Ի՞նչ հիմքով է դատարանը մերժել ԼԳԲՏ պաստառների հարցով մշակույթի նախարարության դեմ հայցը. Pink-ը կբողոքարկի որոշումը

Pink Armenia հասարակական կազմակերպությունը կբողոքարկի Վարչական դատարանի որոշումը՝ կազմակերպության հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության մերժելու մասին: Այս մասին LGBTnews-ին ասաց կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանը:

Նշենք, որ Pink-ը հայց էր ներկայացրել դատարան` ԼԳԲՏԻ թեմայով պաստառները սոցիալական գովազդ չճանաչելու նախարարության որոշման դեմ, սակայն Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, մերժել է հայցը:

Հասարակական կազմակերպությունը մայիս ամսին դիմել է Մշակույթի նախարարություն՝ «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն, Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվանումներով տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ ճանաչելու վերաբերյալ հայտով, սակայն սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը վերը նշված պաստառներն ու տեսանյութերը սոցիալական գովազդ չէր ճանաչել, և հանձնաժողովի այս որոշումն է, որ բողոքարկվել է դատարան:

Դատարանը, իրավական մի շարք նորմեր վկայակոչելով և դրանք վերլուծելով, արձանագրել է, որ սոցիալական գովազդի համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայություն՝

1. գովազդն առևտրային բնույթ չպետք է կրի,

2. այն որոշակի տեղեկատվություն պետք է լինի, որը վերաբերելի է մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների,

3. տարածվող տեղեկատվությունը հասարակությանը իրազեկելու նպատակ պետք է հետապնդի,

4. գովազդը լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից պարտադիր պետք է հավանության արժանացած լինի։

Դատարանը նշել է, որ ի թիվս այս պայմանների՝ գովազդը միևնույն ժամանակ սոցիալական համարելու համար անհրաժեշտ է, որ վերջինիս վերաբերելի լինի՝

1. մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման բնագավառին (ստորակետերով բաժանված պայմաններ)

2. առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների (ստորակետերով և «և» շաղկապով բաժանված պայմաններ):

Ըստ դատարանի իրավական վերլուծության և գնահատման, գովազդը կարող է սոցիալական ճանաչվել, եթե բավարարում է նախատեսված բնագավառներին առնչվելու պայմանին: Մինչդեռ քննվող գործի շրջանակներում, ըստ դատարանի գնահատման, հայցվոր կողմը` Pink Armenia-ն չի հիմնավորել ներկայացված գովազդի առնչությունը մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման բնագավառին կամ առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառներին:

«Այսինքն՝ մեկ բնագավառի կամ մի քանի բնագավառներից մեկին կամ ոչ բոլորին առնչվող տեղեկատվությունը սոցիալական գովազդ ճանաչելու համար օրենսդրական հիմքեր չկան»,- որոշման մեջ նշել է դատարանն ու արձանագրել, որ հայցվորի կողմից ներկայացված գովազդը գուցե առնչվում է մեկ կամ մի քանի բնագավառի, սակայն օրենքի իմաստով այն բավարար չէ սոցիալական գովազդ որակելու համար, քանի որ չի բավարարում օրենքով թվարկված պարտադիր բոլոր բնագավառներին: 

Վերը նշվածի հիման վրա դատարանը եզրահանգում է, որ հայցվորի կողմից ներկայացված գովազդը սոցիալական ճանաչելու օրենսդրական մեկ կամ մի քանի հիմքերի բացակայության պայմաններում պատասխանող Մշակույթի նախարարությունն իրավասություն և հնարավություն չունի գովազդը սոցիալական ճանաչելու:

«Այսպիսով՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ մերժումը իրավաչափ է և բացակայում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գովազդը սոցիալական ճանաչելուն պարտավորեցնելու հիմքերն, ուստի հայցն անհիմն է և ենթակա մերժման»,- ասված է Ռաֆիկ Խանդանյանի կողմից կայացված որոշման մեջ:

Նշենք, որ պատասխանող Մշակույթի նախարարությունը գտնում է, որ ներկայացված գովազդի նախագծերը պարունակում են հասարակության մի խավի՝ ինտեգրված լինելու մասին գովազդ, հետևապես, ըստ էության, հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում:

Հայցվոր Pink Armenia հասարակական կազմակերպությունը հայցում ընդգծել է, որ Մշակույթի նախարարությունը խախտել է խտրականության արգելքի պահանջը, քանի որ գովազդը սոցիալական չճանաչելու հիմքը ոչ թե իրավական նորմերի անհամապատասխանությունն է, այլ այն, որ գովազդով արծարծվում է ԼԳԲՏ անձանց առնչվող խնդիրներ:

Ըստ հայցվոր կողմի, նախարարությունը խախտել է փոքրամասնությունների իրավունքները՝ վերջիններիս վերաբերյալ հասարակությանն իրազեկելը որակելով հանրային կարևորության չունեցող խնդիր: