Դատարանն ընդդեմ «Իրավունք»-ի 3 քաղաքացիների գործով հեռացավ վճիռ կայացնելու

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիներ Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի և Գրիգոր Գևորգյանի՝ ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հայցի քննությունը, հայտնում է LGBTnews.am-ի թղթակիցը:

 

Հիշեցնենք,  որ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհանես Մկրտչյանն ընդդեմ «Իրավունք» թերթի դատական հայց են ներկայացրել այն բանի համար, որ թերթն իր էլեկտրոնային կայքում հրապարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» և դրան հաջորդած մի քանի այլ հոդվածներ: Քաղաքացիները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, զրպարտելու համար և փոխհատուցել 3 մլն դրամ:

 

Հայցվոր կողմի փաստաբան Մարո Խաչատուրյանը դատարանին հիշեցրեց, որ դեռևս հունվարին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ինքը դատարանին միջնորդել էր սանկցիա կիրառել պատասխանող կողմի փաստաբան Լևոն Բաղդասդարյանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս, ըստ հայցվորների, դատարանում իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ: Դատարանը, սակայն, հայցվորների փաստաբանից պահանջել էր գրավոր ներկայացնել միջնորդությունը:

 

Նշենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ պատասխանող կողմի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, որ «համասեռամոլների հայցապահանջները բողոքարկվել են դատարան», և երբ հայցվորների փաստաբան Մարո Խաչատուրյանը բարձրաձայնել է այն մասին, որ փաստաբանին, ինչպես նաև ցանկացած այլ քաղաքացու հարիր չէ նման (համասեռամոլ –խմբ.) արտահայտություներ անելը, Բաղդասարյանը կրկնել և պնդել էր իր խոսքերը: 

 

«Ուրեմն, ինձ համար «համասեռամոլ» բառը «համասեռամոլ» բառ է, համասեռամոլների հաջորդ տարբերակը «գալուբոյ» բառն է»,- արձագանքել էր Բաղդասարյանը: 

 

Այս միջադեպի ժամանակ հնչած արտահայտություններն են, որ Մարո Խաչատուրյանին հիմք էին տվել դատարանին միջնորդել Լևոն Բաղդասարյանի նկատմամբ դատավարական սանկցիա կիրառել:

 

Խաչատուրյանը դատարանին հայտնեց, որ ինքը դիմել է նաև խտրականության վեճերի հարցերով զբաղվող «Հավասարության խորհրդին», որը եզրակացություն է տվել այն մասին, որ հայցվորների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Ուստի նա նշեց, որ որպես իր հայցը հիմավորող հանգամանք՝ ցանկանում է դատարանին հանձնել նաև «Հավասարության խորհրդի» եզրակացությունը:

 

Գալաջյանը, սակայն, առարկեց, որպեսզի վերը նշված փաստաթուղթը կցվի գործի նյութերին՝ հիմնավորելով, թե եզրակացությունը տված կառույցը պետական մարմին չէ: 

 

Պատասխանողի փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ նշեց, թե եզրակացությունը տված մարմինն օրենքի ուժով իրավասու չէ եզրակացություն տալու, հետևաբար այդ փաստաթուղթը չի կարող որպես ապացույց դիտվել: Խաչատուրյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքը քաջատեղյալ է օրենքին, ուստի չի միջնորդել, որպեսզի «Հավասարության խորհրդի» եզրակացությունը որպես ապացույց դիտվի, այլ որպես իր հայցի հիմնավորում, ուստի նա եզրակացությունը հանձնեց դատարանին և պատասխանող կողմին: 

 

Որպես Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու միջնորդության հիմնավորում՝ Մարո Խաչատուրյանը նշեց, որ փաստաբան Լևոն Բաղդասարյանն անբեարեխիղճ վարքագիծ է թույլ տվել, ըստ որում՝ դա արել է մասնագիտական գործառույթներն իրականացնելիս: 

 

Խաչատուրյանի խոսքով՝ փաստաբան Բաղդասարյանն իր խոսքը կառուցելիս նաև ատելություն խոսք է թույլ տվել: 

 

«Նշեմ նաև, որ փաստաբանի կողմից այդ արտահայտություններն արվել են ի առարկումն իմ միջնորդության այն մասին, որ նրա խոսքերում ատելություն կա, և ես նրա կողմից վստահորդներիս պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու դիտավորություն եմ տեսնում: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքներն, ինչպես նաև «Փաստաբանի կանոնագրքի» որոշակի կանոններ, որոնք պարտավորեցնում են հարգալից վերաբերմունք դրսևորել դատավորի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ՝ միջնորդում ենք Լևոն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառել»,- ասաց Խաչատուրյանը: 

 

Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ եթե ոմանք «համասեռամոլ» բառը վիրավորական են համարում կամ դրանում ատելության խոսք են տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դա վիրավորանք կամ ատելության խոսք է: 

 

«Աստվածաշնչի մեջ կա արվամոլ բառը, և որպես քրիստոնեական արժեքներ կրող անձ՝ ինձ համար սկզբունք է Աստվածաշունչն, ուստի, եթե «արվամոլ» բառն Աստծո կողմից ատելություն չի ընկալվում, ապա այն չի կարող ատելություն համարվել: Նշեմ նաև, որ դուք վերը նշված հարցով դիմել էիք նաև Փաստաբանների պալատին՝ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, սակայն պալատը մերժել էր վարույթի հարուցումը՝ հղում կատարելով այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարությանը ևս օգտագործում է այդ բառը: Ես գտնում եմ, որ «համասեռամոլ» բառն ուղղակի բառ է, որը, ինչպես նաև դրան հոմանիշ այլ բառեր, պետք է օգտագործել»,- ասաց Բաղդասարյանը: 

 

Մարո Խաչատուրյանը հարց ուղղեց, թե որտեղի՞ց է Բաղդասարյանը տեղեկացել իր կողմից ներկայացված դիմումի և դրա վերաբերյալ պալատի որոշման մասին: 

 

«Սա առնվազն ոչ օբյեկտիվ գործելաոճի մասին է խոսում»,- ասաց Խաչատուրյանը՝ բացատրելով, որ կողմը կարգապահական վարույթի մասին իմանում է այն դեպքում միայն, երբ այն հարուցվում է: Բաղդասարյանը պատասխանեց, որ իրեն պալատից տեղյակ են պահել իր վերաբերյալ դիմումի մասին, ինչպես նաև իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ, չնայած իր հավաստմանը, որ Աստվածաշնչում օգտագործվում է «արվամոլ» բառը՝ Խաչատուրյանը շարունակում է պնդել, թե Բաղդասարյանի նկատմամբ պետք է վարույթ հարուցել: 

 

«Տեղեկացնեմ, որ ձեր մատնանաշած խոսքերը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն են, այլ ոչ թե Աստվածաշնչի բնօրինակը»,- Բաղդասարյանին հակադարձեց Խաչատուրյանը՝ հարց ուղղելով վերջինիս, թե արդյոք հիմա էլ մտադի՞ր է պնդել, թե Աստվածաշունչը հայերենով է գրվել: 

 

Դատարանը, սակայն, ընդհատեց փաստաբանների՝ Աստվածաշնչի ծագման վերաբերյալ վիճաբանությունն ու նշեց, որ ինքը մերժում է հայցվոր կողմի միջնորդությունը՝ գտնելով, որ Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա: 

 

Շուրջ մեկուկես ժամ տևած դատավարության ընթացքում հայցվորների ներկայացուցիչն անդրադարձավ հայց ներկայացնելու հիմքերին: Նա նշեց, որ իրենք գտնում են, որ «Իրավունք» թերթում հրապարակված հոդվածն արատավորում է հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, զրպարտում նրանց, քանի որ հոդվածագիրը, տվյալ դեպքում՝ Հովհաննես Գալաջյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Արշակյան քույերին հարցեր ուղղած քաղաքացիներին անվանել է «Անուշ և Ւնգա Արշակյաններ քույրերի դեմ հալածանքի մասնակիցներ»: 

 

«Գտնում ենք, որ իմ վստահորների կողմից որևէ բան չի կատարվել, որը կարող դիտվել որպես հալածանք: «Հալածանք» բառն ինքնին արդեն բացասական է, եթե անգամ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հալածանքը քրեաիրավական պատասխանատվություն է ենթադրում: Իմ վստահորդներն իրավապաշտպան հասարակական կազմակերպություն են ներկանցնում, և այդ հոդվածի միջոցով հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ նրանք կանանց, մարդու իրավունքները չհարգող անձնավորություններ են»,- ասաց Խաչատուրյանը: 

 

Փաստաբանը նշեց, որ իրենք վիրավորական են դիտել «ազգի և պետության թշնամիներ» արտահայտությունները: Խաչատուրյանը նշեց նաև, որ հոդվածի հեղինակն օգտագործել է արտահայտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելություն: Մասնվորապես՝ հայցվորներն ընդգրկվել են հեղինակի կողմից կազմված «ազգի և պետության թշնամիների սև ցուցակում» միայն այն բանի համար, որ նրանք պաշտպանում են նույնասեռական անձանց իրավունքները, ինչի կապակցությամբ հոդվածագիրն առաջարկում է նաև նրանց առանձնացնել հասարակությունից: Բացի այդ, ըստ փաստաբանի, «մոլուցք» բառը ենթադրում է անբարո վարքագիծ, ինչն էլ հիմք է տալիս հավաստելու, որ «համասեռամոլ» բառի կիրառումն ատելություն խոսքի դրսևորում է: 

 

Խաչատուրյանն ընդգծեց նաև, որ հոդվածի հեղինակ Գալաջյանը նաև «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն է, այսինքն՝ անձ, ով տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունն է վարում, և, փաստորեն, նա անհանդուրժողական վերաբերմունք է դրսևորում: 

