Թայվանի Սահմանադրական դատարանը որոշեց օրինականացնել նույնասեռ ամուսնությունները երկրում

Նախօրեին Թայվանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի քաղաքացիական օրենսգրքի հոդվածը, որն ամուսնությունը սահմանում է որպես «միություն կնոջ և տղամարդու միջև», հակասում է սահմանադրությանը: Այսպիսով դատարանը «կանաչ լույս» է վառել ամուսնության հավասարության հաստատման համար:

Ամուսնության մասին օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է մտցվեն առաջիկա երկու տարվա ընթացքում: Թայվանը կդառնա նույնասեռական ամուսնություններն օրինականացրած առաջին ասիական երկիրը:

Նույնասեռ ամուսնությունների հարյուրավոր կողմնակիցներ գույնզգույն անձրևանոցներով հավաքվել էին կղզու խորհրդարանի մոտ՝ տոնելու որոշումը:

Երկար տարիների ընթացքում երկիրի ԼԳԲՏԻ ակտիվիստները պայքարում էին նույնասեռ ամուսնությունների օրինականացման համար: 2003-ին Թայվանի իշխանություններն օրինագիծ մշակեցին, որը թույլ կտար նույնասեռականներին գրանցել ամուսնություններն ու երեխաներ որեգրել, սակայն նախագահ Մա Յինգ-Ցզյուն այդ ժամանակ հայտարարել էր, որ օրինագծի հաստատման համար դրան պետք է հավանություն տա երկրի բնակչության մեծ մասը:

2012-ին ԼԳԲՏԻ ակտիվիստները նույնասեռ ամուսնությունների մասին նոր օրենքի նախագիծ էին մշակել, սակայն այն նույնպես քննարկման փուլում երկրի խորհրդարանի կողմից մերժվել էր: Նույնասեռ ամուսնությունների օրինականցման մասին վերջին օրինագիծը, որը կազմվել էր իշխող Դեմոկրատական կուսակցության կողմից, ընդունվել էր խորհրդարանի առաջին ընթերցմամբ, իսկ դրա վերջնական ընդունումը հետաձգվել էր մինչև 2017-ի մայիս: