Թոմաս Բախն առաջարկել է ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականությունն արգելող դրույթ ավելացնել Օլիմպիական Խարտիայում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն առաջարկել է Օլիմպիական Խարտիայի մեջ ավելացնել կետ, որով կարգելվի խտրականությունը սեռական կողմնորոշման հիմքով:

 

Սոչիում կայացած ձմեռային Օլիմպիադայից առաջ ՄՕԿ-ը մի քանի ամիս շարունակ քննադատության էր ենթարկվում այն բանի համար, որ միջազգային առաջատար սպորտային միջոցառումն անցկացվեց Ռուսատանում, որտեղ «հակաԼԳԲՏ» օրենք է գործում:

 

Օլիմպիական կոմիտեի նախագահի առաջարկը պետք է քննարկվի դեկտեմբերի 8-ին Մոնակոյում կայանալիք ՄՕԿ-ի նիստի ընթացքում:

 

Նշենք, որ Օլիմպիական Խարտիայում ասված է, որ «պետության կամ անձի հանդեպ խտրականության ցանկացած դրսևորում՝ ռասայական, կրոնական, քաղաքական կամ այլ բնույթի, կամ սեռի հատկանիշով անհամատեղելի է Օլիմպիական շարժման հետ»:

 

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները տևական ժամանակ է՝ պայքարում են ՄՕԿ-ի՝ խտրականության դեմ քաղաքականությունն ավելի խստացնելու ու ԼԳԲՏ համայնքի մասով կոնկրետացնելու ուղղությամբ: