Ըստ մշակույթի նախարարության՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականության կոչը սոցիալական հարաբերություններ կարգավորելու նպատակ չի հետապնդում

Մշակույթի նախարարությունը շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ և ընտանեկան բռնության դեմ գովազդները համարում է սոցիալական, իսկ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելուն ուղղված գովազդում չի տեսնում սոցիալական հարաբերություններ կարգավորելու նպատակ:

Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ PINK Armenia հասարակական կազմակերպության հայցի քննությունն ընդդեմ նախարարության, որի շրջանակներում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը դատարանին հանձնեց վերջին շրջանում նախարարությանը ներկայացված գովազդի 2 հայտ, որոնք նախարարությունը սոցիալական գովազդ է համարել:

Դրանցից մեկը՝ «մաքուր Հայաստան» և մյուսը՝ «ընտանեկան բռնության դեմ» գովազդներն էին:

«Սոցիալական գովազդը ոչ առևտրային գովազդ է, այն իսկապես պետք է որոշակի սոցիալական հարց կարգավորի: Հանձնաժողովը չի գտել, որ PINK Armenia հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գովազդում առկա է սոցիալական խնդիր, փաստի, հասարակական վարքականոնի, բացասական երևույթի կանխարգելման և դրա դեմ պայքարելու նպատակ»,- դատարանում հայտարարեց Անուշ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունը դիմել է Մշակույթի նախարարություն՝ «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն, Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվանումներով տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ ճանաչելու վերաբերյալ հայտով, սակայն սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը վերը նշված պաստառներն ու տեսանյութերը սոցիալական գովազդ չի ճանաչել: Այս որոշումը բողոքարկվել է դատարան:

Ներկայացված պաստառներում ու տեսանյութերում, ըստ Անուշ Ղազարյանի խոսքի՝ այլ կազմակերպության գովազդ է արվում, որը ֆինանսապես բավականին ապահովված է: Ըստ նախարարության ներկայացուցչի`պաստառների վրա կայքի հղում է եղել, QR կոդ, և հանձնաժողովը որոշում կայացնելիս ուշադրություն է դարձրել հենց այդ հանգամանքներին, այլ ոչ գովազդի բովանդակությանը:

«Եթե այդքան կարևոր է գովազդվել, ապա իրենք կարող են դիմել քաղաքապետարան ու թույլտվություն ստանալ դրանք տեղադրելու համար՝ ոչ որպես սոցիական գովազդ»,- ասաց Ղազարյանը:

Վերջինս դատարանին ներկայացրեց նաև գովազդի երկու հայտ, որոնք նախարարությունը սոցիալական չի ճանաչել: Ըստ Անուշ Ղազարյանի`այդ երկու գովազդները եղել են առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված գովազդներ: Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը դիտարկեց, որ գուցե որևէ կազմակերպություն ֆինանսական միջոցներ ունի, սակայն սոցիալական գովազդ է ցանկանում անել:

«Սոցիալական գովազդում չի կարող գովազդվել մեկ այլ կազմակերպություն»,- ասաց Անուշ Ղազարյանը:

«Օրենքում նման բան չկա»,- պատասխանեց Հասմիկ Պետրոսյանը:

«Շուտով կլինի, օրենսդրական փաթեթ է նախաձեռնվել»,- ասաց Ղազարյանն, իսկ Հասմիկ Պետրսյանը հիշեցրեց, որ նախարարությունը պարտավոր է առաջնորդվել գոյություն ունեցող իրավակարգավորումներով:

Դատական նիստի ընթացքում նախարարության ներկայացուցիչն, ով ասել էր, թե գովազդների բովանդակությունը քննարկման առարկա չի դարձել, հակասեց ինքն իրեն ու խոսեց դրանց բովանդակության մասին, հանձնաժողովի կողմից կայացված որոշումը պարզաբանեց՝ նկատի ունենալով պաստառների ու տեսանյութերի բովանդակությունը:

«Այդ լուսանկարները առկա են գործում: Լուսանկարները անչափահաս երեխաների համար կարող են լինել ոչ հասկանալի կամ նույնիսկ խեղաթյուրման պատճառ դառնալ: Ներկայացված պաստառների բովանդակության մեջ խտրականության հարց, որևէ սոցիալական կարևոր հարցի լուծում չկա, դրանք իրազեկելու անհրաժեշտություն չկա: Մենք ուղղակի չենք կարողացել հասկանալ, թե այդ գովազդը Հայատանի Հանրապետությունում ի՞նչ խնդիր է լուծելու»,- ասաց Անուշ Ղազարյանը:

«Համեցեք, հարգելի՛ հայցվող, պատասխանող կողմին հետաքրքրում է, թե այդ գովազդն ի՞նչ հարց է լուծում, բացի մի խումբ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»,- հայցվորի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանին դիմելով՝ ասաց դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:

«Հարցը նման ձևակերպմամբ անտրամաբանական է ստացվում, քանի որ խնդիրը հենց այդ անձանց իրավունքների պաշտպանությունն է»,- ասաց Պետրոսյանն ու նկատեց, որ նման բովանդակությամբ գովազդներ պետք է ոչ թե իրենք, այլ պետությունն աներ, որը մարդու իրավունքների և ազատությունների ապահովման վերաբերյալ միջազգային մի շարք պարտավորություններ է ստանձնել:

Դատավոր Խանդանյանը պատասխանող կողմին հարց ուղղեց, թե ինչի՞ հիման վրա է նախարարությունը եզրահանգման եկել, որ պաստառների բովանդակությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ անչափահասների շրջանում:

«Հարգելի՛ դատարան, և՛ անչափահասները, և՛ մեծերն այդ հարցերի իրազեկման կարիքը չունեն, քանի որ համացանցում այդ մասին բավարար տեղեկություն կա»,- ասաց Անուշ Ղազարյանը:

Նշենք, որ Մշակույթի նախարարությունը PINK Armenia-ի գովազդները սոցիալական չճանաչելու վերաբերյալ եզրակացության մեջ նշել է, որ հասարակությունը բավարար չափով տեղեկացված է, որ գոյություն ունեն «ոչ ավանդական կողմնորոշում» ունեցող անձինք, և Ղազարյանի խոսքը, ըստ էության, դարձյալ այս նույն միտքն էր պարունակում:

Հասմիկ Պետրոսյանը Ղազարյանին հարց ուղղեց, թե արդյոք հասարակությունը տեղեկացված չէ՞, որ գոյություն ունի ընտանեկան բռնություն, և եթե տեղեկացված է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նախարարությունն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված գովազդը սոցիալական է ճանաչել:

«Մարդիկ տեղյակ են, բայց այստեղ ընտանեկան բռնության ենթարկվող անձանց պետության կողմից պաշտպանության հարցն է էական»,- ասաց Ղազարյանն ու խոսքը կառուցեց այնպես, կարծես ընտանեկան բռնությունը սոսկ կանանց նկատմամբ բռնությունն է:

Հասմիկ Պետրոսյանը հիշեցրեց ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ընտանեկան բռնության երևույթի մասին՝ այսպիսով ցանկանալով շեշտել, որ ընտանեկան բռնությունը սոսկ կանանց նկատմամբ բռնությունը չէ:

Այսօրվա նիստին PINK Armenia-ն դատարանին ներկայացրեց նաև իրենց կողմից հրապարակված մի քանի զեկույց, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ Հայաստանում առկա խտրականությունը: Զեկույցները կցվեցին գործին: Ըստ հասարական կազմակերպության՝ դրանք ապացույցն են այն բանի, որ Հայաստանն ունի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության կանխարգելմանն ուղղված սոցիալական գովազդի կարիք:

Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, և դատական նիստը հետաձգվեց, որպեսզի կողմերը պատրաստվեն ճառերին: