Թրամփի նախագահությունը դրական ոչինչ չի խոստանում ԼԳԲՏ անձանց համար

ԼԳԲՏ ակտիվիստներն առաջիկա տարիների համար ԱՄՆ-ում կոշտ պայքարի են պատրաստվում. ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը շարունակում է պահպանել վերահսկողությունը Կոնգրեսում, իսկ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրվեց երկրի նախագահ, գրում է Pinknews-ը: 

Հունվարին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ստանձնի իր նախագահական պարտավորությունները, Հանրապետական կուսակցությունը 2005-ից հետո առաջին անգամ կունենա ամբողջական վերահսկողություն թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության վրա: 

Թրամփի ընտրվելը նշանակում է, որ Դեմոկրատներն այլևս հնարավորություն չեն ունենալու զսպել Հանրապետականների հարձակումները ԼԳԲՏ անձանց իրավունքների վրա: Օբաման նախկինում, օգտագործելով գործադիր իշխանությունը, պահպանում էր հավասարությունը Կոնգրեսում․ մի բան, որ Թրամփը խոստացել է չանել: 

Ավելի վաղ այս տարվա ընթացքում Հանրապետական կուսակցության քաղաքական ծրագրում ընդգրկվել են տասնամյակների ընթացքում ամենահոմոֆոբ դրույթները: Այդ ծրագրով հանրապետականները դեմ են արտահայտվում նույնասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրմանը, դեմ են «նույնասեռականությունից բուժման» իրավական արգելքին: 

Կայքը հիշեցնում է, որ Հանրապետական նորընտրիր նախագահը ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող որևէ ծրագիր չի հրապարակել, ինչպես նաև չունի ծրագիր՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի հետ կապված: Ժամանակին ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ զուսպ դիրքորոշում ունեցող Թրամփը կոշտ ավետարանական քաղաքականություն է որդեգրել: 

Փոխնախագահ Մայք Փենսը հաստատել է, որ իրենք ծրագրում են չեղարկել Օբամայի՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականությունն անօրինական ճանաչող հրամանը: 

Թրամփը նաև հաստատել է, որ կստորագրի Հանրապետականների մշակած օրինագիծը (First Amendment Defence Act), որով պաշտպանություն են ստանում կրոնական հիմնավորումներով ԼԳԲՏ ամուսնություններին դեմ անձինք։ 

Կաթոլիկ շահագրգիռ խմբերին ուղղված իր ելույթում Թրամփը հաստատել էր, որ ինքը վետո չի դնի այդ օրենքի վրա, որն արգելում է իշխանություններին որևէ «քայլ ձեռնարկել անձի դեմ, եթե տվյալ անձը հավատում է կամ գործում է համաձայն իր կրոնական կամ բարոյական համոզմունքների՝ համարելով, որ ամուսնությունը կա կամ պետք է լինի մեկ կնոջ և մեկ տղամարդու միջև միություն»:
Նման օրենքը մասամբ կօրինականացնի կրոնական հողի վրա խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ բոլոր ոլորտներում՝ աշխատավայրերից մինչև առողջապահության՝ արգելելով իշխանություններին միջամտել: 

Օրենքն անցկացնելիս՝ Թրամփն ու Փենսը պետք է չեղարկեն Օբամայի 2014-ի հրամանը, որն արգելում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը պետական հաստատություններում: 

Հանրապետական թեկնածուի հաղթանակը նաև նշանակում է, որ Դեմոկրատների մշակած Հավասարության ակտը՝ օրինագիծ, որը փոփոխություններ կմտցներ 1964 թվականի քաղաքացիական իրավունքների ակտում՝ դաշնային մակարդակով անօրինական ճանաչելով խտրականությունը գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հիմքով, այժմ ընդունման որևէ շանս չունի: 

Գերագույն դատարանի հետ կապված Դոնալդ Թրամփի մտադրությունները նույնպես ԼԳԲՏ անձանց իրավունքների վրա բացասական ազդեցության կունենա: 

Թրամփն իբրև նախագահ, ամենայն հավանականությամբ, իրավասու կլինի ԱՄՆ Գերագույն դատարանում 2 կամ 3 դատավոր նշանակել, իսկ այդ դատարանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հիմնական հարցերը որոշվել են մեծ դժվարությամբ՝ 5/4 հարաբերակցությամբ: 

Թրամփի հրապարակած՝ Գերագույն դատարանի թեկնածուների ցուցակը կազմված է միայն հակա-ԼԳԲՏ/հոմոֆոբ պահպանողականներից: Եթե Գերագույն դատարանում հավաքվի հակա-ԼԳԲՏ մեծամասնություն, ԼԳԲՏ իրավունքների համար անբարենպաստ իրավիճակ կարող է հաստատվել տասնամյակներով:
Բազմաթիվ հարցեր կարող են ուղղակի չհասնել դատարան՝ տրանսգենդերների իրավունքների հարցեր, հակախտրական պաշտպանիչ մեխանիզմներ և այլն։