Ժամանակն է վերջ դնելու ծիածան ընտանիքների նկատմամբ խտրականությանը. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստին երեկ վեհաժողովը կողմ քվեարկեց Ջոնաս Գունարսոնի(Շվեդիա) «Անձնական և ընտանեկան կյանք. հասնել հավասարության` անկախ սեռական պատկանելությունից» բանաձևի օգտին, գրում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Բանաձևն ընդունվեց 67 կողմ, 14 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել բանաձևի քվեարկությանը: 

«Խիստ կարևոր և հրատապ» հայտարարելով այն փաստը, որ եվրոպական պետությունները հաղթահարում են ծիածան ընտանիքներում մեծահասակաների և երեխաների նկատամամբ դրսևորվող խտրականությունը՝ ԵԽԽՎ-ն կոչ արեց վերացնել սեռական կողմնորոշման հիման վրա անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող ոլորտներում վերաբերմունքի անհիմն տարբերությունները:

Ընդունելով բանաձևը՝ Վեհաժողովը նշեց, որ իրավական համակարգերը պետք է ընդունեն այն իրականությունը, որ Եվրոպայի տարածքում նույնասեռական և այլ ծիածան ընտանիքներ գոյություն ունեն և ունեն «նույն պահանջները, ինչ յուրաքանչյուր այլ ընտանիք»:

Զեկույցի տեքստում ընդծված է, որ ԵԽԽՎ անդամ պետությունները պետք է իրենց օրենքները և սահմանադրությունները համապատասխանեցնեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը՝ նույնասեռական ընտանիքներին ապահովելով «կոնկրետ իրավական հիմքով, որը ճանաչում և պաշտպանում է նրանց միությունները» և նույնն ապահովեն վարձակալության և բժշակական ապահովագրության իրավունքների մասով:        

Նույնասեռական զույգերը պետք է նաև հնարավորություն ունենան առանց խտրականության օգտվելու բնակության, քաղաքացիության, ընտանիքի վերամիավորման, բժշկական խնամքի, ունեցվածքի, ժառանգության իրավունքներից: Ծիածան ընտանիքներում ծնողներին և երեխաներին առանց խտրականության պետք է հասանելի լինեն ծնողական իրավունքների, որդեգրման, երեխաների ճանաչման և արհեստական բեղմնավորման իրավունքները:

Ծննդյան վկայականներում պետք է նշված լինի տրանսգենդեր ծնողների իրական գենդերային ինքնությունը, իսկ այն մարդիկ, ովքեր օգտագործում են իգական կամ արականից բացի այլ օրինական գենդերային պիտակներ, պետք է հնարավորություն ունենան երեխաների հետ կնքելու իրենց հարաբերություններն առանց խտրականության:  

Եվ վերջապես, ԵԽԽՎ-ն երկրներին կոչ արեց «ակտիվորեն աշխատել» հաղթահարելու նախապաշարմունքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հարցերում և ծիածան ընտանիքների նկատմամբ «ընդունող և հարգալից» լինել: