Թրամփն արգելել է տրանսգենդերների ծառայությունը զինված ուժերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինված ուժերում տրանսգնեդեր մարդկանց ծառայությունն արգելող հրամանագիր է ստորագրել: Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում նշվում է նաև, որ արգելքն ուժի մեջ է մտնելու անմիջապես, թեև առկա են նման որոշումը վիճարկող մի շարք դատական կարգադրություններ: 

Սպիտակ տունը հաղորդում է, որ Թրամփն այս որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով պաշտպանության նախարարի ու ռազմական փորձագետների խորհուրդները: Համաձայն հուշագրի՝ բանակում ծառայությունն արգելվում է մարդկանց, որոնք ունեն «գենդերային դիսֆորիա» և բժշկական օգնության կարիք, այդ թվում՝ վիրահատությունների և դեղորայքի:

 
Սահմանափակումները հիմնավորվում են այն հանգամանաքով, որ «բանակում բժշկական ծառայությունների կարիք ունեցող տրանսգենդերների առկայությունը զգալի ռիսկ է զինվորականների արդյունավետության համար»: Հուշագրի տեքստում ասվում է նաև, որ «որոշակի հանգամանքներում կարող են բացառություններ արվել»: 

 
Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ բանակի հետ պայմանագիր էր կնքել իր ինքնությունը չթաքցնող առաջին տրանսգենդեր մարդը: Տարբեր գնահատականներով՝ ԱՄՆ բանակում ծառայում է 1300-ից մինչև 6 հազար տրանսգենդեր:
 
Հիշեցնենք, որ բանակում տրանսգենդեր մարդկանց ծառայության արգելքը հանել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օմաբայի վարչակազմը: Դեռևս նախորդ տարի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Օբամայի նախաձեռնությունը չեղարկելու մտադրության մասին՝ նշելով, որ Օբաման ապացույցներ չի ներկայացրել, որոնք կփաստեին, որ արգելքի վերացումը չի խախտի զինված ուժերի միասնականությունը և վնաս չի հասցնի զինված ուժերի ռեսուրսներին: Թրամփի որոշումը կասեցվել էր մի քանի դատարանների կողմից, իսկ այս տարի հունվարին Պենտագոնը ստիպված էր եղել պաշտոնապես թույլատրել տրանսգենդերների ծառայությունը։ 
 
Նշենք, որ մեկնաբանելով Թրամփի հրամանագիրը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նենսի Փելոսին այն անվանել է «վախկոտ» և «գարշելի»։
 
«Այս արգելքի նպատակը զինված ուժերում արդեն իսկ ծառայող տրանսգենդեր մարդկանց ստորացնելն է»,֊ վրդովված ընդգծել է Փելոսին։