Ընդդեմ «Իրավունք»-ի երեք քաղաքացիների հայցով դատաքննությունը՝ մարտի 23-ին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում  այսօր տեղի ունեցավ երեք համահայցվորների՝ Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի՝ ընդդեմ «Իրավունք» թերթի և դրա խմբագիր Հովհաննես Գալաջյանի հայցի քննություն վերաբերյալ նախնական դատական նիստ, հայտնում է LGBTnews.am-ի թղթակիցը:

 

Հիշեցնենք,  որ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհանես Մկրտչյանը «Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ-ի  աշխատակիցներ են, որոնք դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի այն բանի համար, որ թերթն իր էլեկտրոնային էջում հրապարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և փոխհատուցել 3 մլն դրամ:

 

Նշենք, որ նախորդ դատական նիստին հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրել էր հայցի ապահովման մասին միջնորդություն՝ պահանջելով  արգելել պատասխանողի կողմից ծագած վեճի շուրջ նոր հրապարակումները՝ մինչև գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելն, ինչպես նաև արգելանք դնել պատասխանող Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ՝ հայցագնի չափով:

 

Հայցվորների ներկայացուցիչն իր միջնորդության հիմքում դրել էր այն հանգամանքները, որ պատասխանողը «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ն գործով յուրաքանչյուր դատական նիստից հետո նոր հոդվածներ է հրապարակում, որոնցում նույնպես առկա են վիրավորական արտահայտություններ: Իսկ ինչ վերաբերում է Հովհաննես Գալաջյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ պահանջին, Խաչատուրյանը դա հիմնավորել էր այն հանգամանքով, որ  «Իրավունքի» դեմ մի քանի դատական հայցեր կան, և հնարավոր է՝ այդ հանգամանքը խոչընդոտ լինի՝ ենթադրյալ դատական ակտն ի կատար ածելու համար:

 

«Իրավունք Մեդիա ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը, սակայն այսօր առարկեց միջնորդության դեմ: Անդրադառնալով Գալաջյանի գույքի վրա արգելանք դնելու պահանջին՝ Բաղդասարյանն ասաց.

 

«ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ կողմը պարտավոր է ներկայացնել այնպիսի փաստեր, որոնցով կապացուցվեր պահանջի հիմքում դրված այն հանգամանքը, որ Հովհաննես Գալաջյանի նկատմամբ կան բազմաթիվ հայցադիմումներ: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հովհաննես Գալաջյանը բանուգործը թողած՝ ամբողջ օրը դատարանում է, մինչդեռ Հովհաննես Գալաջյանի դեմ թվով 16 հայցվորներ հայց էին ներկայացրել դատարան՝ պահանջելով շուրջ 8-9 մլն դրամ գումար, որի վերաբերյալ դատարանը հրապարակեց դատական ակտ և մերժեց հայցը: Ավելին, դատարանը հայցվորներին պարտավորեցրեց Հովհաննես Գալաջյանին վճարել փաստաբանի վարձատրության գումար»,- ասաց  Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ դատարանի այդ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել,այլ բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

 

Նշենք, որ Բաղդասարյանը նկատի ունի «Իրավունքի»՝ արդեն վերը նշված  հոդվածի առնչությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից  հոկտեմբերի 30-ին կայացրած վճիռը, որով մերժվել էր 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:

 

Անդրադառնալով Մարո Խաչատուրյանի կողմից  ներկայացված պահանջին այն մասին, որ պետք է թերթին արգելվի ծագած վեճի վերաբերյալ հոդվածներ հրապարակել՝ Բաղդասարյանը նշեց, որ ինքն ուսումասիրել է իրավակիրառման պրակտիկան և չի գտնել գոնե մի դեպք, երբ օրենքը որևէ լրատվամիջոցի արգելել է դատական գործընթացի ընթացքում այս կամ այն թեմայով հրապարակումներ կատարել:

 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը պարտադիր պայման է դիտում արգելանք կրառել միայն այն դեպքերում, երբ դա կարող է խոչընդոտ լինել դատական ակտի ի կատար ածման համար, սակայն այդ դեպքում մենք չենք կարող մատնանշել մի ապացույց, որը ենթադրյալ դատական ակտի ի կատար ածման համար կարող է խոչընդոտ  լինել»,- ասաց Բաղդասարյանը:

 

Դատարանն արձանագրեց, որ գործը  համարվում է նախապատրաստված և նշանակեց գործով դատաքննություն, որը տեղի կունենա մարտի 23-ին: