Իրավապահ համակարգը պարապուրդի է մատնված․ Մամիկոն Հովսեփյան

Այդ հայտարարությամբ ոստիկանապետը խոստովանեց, որ հենց ոստիկանությունը սահմանափակում է հավաքների և միավորումների ազատությունը, LGBTnews-ի հետ զրույցում ասաց Pink Armenia֊ի տնօրեն Մամիկոն Հովսեփյանն՝ անդրադառնալով Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում նպատակահարմար չէ անցկացնել ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, ինչից հետո «Նոր սերունդ» ՀԿ֊ն հայտարարեց միջոցառման չեղարկման մասին։

«Ի՞նչ իրավունքով է ոստիկանը որոշում՝ որ հավաքն է նպատակահարմար, որը՝ ոչ: Ոստիկանթյունը փորձում է իր քայլն արդարացնել անվտանգության տեսանկյունից: Ի՞նչ է ստացվում․ ոստիկանությունը, որ պարտավոր է ապահովել խաղաղ հավաքների անցկացման անվտանգությունը, ըստ էության խոստովանում է, որ  բավական թույլ ու անկարող կառույց է ու այդ պատճառով սահմանափակում է հավաքների ազատությունը: Իրենք նաև ընդհանրապես չեն արձագանքում ագրեսիվ, հանգացործության կոչեր անող խմբավորումների գործողություններին, որևէ ձևով չեն արձագանքել ու քայլեր չեն արել սպառնալիքների, հանցագործությունների կոչերի ուղղությամբ: Նաև ուշադրություն չեն դարձրել եկեղեցու հակասահամանադրական գործունեությանը։

Պետությունում վերջին ամիսներին ինչ֊որ կառույցներ, խմբակներ ակտիվորեն խտրականություն, ատելության խոսք են տարածում, ինչը հակասահմանադրական ու հակաիրավական է, իսկ իրավապահ համակարգը որևէ կերպ չի արձագանքում, պարապուրդի է մատնված։ Ավելին՝ իրենք իրենց ուժը փորձում են կիրառել ընդամենը 40֊50 հոգանոց փոքր հավաքի վրա։ Սա անթույլատրելի մի բան է»,֊ նշում է Մամիկոն Հովսեփյանը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր է կատարել և պատրաստվում իրականացնել Pink Armenia-ն ստեղծված իրավիճակում, Մամիկոն Հովսեփյանը պատասխանեց․ «Բոլոր խախտումները, ատելության կոչերը, խտրական դրևսորումները փաստաթղթավորվում են՝ համապատասխան ընթացք տալու համար։ Այսպես, օրինակ, այս օրերին Հայաստանում է լինելու հավաքների և միավորումների ազատության ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, ով արդեն տեղյակ է իրավիճակից։

Ասեմ, որ մեր միջազգային գործընկերները շոկի մեջ են, որովհետև իրենք թե՛ Հայաստան գալիս, թե՛ հեռվից, տպավորված խաղաղ հեղափոխության փորձով, որ Հայաստանն ունեցել է, այլ պատկերացում էին կազմել, և հիմա որ տեսնում են՝ ինչ հետընթաց է տեղի ունենում, որ տեսնում են՝ այս կառավարությունը, որ եկավ հավաքների ազատության շնորհիվ, ձախողում է հավաքների ազատության ապահովումը, ցնցվում են, որովհետև շատ լավ տպավորություններով էին գալու, իսկ այժմ հակառակն է ստացվում:

Օգտագործելու ենք հնարավոր բոլոր մեխանիզմներն ու միջոցները՝ բարձրաձայնելու այս խնդիրները, համապատասխան միջոցներով ընթացքում տարբեր ուղղություններով աշխատելու ենք։ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, ցավոք, նորմալ չի աշխատում և չի սաստում ատելություն տարածող պատգամավորներին, Օմբուդսմենը կարծես թե լուռ է, առանձնապես այդ ամենին ուշադրություն չի դարձնում, այսինքն՝ տեղական մեխանիզմները թույլ են, բայց, բնականաբար, միշտ պետք է փորձել դրանք աշխատացնել, միշտ պետք է ստիպել, որ աշխատեն։ Եթե իրենք չեն կարող, չեն ուզում կամ չգիտեն իրենց պարտականությունները, ապա գոնե քաղհասարակությունը պիտի ստիպի, որ իրենք վերանայեն իրենց մոտեցումները կամ ուղղակի հեռանան այդ աթոռներից՝ տեղը զիջելով այն մարդկանց, ովքեր կաշխատեն»։