Թել Ավիվում գեյ շքերթին մասնակցել է մոտ 100 հազար մարդ. ներկա է եղել նաև Կոնչիտա Վյուրստը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի է ունեցել գեյ շքերթ, որին մասնակցել է մոտ հարյուր հազար մարդ, հաղորդում է Reuters-ը: Միջոցառումն ավարտվել է ավստրիացի երգիչ, «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հաղթող Թոմաս Նոյվիրտի (բեմական անունը՝ Կոնչիտա Վյուրստ) ելույթով: Շքերթի մասնակիցներին ողջունել են մայրաքաղաքի ղեկավար Ռոն Հուլդաին և Իսրայելի մշակույթի նախարար Միրի Ռեգևը: 

 

Հատկանշական է, որ Իսրայելի մայրաքաղաքում շքերթն անցկացվում է արդեն 17 տարի անընդմեջ: 

 

Միջոցառման նախօրեին երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձ էր հղել ԼԳԲՏ քաղաքացիներին, որում մասնավորապես ասված էր. «Հանուն օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայքարը ժամանակ է պահանջում, և մենք այդ ուղղությամբ դեռ տևական ճանապարհ ունենք անցնելու: Ես հպարտ եմ, որ Իսրայելը ԼԳԲՏ համայնքի համար ամենաբաց երկրներից մեկն է աշխարհում, համայնք, որի ներկայացուցիչները տարեցտարի ավելի մեծ հարգանք են ձեռքբերում»:

 

Նշենք, որ այս տարի Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել էին խորհրդարանական մանդատների համար պայքարող հիմնական կուսակցությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման ժամանակ վարչապետ Նեթանյահուն խոստացել էր ընդլայնել ԼԳԲՏ անձանց իրավունքները: Արդեն մայիսին հայտնի դարձավ, որ Իսրայելի Պաշտպանության բանակի ղեկավարությունը որոշում է կայացրել պարտադիր զինծառայություն չանցած ԼԳԲՏ քաղաքացիներին տարկետման հնարավորություն ընձեռել, եթե նրանց զուգընկերը զորակոչման է ենթակա միաժամանակ ու եթե զույգը զավակ կամ զավակներ ունի, ընդ որում՝ անկախ այն բանից՝ գրանցված են զուգընկերների հարաբերությունները, թե՝ ոչ: 

 

Իսրայելում նույնասեռ զուգընկերությունը դիտվում է իբրև չգրանցված համակեցություն: Նման չգրանցված հարաբերություններն Իսրայելում շատ են նաև հետերոսեքսուալ զույգերի պարագային, քանի որ երկրում ամուսնությունները «ղեկավարվում են» կրոնական միավորումների կողմից, իսկ քաղաքացիական ամուսնության (պետական իշխանության համապատասխան մարմնի կողմից գրանցվող և ձևակերպվող) ինստիտուտ երկրում գոյություն չունի: Ի դեպ, արտերկրում գրանցված քաղաքացիական ամուսնությունները, ինչպես նույնասեռ, այնպես էլ՝ հետերոսեքսուալ, Իսրայելը ճանաչում է: 

 

 

Լուսանկարները՝ Associated Press-ի: