Էլթոն Ջոնը համբույր կխնդրի Վլադիմիր Պուտինից, եթե նրանք հանդիպեն

69-ամյա բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հայտնել է, որ առաջին բանը, որ ինքը կխնդրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ, համբույրն է: 

«Ես շատ հուսով եմ, որ հանդիպումը տեղի կունենա, բայց նա ավելի զբաղված մարդ է, քան ես»,- ասել է Էլթոն Ջոնը BBC-ով հեռարձակվող՝ Վիկտորյա Դերբիշիրի շոուի եթերում:

Իսկ հարցին, թե ինչ է պատրաստվում ասել Պուտինին, երգիչը պատասխանել է. «Համբուրի՛ր ինձ»:

Էլթոն Ջոնը քանի տարի է՝ խոսում է իր ու Պուտինի հանդիպման անհրաժեշտության մասին: Նա ցանկանում է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցը: Պաշտոնական Կրեմլը կցկտուր էր արձագանքում երգչի այդ առաջարկին, իսկ 2015-ի սեպտեմբերի սկզբին երաժիշտը ռուս կատակասերների զոհը դարձավ, որոնք նրան զանգահարել էին Ռուսաստանի նախագահի անունից:

Իսկ Պուտինի իրական զանգը Էլթոն Ջոնին տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 24-ին: Այդ ժամանակ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Էլթոն Ջոնի հետ, եթե «ապագայում նրանց գրաֆիկները համընկնեն»: Մինչ այժմ նման հանդիպում տեղի չի ունեցել: