռուստադիտողի աչքում Շահրամանյանը պաշտպանում է Մեհրաբյանի հնչեցրած տգետ մտքերը՝ նպաստելով թյուր պատկերացման տարածմանը, թե սեռական կողմնորոշումը հնարավոր է բուժելով փոխել, սակայն միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի էգոդիստոնիկ հոմոսեքսուալությունը «բուժելու» տակ և թե ինչն է բուժվում այդ դեպքում, մեզ փորձում է զրկել մասնագիտական հարթությունում նրան քննադատելու հնարավորությունից։ Ժողովրդական խոսքով ասած՝ նա խփում է հա՛մ նալին, հա՛մ լռելյայն՝ մեխին, բայց ավելի շատ, իհարկե, նալին։ 

 

Ի՞նչ է, ուրեմն, էգոդիստոնիկ հոմոսեքսուալություն ասվածը, որի մասին խոսում էր Շահրամանյանը և ինչի՞ց են կառչում հայաստանյան մասնագետները, երբ ցանկանում են հա՛մ տուրք տալ հասարակության մեծամասնության կարծիքին, հա՛մ չկորցնել մասնագիտական դեմքը։ 

 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգման (10-րդ վերանայում)` էգոդիստոնիկ սեռական կողմնորոշումը (F66.1) կամ կողմնորոշվածությունը, ինչպես ինքը՝ Շահրամանյանն է սիրում ասել՝ դրանով մասնագետների հետ զրույցում նկատի ունենալով հենց այն, որ մարդն ինքը չի ընտրում իր սեռական օրիենտացիան, սահմանված է հետևյալ կերպ․ «Սեռի պատկանելությունը և սեռական կողմնորոշումը (հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ, բիսեքսուալ կամ նախապուբերտատ) կասկած չեն հարուցում, սակայն ուղեկցող հոգեբանական և վարքային խանգարումների հետևանքով անհատը ցանկանում է փոխել դա և կարող է դիմել բժշկական միջամտության»։ 

 

Փաստաթղթի V գլխի (Հոգեկան և վարքային խանգարումներ) F66 ենթադասի անվան՝ «Սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումներ», անմիջապես տակ առկա է մի կարևորագույն ծանոթագրություն, որը մեծ նշանակություն ունի էգոդիստոնիկ սեռական կողմնորոշման նկարագրության մեկնաբանության առումով։ 

 

Ծանոթագրությունում ասված է․ «Սեռական կողմնորոշումն ինքնին որպես խանգարում չի դիտարկվում»։
Այսպիսով, էգոդիստոնիկ սեռական կողմնորոշումը հոգեկան խանգարում է, որի ժամանակ անձը հստակ ու անհաղթահարելի ցանկություն ունի փոխելու իր սեռական կողմնորոշումը՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է այդ կողմնորոշումը՝ նույնասեռական, տարասեռական, երկսեռական կամ նախապուբերտատ։ 

 

Ցանկանում է փոխել՝ «ուղեկցող հոգեբանական և վարքային խանգարումների հետևանքով»։ Նկատի ունենալով վերը նշված ծանոթագրությունը՝ տվյալ դեպքում հոգեկան խանգարում է ոչ թե ինքնին սեռական կողմնորոշումը, այլ այն փոխելու ցանկությամբ պայմանավորված ի հայտ եկած հետևանքները, ուստի եթե տվյալ հոգեկան խանգարում ունեցող անձը դիմում է բժշկական միջամտության, մասնագետը ոչ թե պետք է փորձի փոխել սեռական կողմնորոշումը, այլ պետք է փորձի օգնել մարդուն հաղթահարել իր կողմնորոշման հետ կապված ներքին կոնֆլիկտն ու դրա հետևանքները, այլ կերպ ասած՝ ընդունել սեփական սեռական կողմնորոշումը։ Հոգեբույժների համաշխարհային ու առաջադեմ պետությունների տեղական կազմակերպությունները մասնագետներին համառորեն հորդորում են վարվել հենց այդպես՝ կոչ անելով զերծ մնալ անձի սեռական կողմնորոշումը փոխելուն ուղղված գործողություններից։ 

 

Հետերոնորմատիվ հասարակություններում դժվար է պատկերացնել, որ տարասեռական կողմնորոշում ունեցող անձը կարող է էգոդիստոնիկ հոգեկան խանգարում և ըստ այդմ ներքին մղում ունենալ փոխելու իր կողմնորոշումը, ասենք, նույնասեռականի, ինչի պատճառով էլ այս խանգարման մասին խոսելիս հիմնականում նկատի են ունենում նույնասեռական կողմնորոշում ունեցող և այդ կողմնորոշումը փոխել ձգտողներին։ Այնուամենայնիվ, եթե համարվի, որ բժշկական միջամտությամբ նույնասեռական անձի սեռական կողմնորոշումը հնարավոր է փոխել, ապա կհամարվի, որ տարասեռական անձի կողմնորոշումը նույնպես կարելի է փոխել։ Մի միտք, որ հետերոնորմատիվ հասարակության ներկայացուցիչների մեծամասնությանն այնքան էլ դուր չի գա, բայց որը որոշ պետություններում նույնասեռականության «պրոպագանդայի» դեմ օրենքներ է ծնել՝ հավանաբար «հասարակությունում խնդրի պրոֆիլակտիկայի համար», ինչպես կասեր հոգեբան Մեհրաբյանը։ Ինչևէ, ժամանակակից բժշկագիտությունը պնդում է, որ սեռական կողմնորոշումը փոխելու փորձերը ռիսկային ու պոտենցիալ վտանգավոր են անձի համար։ 

 

Այսպիսով, անգամ էգոդիստոնիկ սեռական կողմնորոշման դեպքում որևէ խոսք անգամ չկա անձի սեռական կողմնորոշումը փոխելու փորձերի մասին։ Նկատի ունենալով նաև նախորդ դարաշրջանում «նույնասեռականությունը բուժելու» դաժան մեթոդներն ու դրանց հետևանքները՝ գիտությունը վաղուց արդեն հրաժարվել է բինար գենդերային պատկերացումներից։ 

 

Մենք հեռու ենք այն մտայնությունից, թե Վրեժ Շահրամանյանը չի ուսումնասիրել կամ տեղյակ չէ ժամանակակից բժշկագիտությունից։ Հակառակը, նկատի ունենալով տարբեր ժամանակներում իր հնչեցրած մտքերը՝ վստահ ենք, որ շատ էլ լավ տեղյակ է, ու գուցե ավելի լավ, քան այս հոդվածի հեղինակս։ Սա միանշանակ չի կարելի պնդել հոգեբանի՝ Մարիամ Մեհրաբյանի պարագային, ինչը թերևս հայաստանյան կրթական համակարգի թերությունն է՝ նկատի ունենալով մեզանում հոգեբանության՝ իբրև գիտության և բուհերում դասավանդվող առարկայի չկայացածությունը։

 

 
Այս հոդվածի խնդիրը Շահրամանյանի անձի քննադատությունն, իհարկե, չէ, այլ երևույթի։ Բանն այն է, որ Հայաստանում էապես տարածվածություն ունի, հատկապես նեղ մասնագիտական հարցերի դեպքում, որտեղ կան նրբություններ, լսարանին մոլորության մեջ գցելու փորձը բառախաղերի, էվֆեմիզմների, կիսատ մտքերի միջոցով, ինչից Շահրամանյանի նմանությամբ օգտվում են բազմաթիվ բանիմաց մասնագետներ։ Նման վարքի պատճառն էլ հայտնի է․ այդ մարդիկ փորձում են չընդդիմանալ հասարակական կարծիքին, տգիտությանը, հարմար տեղավորվել կոնյուկտուրայի մեջ, ավելորդ պրոբլեմներ չունենալ համակարգի հետ, չխոչընդոտել սեփական կարիերային աճին, չմեկուսացվել ԶԼՄ-ների, հետադիմական ակադեմիական շրջանակների կողմից, չպիտակավորվել և այլն։ Պատճառն, ուրեմն, ինքնապաշտպանական է՝ թե՛ նշված լայն, իսկ երբեմն էլ՝ նաև նեղ իմաստով։ 

 

Ինքնապաշտպանությունը, սակայն, արդարացում չէ ու տվյալ դեպքում չի կարող նվազեցնել նման մասնագետների՝ գիտությանն ուրանալու հետևանքների համար պատասխանատվությունը: Այդ մասնագետները պետք է իմանան, որ իրենց չի հաջողվել ու չի հաջողվելու մոլորության մեջ գցել ողջ լսարանին և որ իրենք մասնագիտական պատասխանատվության են կանչվելու ամեն անգամ, երբ կփորձեն գիտությունը խեղել և միտումնավոր մատուցել տգիտության տեսքով՝ դրանով խոչընդոտելով քաղաքացիական հասարակության կայացմանն ու նպաստելով հետադիմության տարածմանը։ Ռոբերտ Սպիտցերի նմանությամբ այդ մասնագետները մի օր ստիպված կլինեն հրապարակավ ներողություն խնդրել մարդկանցից՝ միտումնավոր մոլորեցնելու և ապատեղեկացնելու համար։