 

«Նա հոդվածում գործատուներին կոչ է արել աշխատանքի չընդունել իր կողմից կազմված ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև պետական պաշտոնյաներին է կոչ արել, որպեսզի նրանց աշխատանքի չընդունեն պետական հիմնարկներում, և հայցվորները նրա համար թիրախ են միայն այն բանի համար, որ աշխատում են «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունում, որը զբաղվում է նույնասեռական անձանց իրավունքների պաշտպանությամբ»,- վստահություն հայտնեց Խաչատուրյանը: 

 

Օգտվելով հարցեր ուղղելու իր հնարավորությունից՝ պատասխանող Գալաջյանը հայցվոր կողմին մի քանի հարցեր ուղղեց, որոնց, սակայն, դատարանը հայցվոր կողմին չպարտավորեցրեց պատասխանել, քանի որ դրանք գործի նյութերի հետ կապ չունեին: Մասնավորապես՝ Գալաջյանը հայցվորներից հետաքրքվեց, թե վերջիններս արդյոք չե՞ն հետապնդում դատավարությունը քաղաքականացնելու նպատակ, թե նրանք ինչո՞ւ են վիրավորվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նոր սերունդ»-ը միայն «Իրավունքի դեմ ռազմավարական դատավարություն իրականացնելու համար 4.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից: Հայցվոր կողմը հարկ չհամարեց պատասխանել հնչած հարցերին: 

 

Պատասխանող կողմի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք հայցն ամբողությամբ առարկում են, քանի որ ՀՀ Սահմանդրությունն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում են մարդու՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքը, որն հիմք է ընդունել Հովհաննես Գալաջյանը՝ հոդվածներ գրելիս: 

 

«Կարծիքը կարող է լինել նաև քննադատական, սակայն այն, այո՛, չպետք է պարունակի զրպարտություն: «Իրավունք»-ի հոդվածում ներկայացվել է իրականությանը համապատասխանող փաստ, այն է՝ ֆիքսվել է, որ հայցվորները մասնակցել են համացանցային ֆեյսբուքյան ասուլիսին և ագրեսիվ դիրքորոշում դրսևորել անսեռ Կոնչիտայի դեմ Ինգա և Անուշ Արշակյանների արտահայտած կարծիքի վերաբերյալ: Մինչդեռ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է. այն կարող է լինել ոչ միայն անվնաս և չոզոք, այլ նաև կարող է վիրավորում, ցնցում կամ անհանգստություն պատճառել: Ուստի «Իրավունքի» հոդվածը հայցվորներին ոչ թե վիրավորելու կամ զրպարտելու, այլ անհանգստացնելու նպատակ է ունեցել: Հետևաբար գտնում ենք, որ հայցը պետք է մերժել, ինչպես նաև հայցում ենք հայցվորներից 500 հազար ՀՀ դրամ գումար գանձել՝ որպես փաստաբանական ծախսերի գումար»,- ասաց Բաղդասարյանը: 

 

Մարո Խաչատուրյանը նշեց, որ պատասխանողն իր ողջ առարկությունները ազատ խոսքի իրավունքին հղում կատարելով է կառուցել, սակայն կարծիք հայտնելիս դրա համար որոշակի հիմնավորումներ պետք է ներկայացնել, ուստի Խաչատուրյանը հետաքրքվեց, թե, օրինակ, Գալաջյանն ի՞նչ հիմնավորումներ է ունեցել իր վստահորդ Արման Սահակյանին Ինգա և Անուշ Արշակյան քույրերին հալածողների, «ազգի և պետության թշնամիների սև ցուցակում» ընդգրկելու համար: 

 

Լևոն Բաղդասարյանն ի պատասխան նշեց, որ պատասխանող կողմն առարկություններին ավելացնելու ոչինչ չունի, ապա սկսեց մեջբերել հայցվորների արտահայտած որոշակի մտքեր, որոնք, սակայն, գործի նյութերի մեջ ընդգրկված չէին, ուստի դատարանը դադարեցրեց Բաղդասարյանի խոսքը: 

 

Դատարանում խոսքի իր իրավունքից օգտվեց նաև հայցվոր Արման Սահակյանն, ով նշեց, որ հոդվածից հետո իր մեքենայի ապակին ջարդված է գտել, ինչի առնչությամբ դիմել է Ոստիկանություն: Նա դատարանին հայտնեց նաև, որ հոդվածից հետո իր հասցեին սպառնալիքներ են եղել, նրան սպառնացել են անգամ իր բարեկամներն ու նշել, որ եթե ինքը գնա Վանաձոր, ապա «ոտքերը կջարդեն»: 

 

Նախքան վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ գնալը դատավոր Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք կողմերը հաշտության եզրեր տեսնո՞ւմ են, սակայն կողմերը համաձայնության չեկան: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 14-ին: