Թվով 30 հասարակական կազմակերպություն մտահոգություն է հայտնել 16 քաղաքացիների հայցի մերժման կապակցությամբ

Թվով 30 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված ընդդեմ «Իրավունք»-ի 16 քաղաքացիների դատական հայցի մերժման հետ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: 

 

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։

 

Մասնավորապես, հայտնում ենք մեր մտահոգությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ, որտեղ դատարանը վճռել է մերժել թվով 16 հայցվորների պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար:

 

Հայցի առարկա հանդիսացող «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որը հանդիսանում է ատելության և խտրականության կոչ, վիրավորում է քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

Սույն որոշմամբ դատարանը վտանգում է քաղաքացիների անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը, և նպաստում է խտրականության հետագա առավել վտանգավոր դրսևորումներին:

 

Համոզված ենք, որ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը, որը հովանավորվում է պետական մակարդակով, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և պարարտ հող` ատելության հիմքով ավելի ծանր դրսևորումներով նոր հանցագործությունների համար։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բորիսի Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը` պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին պետական ամենաբարձր մակարդակով մեդալների շնորհումը կանաչ լույս է վառում երկրում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածման համար։

 

Ատելություն, նախապաշարմունքներ և խտրականություն տարածողների գործողությունների նկատմամբ պետական մարմինների կողմից անտարբերությունը, անուշադրություն և խրախուսող վերաբերմունքը սպառնում են հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Ծայրահեղական և այլամերժ, անօրինական դրսևորումներին իրավական, քաղաքական համարժեք գնահատականների բացակայությունը կհանգեցնի անպատժելության խորացմանը Հայաստանի Հանրապետությունում։

 

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից

 

  • դատապարտել զանգվածային լրատվության և այլ միջոցներով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացվող խտրականությունն ու ատելությունը խրախուսող կոչերը,
  • ապահովել դատարանի կողմից ատելության հիմքով գործերով արդար, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը,
  • ապահովել սույն գործով թիրախավորված տասնվեց հայցվորների անվտանգությունը և անձեռնմխելիությունը, խտրականությունից և բռնությունից զերծ մնալու նրանց իրավունքը:

 

Հայաստանի Հանրապետությունում պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` որպես ՀՀ քաղաքացիների ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման միակ երաշխիք:

 

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Հետերոսեքսուալների ալյանս` ի պաշտպանություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի»

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Շահխաթուն» ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ

«Սոցիոսկոպ» հասարակագիտական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

«Հավասար հնարավորությունների ապահովում» ՀԿ

«Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ»

«Բամբիռ» մշակութային ՀԿ