Ընտրություններին մասնակցող միավորներն ու ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցը

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մասնակցում է թվով ինը քաղաքական միավոր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ազգային վերածնունդ»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և «Ազատ դեմոկրատները»:

Քաղաքական այս միավորները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, և LGBTnews-ն ուսումնասիրել է՝ ծրագրերում ինչպիսի՞ գաղափարական մոտեցումներ կան Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ: Բացի այդ՝ LGBTnews-ը փորձել է պարզել ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների պաշտոնական դիրքորոշումները ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ամրագրման վերաբերյալ:

Նախ հիշեցնենք, որ այս խորհրդարականական ընտրություններն առաջինն են՝ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո: Հանրաքվե, որի ընթացքում բազմիցս անդրադարձ եղավ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների հարցին: Պատճառն արդեն նախկին Սահմանադրության 35-րդ հոդվածի վերաձևակերպումն էր: Այդ մասին LGBTnews-ը մանրամասն հոդված է հրապարակել, որին ընթերցողը կարող է ծանոթանալ այստեղ:

Վերոնշյալ 9 քաղաքական միավորների նախընտրական ծրագրերից միայն մեկում են ուղիղ կերպով հիշատակված ԼԳԲՏԻ անձինք՝ Կոմունիստական կուսակցության ծրագրում:

Կոմունիստական կուսակցության «Նախընտրական ծրագրային հիմնադրույթների» «Ներքին քաղաքականություն» բաժնում, ի թիվս այլ կետերի, նշվում է. «Հետևողական պայքար մղել Հայաստանի Հանրապետությունում տարատեսակ «արևմտյան» նորահայտ երևույթների՝ համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության և մեր ժողովրդի հոգեկերտվածքին և ավանդույթներին խորթ այս դրսևորումների դեմ», և որպես շարունակություն՝ «Ցուցաբերել պատշաճ զգոնություն և պայքարել Հայաստանի ներքաղաքական կյանքում Արևմուտքից ներմուծվող, գունավոր և հեղափոխություններ նախապատրաստող ուժերի ակտիվացման դեմ, քանզի նրանք չեն կարող ծառայել մեր ժողովրդի ազգային շահերին և իղձերին»:

Կոմունիստական կուսակցությունն արտաքին քաղաքականության ոլորտում առաջնային է դիտարկում «Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների հետ ռազմաքաղաքական կապերի ամրացումն ու զարգացումը», իսկ «Հայկական բանակին» վերաբերվող խնդիրներից է տեսնում «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հետ ռազմական համագործակցության խորացումը ՀԱՊԿ շրջանակներում»: Կոմունիստներն իրենց ծրագրում նաև հիշատակում են, որ «Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը»: Ծրագրում մի քանի անգամ հանդիպում է «հայ ժողովուրդ» եզրը: Այսպիսով, Հայաստանի կոմունիստական կուսակցության հոմոֆոբիան, տրանսֆոբիան խարսխվում է ազգային-պահպանողական (!), արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով՝ ընդգծված պրոռուսական գաղափարների ու դիրքորոշումների վրա:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում չկա հիշատակում ԼԳԲՏԻ անձանց և նրանց իրավունքների վերաբերյալ: Փոքրամասնություններից ծրագրում հիշատակվում են միայն հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը:

Կուսակցության ծրագրում նշվում է, որ հանրապետականները հենվելու են «ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա»: Տեքստում մի քանի անգամ հանդիպում է «ավանդական արժեքների» մասին հիշատակումը: Մարդու իրավունքների մասին հիշատակումն այսպիսին է. «Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, ռուսները, ասորիները, քրդերը, հույները և մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն», այսինքն՝ մարդու իրավունքների համատեքստում հիշատակվում են միայն ազգային խմբերը, այն էլ՝ իմպերատիվ պնդմամբ, թե բոլոր նրանք լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն ունեն: «Հայ ազգի», «աշխարհասփյուռ հայության» մասին հիշատակումներն էլ տեքստում հանդիպում են մի քանի անգամ: Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը հենված է ազգային-պահպանողական գաղափարախոսության վրա, ընդ որում ազգայինը՝ ակնհայտորեն էթնոազգային համատեքստում:

LGBTnews-ը վերջին երկու տարիների ընթացքում մեկ տասնյակից ավել հարցազրույցներ է անցկացրել ՀՀԿ-ի ինչպես առանցքային, այնպես էլ ոչ այնքան հայտնի անդամների՝ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների հետ, որոնցից և ոչ մեկը հանդես չի եկել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության դիրքերից: Այդ հարցազրույցներն ընթերցողը կարող է գտնել մեր կայքի արխիվում:

Նախընտրական շրջանում LGBTnews-ը նամակ է հղել Հանրապետական կուսակցությանը՝ առաջարկելով հարցազրույցի միջոցով հանրությանը ներկայացնել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ իրենց տեսակետները, սակայն մեր նամակին արձագանք չի հետևել: Նախընտրական շրջանում բանավոր հարցազրույցների փորձերը ՀՀԿ պաշտոնական ներկայացուցիչների հետ նույնպես հաջողությամբ չեն պսակվել՝ բացառությամբ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Գևորգ Կոստանյանի դեպքի: ՀՀԿ-ն նաև հրաժարվել է պատասխանել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հարցաշարին, որում հարցերից մեկը վերաբերում էր ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում տարբեր խմբերից նույնպես հիշատակվել են միայն հաշմանդամություն ունեցող անձինք: «Իրավունք» բառը տեքստում հանդիպում է երկու անգամ՝ կրթություն ստանալու իրավունքի և «հիվանդների իրավունքի» համատեքստում: Արտաքին քաղաքականության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքը «հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման օգտին» է հանդես գալիս և «ԵԱՏՄ, ԱՊՀ , ՀԱՊԿ շրջանակներում գործուն մասնակցություն ունենալու դիրքերից», բայց նաև եվրաինտեգրացիոն գործընթացներին «կառուցողական մասնակցություն ունենալու» դիրքորոշում ունի: Թե գաղափարական ինչպիսի հիմքերից է բխեցրել դաշինքն իր նախընտրական ծրագիրը՝ դժվար է ասել, քանի որ այն հիշեցնում է հիմնական գաղափարական հոսանքների տարբեր դրույթների խառնուրդ:

Հայ հեղափոխական դաշնակցությունը «այո» էր պատասխանել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հարցաշարի հարցին, թե արդյոք իրենք համաձա՞յն են, որ նույնասեռական անձինք պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ մյուս քաղաքացիները: Այնուամենայնիվ, Դաշնակցության նախընտրական ծրագրում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին հիշատակում նույնպես չկա:

LGBTnews-ը փորձել էր բանավոր հարցերի միջոցով կուսակցության հանրային կապերի պատասխանատուից պարզել Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը ԼԳԲՏԻ անձանց կոնկրետ իրավունքների ամրագրման վերաբերյալ, սակայն դա չէր հաջողվել: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակը վրդովվել էր, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հանրայնացրել է հարցաշարի իրենց պատասխանները, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ հարցի պատասխանը: 

Կուսակցությունը նաև չի արձագանքել LGBTnews-ի՝ Դաշնակցության պաշտոնական էլեկտրոնային ուղարկված հարցերին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հոմոֆոբ հայտարարություններ է արել:

Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում դիրքավորվում է իբրև «ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական» կուսակցություն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին խմբերից նշվում են միայն ազգային փոքրամասնությունները: Ծրագրում կարևորվում է պետության կողմից բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանությունը:

Նախընտրական շրջանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ամրագրման վերաբերյալ դաշինքի պաշտոնական տեսակետը LGBTnews-ի հետ զրույցում հնչեցրել է Արման Մուսինյանը: Ընտրություններին մասնակցելով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման, խաղաղության և հաշտության գաղափարական պլատֆորմով՝ դաշինքը նախընտրական շրջանում հիմնականում խոսել է այդ հարցերի մասին՝ շրջանցելով մյուս թեմաները, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերը:

Ավելի վաղ LGBTnews-ը հարցազրույցներ է անցկացրել կուսակցության փոխնախագահներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հայ Ազգային Կոնգրեսը սոցիալ-լիբերալ կուսակցություն է:

«ԵԼՔ» դաշինքը նույնպես «այո» է պատասխանել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հարցաշարի՝ ԼԳԲՏԻ անձանց իրավուքներին վերաբերող հարցին, սակայն դաշինքի նախընտրական ծրագրում այդ իրավունքների ամրագրման անհրաժեշտության մասին խոսք չկա:

Նախընտրական շրջանում LGBTnews-ի հետ զրույցում դաշինքի անունից ԼԳԲՏԻ անձանց իրավունքների ամրագրման հարցերին պաշտոնապես պատասխանել է Ալեն Սիմոնյանը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նույնպես դրական է պատասխանել վերոնշյալ նախաձեռնության հարցին, իսկ LGBTnews-ի հարցերին պատասխանել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը: Դաշինքի ծրագրում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ հիշատակումներ չկան: 

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին հիշատակում չկա, կուսակցությունը չի պատասխանել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հարցաշարին, ինչպես նաև չի արձագանքել LGBTnews-ի՝ կուսակցությանը պաշտոնապես ուղարկված հարցերին:

«Ազատ դեմոկրատներ»-ը համարում են, որ ԼԳԲՏԻ անձինք պետք է ունենան նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները: Այդպես են նրանք պատասխանել վերոնշյալ նախաձեռնության հարցաշարին:

LGBTnews-ը կուսակցությանն առաջարկել էր հանրությանը հարցազրույցի միջոցով ներկայացնել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ դիրքորոշումը: «Ազատ դեմոկրատներ»-ը շատ ուշ՝ քարոզարշավի վերջին օրը՝ երեկ երեկոյան են արձագանքել մեր նամակին՝ գրելով, որ «Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը մշտապես բաց և պատրաստակամ է լսելու, քննարկելու, վերհանելու  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն առնչվող հիմնախնդիրները: Ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ քարոզարշավի  հագեցած գրաֆիկի հետ կապված, հայցում ենք Ձեր ներողամտությունը, և խնդրում հարցաշարը ուղարկել էլկտրոնային տարբերակով»: LGBTnews-ն այսօր ուղարկել է հարցաշարը, բայց այս նյութի հրապարակման պահին մենք դեռևս պատասխաններ չենք ստացել: Ապագայում, պատասխանները ստանալուն պես, LGBTnews-ը կհրապարակի դրանք, թեկուզ արդեն ԱԺ ընտրությունների քվեարկությունից հետո: Ավելի վաղ մենք զրուցել էինք «Ազատ դեմոկրատների» ցուցակի առաջին համար Խաչատուր Քոքոբելյանի հետ: