Ի՞նչ է նկատի ունեցել Դաշնակցությունը՝ «այո» պատասխանելով

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ պարզելու համար LGBTnews-ը հարցազրույցների շարք էր նախաձեռնել քաղաքական միավորների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Այդ ցանկում էր նաև Դաշնակցությունը:

Մենք  նախկինում մի քանի անգամ փորձել ենք  ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վերաբերյալ խոսել Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, նրանցից ոմանք արտահայտել են այս խմբի նկատմամբ իրենց վերաբերմունքն առանց ձայնագրիչի (off the record)` հրաժարվելով հրապարակային դիրքորոշում հայտնելուց: Բացառություն է եղել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որի երկու՝ տարբեր ժամանակներում իրականացված հարցազրույցները հրապարակված են կայքում:

«Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության՝ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր միավորներին ուղարկված հարցաշարի հարցերին պաշտոնապես պատասխանելով՝ Դաշնակցությունը նշել էր, թե կողմ է, որ նույնասեռական անձինք Հայատանում ունենան նույն իրավունքներն, ինչ այլ քաղաքացիները:

Արդյոք Դաշնակցությունը պատրա՞ստ է Ազգային ժողովում այս խմբի իրավունքների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, վերոնշյալ հարցաշարում ընդգրկված հարցին «այո» պատասխանելով՝ նույն իրավունքների ինչպիսի՞ ծավալ է նկատի ունեցել կուսակցությունը: Այս և այլ հարցերի պատախաններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Դաշնակցության՝ հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանի հետ:

Լսելով մեր առաջին հարցը՝ Մանուկյանը վրդովվեց այն բանից, որ «Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն իր հարցման պատասխանները հանրայնացրել է:

«Մենք այդ պատասխանները չենք տվել, որ այդ նախաձեռնությունն այլ հասարակական կազմակերպության տա»,- ասաց Գայանե Մանուկյանը, թեև նախաձեռնությունը հարցման արդյունքները ոչ թե ինչ-որ հասարակական կազմակերպության է տրամադրել, այլ հրապարակել է հանրության առաջ:

Գայանե Մանուկյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք Դաշնակցությունը, դրական պատասխանելով «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հարցաշարի վերոնշյալ հարցին, համաձա՞յն է, որ Հայաստանում նույնասեռ ամուսնությունները պետք է օրինականացվեն, և ընդրանրապես՝ դրական պատասխանելով՝ իրավունքների ամրագրման ինչպիսի՞ ծավալ նկատի ունի կուսակցությունը:

«Այդ անձինք ունեն քվեարկության իրավունք»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը պարզապես լրատվամիջոցների հետ աշխատանքները համակարգող է:

Խնդրեցինք իր աշխատանքային պարտականություններից ելնելով՝ մատնանշել Դաշնակցության որևէ անդամի, ով կներկայացնի կուսակցության դիրքորոշումը մեր հնչեցրած հարցերի վերաբերյալ, սակայն Մանուկյանը հրաժարվեց անուններ տալ՝ առաջարկելով գրավոր ուղարկել հարցերը:

«Ուրիշների մեկնաբանությունների վերաբերյալ հարցեր չուղարկե՛ք և չցիտե՛ք»,- «զգուշացրեց» տիկին Մանուկյանը:

LGBTnews-ը հարցերը մի քանի օր առաջ ուղարկել է Դաշնակցության պաշտոնական էլեկտրոնային հասցեին, սակայն այսօր արդեն նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, և մենք որևէ պատասխան նամակ չենք ստացել:

Մենք, այնուամենայնիվ, կշարունակենք հետևոական ջանքեր գործադրել հետագայում Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ ստանալու ուղղությամբ: