Ըստ Արդարադատության նախարարի՝ մեղավոր է հասարակությունը, խորհրդային ժառանգությունը, միայն ոչ՝ իշխանությունը

«Խտրականության դեմ օրենսդրական լուծումները մեզ լրջորեն մտահոգում են: Երբ ես ինքս ինձ համար փորձում էի ժողովրդավարության ձևակերպումը գտնել, հասկացա, որ դրա լավագույն, օպտիմալ ու կարճ բնութագիրը հանդուրժողականությունն է: Այո՛, իմ կարծիքով ժողովրդավարության հիմքը հանդուրժողականություն է, այսինքն՝ գիտակցաբար հանդուրժելը մի տեսակի, որը քեզ նման չէ»,- այսօր այս մասին «Եվրասիա համագործակցության հիմադրամ»-ի կողմից կազամակերպված «Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների» հանրային քննարկման ժամանակ ասաց քննարկման բանախոս, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

 

Նա նշեց, որ պետք է հասարակության մեջ ձևավորել հանդուրժողականության մշակույթը և փորձել մարդկանց բացատրել, թե ինչու է այդ մշակույթի ձևավորումը կարևոր:

 

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից մշակվել էր Խտրականությունն արգելող օրենքի նախագիծ, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Քաղաքական ու հասարակական դաշտի որոշ ներկայացուցիչներ նախագծի դեմ դուրս եկան՝ անթաքույց կերպով արտահայտելով իրենց բացասական վերաբերմունքն այն կապակցությամբ, որ դրանում նույնասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն արգելող դրույթներ կային: Օրինագծի որոշ ընդդիմախոսներ կարծիք հայտնեցին, որ հիշյալ օրինագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում անթաքույց կերպով օրինականացնելու է Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու նրանց «կենսակերպի քարոզչության տարածումը»:

 

ՄԻՊ-ի կողմից ներկայացված օրինագծին կողմ արտահայտվող անձիք առ այսօր վստահ են, որ օրինագիծը չընդունվեց միայն այն պատճառով, որ դրանում նույնասեռական անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն արգելվում էր:

 

Ուստի LGBTnews.am-ը Արդարադատության նախարարին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք վերջինս վստա՞հ է, որ խտրականության մասին նոր, անգամ կատարյալ օրինագծի առկայության դեպքում այն դարձյալ չի հանդիպելու խոչընդոտների՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում անգամ քաղաքական գործիչները չունեն իրավագիտակցության այն մակարդակը, որն անհրաժեշտ է՝ ԼԳԲՏ անձանց ՀՀ մյուս քաղաքացիներից չտարանջատելու և նրանց իրավունքները հարգելու համար:

 

Ի պատասխան նախարարն ասաց.

 

«Իհարկե, անմտություն կլինի կարծել, որ եթե մենք ունենանք այդ համապարփակ ու կատարյալ օրենսդրական ակտն, ապա դրա իրականացումը պետք է հասարակության մեջ և պետական մակարդակում «հալած յուղի պես» ընդունվի: Բացի օրենսդրական խնդիրներից, կա նաև իրավական ու ժողովրդավարական մշակույթի խնդիր և մենք պետք է հասարակության հետ աշխատենք՝ այդ մշակույթի ձևավորման ուղղությամբ: Մենք չպիտի սպասենք այդ օրենքի ընդունմանն, այլ պետք է որոշակի աշխատանքներ տանենք: Այո՛, և՛ հասարակության, և՛ գուցե առանձին քաղաքական գործիչների մոտ հանդուրժողականության կարևորության գիտակցումն այնքան էլ չկա, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի այդ փաստն արձանագրենք ու այդ ուղղությամբ որևէ բան չանենք: Այնուամենայիվ, կցանկանայի արձանագրել, որ գուցե ոչ մեր ցանկացած տեմպերով, բայց իրավիճակը Հայաստանում փոխվում է»:

 

Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ խտրականության ամենավառ դրսևորումները առկա են Հայաստանի Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող Քրեակատարողական հիմնարկներում: Ինչպես Հայատանի մի շարք կազմակերպություններ, այնպես էլ միջազգային կառույցները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ ՔԿՀ-ներում նույնասեռական անձինք պահվում են հատուկ խցերում, նրանց հանձնարարվում է ամենաստորացուցիչ աշխատանքըˋ մաքրել զուգարանները, հատակը, սանհանագույցները, կոշիկները, բոլոր խցերը, աղբը, ճաշարաններից նույնասեռականները չեն կարող օգտվել այնպես, ինչպես բոլորը, նրանց սպասքը առանձնացված է, նրանք ամբողջովին մեկուսացված են մյուս դատապարտյալներից: Ուստի LGBTnews.am-ի լրագրողը Մանուկյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ շարունակ նույն խնդրի մասին բարձրաձայնվում է, սակայն խնդիրը լուծում չի ստանում, ինչպես նաև թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ բարձրաձայնված խնդիրները լուծելու ուղղությամբ:

 

Ի պատասխան Մանուկյանը նշեց.

 

«Դուք գիտեք, թե ինչ քրեակատարողական համակարգ ենք մենք ժառանգել Խորհրդային Միությունից՝ սկսած շենքերի ֆիզիկական պայմաններից, վերջացրած այն բարքերով, որոնք ծնվել են խորհրդային ժամանակահատվածում: Մենք ունենք 100-ից 200 տարեկան ՔԿՀ-ներ: Սակայն մենք նախորդ տարի կարողացանք ավարտին հասցնել նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը ժամանակակից պահանջներին համապատասխանում է: Ինչ վերաբերում է բարքերին, ապա հասարակության հանդուրժողականության հետ կապված խնդիրների առկայությանը ես արդեն անդրադարձա, և ուզում եմ ասել, որ այդ խնդիրների լուծման համար ժամանակ է պետք: Ես չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ և չընդունել, որ այդպիսի խնդիր ՔԿՀ-ներում գոյություն ունի, բայց այդ խնդրին ուղղված քայլեր մենք ամեն օր ենք կատարում, ըստ որում՝ ոչ միայն փորձում ենք դրա համար օրենսդրական լուծումներ գտնել, այլ նաև ամենօրյա հսկողություն է իրականացվում ՔԿՀ-ներում՝ այդ երևույթների կանխարգելման համար»:

 

LGBTnews.am-ի լրագրողը նախարարին հարց ուղղեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթում հրապարակված՝ «Նրանք սպասարկում են համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածի մասին՝ պարզելու համար, թե արդյոք, ըստ նախարարի, հոդվածում տեղ գտած «ազգի և պետության թշնամի» արտահայտությունն, ինչպես նաև հոդվածագրի կոչերն այն մասին, որ պետական և մասնավոր սեկտորում պետք է տեղ չտալ նույնասեռական անձանց և վերջիններիս իրավուքների պաշտպանությամբ զբաղվողներին, դիտարկելի՞ է իբրև խտրականության և ատելության խոսքի դրսևորում, սակայն Մանուկյանն այս հարցին չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ քննարկման նպատակը ոչ թե միայն ԼԳԲՏ անձանց, այլ առհասարակ հասարակության բոլոր շերտերի նկատմամբ խտրականության դրսևորումներն են:

 

«Ես չեմ ցանկանում անցնել կոնկրետ դեպքերի և անձանց ու փորձել գնահատականներ տալ նրանց»,- ասաց նախարարը: