Իսրայելում պայքարում են նույնասեռ զույգերին փոխնակ մայրությունից օգտվելու իրավունք տալու համար

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ մասնակցել են բողոքի ցույցերի՝  նույնասեռ զույգերին և միայնակ տղամարդկանց երեխաներ ունենալ արգելող օրենքի դեմ, գրում է BBC ռուսական ծառայությունը:   

Ակցիաներն անցել են Թել Ավիվում Իցխակ Ռաբինի հրապարակում և Երուսաղեմում: Բողոքի մասնակիցները ժամանակ առ ժամանակ փակում էին երթևեկությունը քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկում: Հայտնի է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի քաղաքացու:

Սա վերջին տարիներին Իսրայելում տեղի ունեցած ամենամասսայական ցույցերից մեկն է:

Չորեքշաբթի Իսրայելի խորհրդարանը քվեարկության էր դրել մի օրինագիծ, որը ենթադրում էր փոխնակ մայրությունից օգտվելու իրավունք տալ մի քանի խմբի մարդկանց՝ միայնակ կանանց, կանանց, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող երեխա ունենալ, միայնակ տղամարդկանց ու նույնասեռ զույգերին:

Դրական որոշում է կայացվել օրինագծի միայն առաջին երկու կետերի օգտին, որոնք վերաբերում են կանանց:

Նախկինում միայն պաշտոնապես ամուսնացած հետերոսեքսուալ զույգերն իրավունք ունեին փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ:

Ընդուված օրենքը նաև ենթադրում է փոխնակ մայրության ծրագրի մասնակի պետական ֆինանսավորում:

«Մենք եկել ենք այստեղ կառավարությանն ասելու՝ բավակա՛ն է: Մենք հավասար իրավունքներ ենք ուզում յուրաքանչյուր մարդու համար»,- ասել է Իցխակ Ռաբինի հրապարակում տեղի ունեցած ցույցի մասնակիցներից մեկը:

Ցուցարարների խոսքերով՝ երեխա ունենալ ցանկացող նույնասեռ զույգերը ստիպված են լինում օգտնություն փնտրել արտասահմանում և այլ երկրներում փոխակ մայրերին ահռելի գումարներ վճարել:  

Իսրայելական մի շարք ընկերություններ հայտարարել են, որ պատրաստ են ֆինանսապես օգնել նույնասեռ զույգերին, եթե համապատասխան օրենք ընդունվի:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ բազմիցս հայտարարել է, որ կողմ է նույնասեռ զույգերին և միայնակ տղամարդկանց փոխնակ մոր հարցով բոլոր իրավունքներով օժտելուն:

Սակայն քվեարկությունից առաջ Նեթանյահուն փոխզիջման է գնացել մյուս ուժերի հետ, որպեսզի խորհրդանն ամբողջությամբ չմերժի օրինագիծը. արդյունքում ընդունված օրենքում նույնասեռ զույգերին ու միայնակ տղամարդկանց այդ իրավունքը չի տրամադրվել