Իտալիայում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 54 տոկոսը խտրականության է ենթարկվել

Եվրամիության՝ մարդու հիմնարար իրավունքերի հարցերով գործակալությունը եկել է եզրակացության, որ Իտալիան մտնում է այն երկրների խմբի մեջ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենաշատն են խտրականության ենթարկվում, գրում է Gay.ru-ն:

 

ԼԳԲՏ համայնքի իտալացիների ներկայացուցիչների 54 տոկոսը խտրականության է ենթարկվել: Իրավիճակն ավելի վատ է միայն Լիտվայում, Խորվաթիայում, Լեհաստանում և Կիպրոսում:

 

Երկրում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միայն ութ տոկոսն է, որ չի թաքցնում իր կողմնորոշումը: Իտալացի քաղաքական գործիչները հաճախ են իրենց ելույթներում հոմոֆոբ հայտարարություններ անում, ինչպես նաև երկրում չկան գեյերի իրավունքները պաշտպանող օրենքներ:

 

Իտալիայի բարեփոխումների փոխնախարար Իվան Սկալֆարոտոն ասել է. «ԵՄ-ն բոլոր մարդկանց, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրավահավասարության, հանդուրժողականության, հարգանքի և հավասարության պայմանների ստեղծման պարտավորություն է դնում: Իտալիան, լինելով ԵՄ անդամ երկիր, պետք է ցույց տա իր պատրաստակամությունը համագործակցելու գործընկեր երկրների հետ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դեմ պայքարում»:

 

Իտալիան, որտեղ շատ մեծ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը, ԼԳԲՏ համայնքնի ներկայացուցիչների իրավունքների ընդունման հարցերում շարունակում է հետ մնալ Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներից: Երկրի օրենսդրությունն արգելում է նաև գեյերի ու լեսբուհիների ամուսնությունների ճանաչումը: