Ընտանեկան բռնություն, ինքնասպանության փորձ, քրգործ, մահ, կրկին քրգործ

Մեկ տարի առաջ` 2017 թվականի փետրվարի 11-ին, մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին որ «Անի» հյուրանոցում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Զուրաբ Նեմսաձեն:

Դեպքից հետո շրջանառվեց տեղի ունեցածի վերաբերյալ վարկած՝ իբր Նեմսաձեն շանտաժի միջոցով մի անձի հետ սեռական հարաբերություն է ունեցել, նրան հասցրել ինքնասպանության փորձի, ապա ինքն ինքնասպան եղել:

LGBTnewsը զրուցել է Նեմսաձեի փաստաբան, PINK Armenia հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանի հետ, ով որոշ մանրամասներ է պատմում՝ կապված Նեմսաձեի ենթադրյալ ինքնասպանության, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունների հետ:

Պետրոսյանի խոսքով՝ Նեմսաձեն ԼԳԲՏԻ համայնքի ներկայցուցիչ է եղել, Հայաստան էր եկել զուգընկերոջ խնդրի պատճառով: Նրա զուգընկերը ընտանիքի կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվելիս եղել, օրեր շարունակ պահվել տնային կալանքի տակ, և Նեմսաձեն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, եկել էր Հայաստան՝ նպատակ ունենալով օգնել զուգընկերոջը:

Հայաստանում Զուրաբ Նեմսաձեն դիմել է ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության զբաղվող PINK Armenia հասարակական կազմակերպությանը, ինչից հետո կազմակերպության աշխատակիցներն ու ինքը՝ Հասմիկ Պետրոսյանը փորձել են գտնել տղային ու օգնել նրան:

«Նեմսաձեի զուգընկերոջ ծնողները համառորեն չէին ցանկանում, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կապվեն տղայի հետ, ու մենք հասկացանք, որ ինչ-որ բան իսկապես այն չէ այս պատմության մեջ»,- պատմեց Հասմիկ Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ շուտով իրենք պարզել են, որ ծնողների կողմից բռնության ենթարկված տղայի անունից, ով Զուրաբ Նեմսաձեի զուգընկերն է եղել, բողոք է ներկայացվել ոստիկանություն, որում նշվել է, որ իբր ինքն իր կամքին հակառակ Զուրաբի հետ սեռական հարաբերություն է ունեցել, Զուրաբն իրեն շանտաժի է ենթարկվել: Նշենք, որ մինչ այդ տղան ինքնասպանության փորձ էր կատարած եղել:

Շուտով բողոքի հիման քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու, ինչպես նաև պոռնկագրական բնույթի լուսանկարներ տարածելու հիմքով: Այս արարքների կատարումը վերագրվել է Զուրաբ Նեմսաձեին: Ըստ գործի նյութերի՝ Զուրաբ Նեմսաձեն տարածել է զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների լուսանկարներ:

Փաստաբանի պնդմամբ, սակայն, Նեմսաձեն և զուգընկերը նորմալ հարաբերություններ են ունեցել:

Իր շահերը ներկայացնելու համար Զուրաբ Նեմսաձեն լիազորել էր հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանին, վերջինիս պատմել զուգընկերեջ հետ հարաբերությունների, իր՝ Հայաստան գալու և այլ հանգամանքների մասին, ապա մի քանի օր անց «Անի» հյուրանոցում ինքնասպան եղել:

Նեմսաձեի մահվան փաստի առթիվ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, և այս գործը միացվել է վերջինիս զուգընկերջ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործին
 

Որոշ ժամանակ քննելուց հետո նախաքննական մարմինը Նեմսաձեին վերագրվող արարքների մասով գտել է, որ թեև Նեմսաձեի մեղքն իրեն վերագրվող արարքներում, իբր, հաստատված է, գործի վարույթը նրա մահվան հիմքով ենթակա է կարճման: Մահվան հիմքով կարճման որոշումը Հասմիկ Պետրոսյանի կողմից բողոքարկվել է դատարան, և դատարանը բավարարել է բողոքը, սակայն այս պահին այս գործի վարույթը կասեցվել է:

Ինչ վերաբերում է Նեմսաձեի ինքնասպանությանը վերաբերող քրեական գործին, ապա դրա նախաքննությունը շարունակվում է:

Զուրաբին ինքնասպանության հասցնելու գործով Հասմիկ Պետրոսյանը հեռացվել է վարույթից: Նախաքննության սկզբնական շրջանում Պետրոսյանը եղել է Զուրաբի ներկայացուցիչը, սակայն հետագայում գործով քննիչը փոխել է, և նոր քննիչը, հղում կատարելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն նորմին, որի համաձայն՝ մարդու մահվանից հետո վերջինիս լիազորագրի գործողությունը դադարում է, որոշել է, որ Պետրոսյանը չի կարող լինել Զուրաբի ներկայացուցիչը:

Այսպիսով՝ Զուրաբի դեմ հարուցված քրգործով Հասմիկ Պետրոսյանը շարունակում է ներկայացնել նրա շահերը։

Փաստաբանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ընդդեմ Զուրաբի գործում չի եղել և չկա որևէ ապացույց:

«Մեղադրանքի հիմքում զուտ Զուրաբի զուգընկերոջ մոր խոսքերն էին։ Մայրն ասել էր, որ իր հեռախոսում պոռնկագրական լուսանկարներ կան․ հեռախոսը զննել էին, ինչ-որ նկարներ էին գտել, որոնց նկարագրությունից չես կարող ասել, որ դրանք պոռնկագրական են, իսկ բուն նկարներն առհասարակ չեն կցվել գործին»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով նաև, որ այդ լուսանկարների վերաբերյալ անգամ փորձաքննություն չի կատարվել՝ պարզելու համար՝ արդյոք դրանք համարվում են պոռնկագրական:

Փաստաբանի խոսքով, փաստորեն, գործում չկա որևէ լուսանկար, չկա ապացույց, որ դրանք հրապարակվել են և չկա որևէ ապացույց նաև այն մասին, որ եթե անգամ հրապարակվել են, ապա դրանք հրապարակել է Զուրաբ Նեմսաձեն:

Քրեական գործի շրջանակներում առգրավվել է Նեմսաձեի համակարգիչը, և դրանում առկա մի շարք ապացույցներ փաստում են, որ Նեմսաձեն և զուգընկերը նորմալ հարաբերություններ են ունեցել: Պետրոսյանի խոսքով` կար նամակագրություն, որտեղ Նեմսաձեի զուգընկերը պատմում է, որ իր նկատմամբ ծնողները բռնություն են գործադրում, ասում, որ իրեն թույլ չեն տալիս շփվել նրա հետ: Զուգընկերը Զուրաբ Նեմսաձեին ասում է նաև, որ ծնողները ցանկանում են իրեն տանել հոգեբուժարան:

Զուրաբի համակարգչում, փաստաբանի խոսքով, նաև շատ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնաբերվել նրա և զուգընկերոջ կյանքի երջանիկ պահերի վերաբերյալ:

Նման պայմաններում փաստաբանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պիտի Նեմսափեի զուգընկերն իր կամքով որևէ բողոք գրեր նրա դեմ:

Նշենք, որ LGBTnews-ի տեղեկություններով՝ Զուրաբ Նեմսաձեի հայաստանցի զուգընկերոջ ծնողներն ազդեցիկ մարդիկ են։

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ընտանեկան բռնությունը:

«Այս գործը ընտանեկան բռնության դեմ ստրատեգիական նշանակության գործ է»,- ասում է Հասմիկ Պետրոսյանն, ով պատրաստվում է մինչև վերջ գնալ ու բացահայտել դեպքին առնչվող բոլոր հանգամանքները: