Թայվանում առաջին ընթերցմամբ ընդունվել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծը

Թայվանում օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Օրենսդիր յուանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծը: 

Օրինագծի վերջնական ընդունման դեպքում Թայվանը կարող է դառնալ Ասիայում նույնասեռ ամուսնություններն օրինականացրած առաջին երկիրը:

Օրինագիծը թեժ քննարկումներ է առաջացրել ինչպես նույնասեռ ամուսնությունների կողմնակիցների, այնպես էլ՝ դրա հակառակորդների շրջանում: Ըստ տարբեր գնահատականների՝ Օրենսդիր յուանի շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացի է հավաքվել՝ հարցի վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով վերջնական քվեարկությունը նախատեսված է 2017-ի փետրվարին:

Հիշեցնենք, որ Թայվանի խորհրդարանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել գեյ պրոֆեսորի աղմկահարույց ինքնասպանությունից հետո: Հոկտեմբերի 16-ին ծագումով ֆրանսիացի Ժակ Պիքյուն 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից դուրս էր նետվել: Ըստ պրոֆեսորի մտերիմների՝ նրա ինքնասպանության պատճառը զուգընկերոջ՝ Ցզեն ՉինգՋաոյի մահն է: Ցզենը, որի հետ պրոֆեսորն ապրել է 35 տարի, 2015-ին մահացել էր քաղցկեղից: Իշխանությունները Պիքյուին թույլ չեն տվել զուգընկերոջ կյանքի վերջին օրերին մասնակցել բժշկական որոշումների կայացմանը և չեն ընդունել Ցզենի ունեցվածքի վերաբերյալ նրա իրավունքները, քանի որ պետությունում նույնասեռ ամուսնությունների բացակայության հետևանքով զուգընկերների միությունն իրավաբանորեն գրանցված չի եղել: