Իրավունքը Սահմանադրությունը չէ, որ տալիս է, իրավունքը մարդն ունի՛. Գագիկ Հարությունյան

LGBTnews.am-ը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների մասին զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնոմ ենք ստորև:

– Պարո՛ն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրությունը ԼԳԲՏԻ անձանց համար ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ սահմանո՞ւմ է, թե՞ ոչ:

– Դա Սահմանդրության մեջ շատ հստակ է սահմանված՝ և՛ իրավունքը և՛ հնարավոր սահմանափակումը: Հարցին պետք է մոտենալ հետևյալ կերպ. իրավունքը Սահմանադրությունը չէ, որ տալիս է, իրավունքը մարդն ունի, որը սահմանադրորեն ամրագրվում է, և Սահմանադրությունը նաև սահմանում է նախապայմաններ, թե ինչպես պետք է իրավունքն իրացվի: Այդ իրավունքի իրացման համար Սահմանադրությունը սահմանել է նաև 75-րդ հոդվածը, ըստ որի`եթե նախատեսվում են ինչ-ինչ սահմանփակումներ, ապա պետք է նաև օրենքով այնպիսի կառուցակարգեր ու ընթացակարգեր սահմանել, որպեսզի իրավունքն իրացվի: Մեր իրականության մեջ շատ հաճախ մոլորությունն այն է, որ մարդկանց թվում է, թե իրենց հիմնարար իրավունքները տալիս է Սահմանադրությունը կամ իշխանությունը: Մինչդեռ այդ իրավունքներն իրենց իրավունքներն են, իրենց՝ անմիջական գործող իրավունքներն են`անկախ որևէ մեկի կամքից և ցանկությունից: Պարզապես խնդիրը հանգում է այն բանին, թե մենք ինչպիսի՞ օրենսդրական նախադրյալներ ենք ստեղծում՝ այդ իրավունքների իրացումը երաշխավորելու համար:

–  Հայաստանում ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան, որպեսզի ԼԳԲՏԻ անձինք իրացնեն, օրինակ, իրենց ամուսնության իրավունքը:

– Հիմա պետք է ստեղծվեն, հիմա պրոցես է, փոփոխությունները գործընթացի մեջ են: Մեզ մոտ հիմա, օրինակ, առնվազն 200 օրենքներ կան, որոնք փոփոխվում են, լրացվում են կամ նորեր են ընդունվում, որպեսզի Սահմանդրությունն ամբողջությամբ գործի:

– Այդ պահին կա՞ նման oրենսդրական նախաձեռնություն, որը հետագայում ԼԳԲՏԻ անձանց թույլ կտա իրացնելու իրենց ամուսնության իրավունքը:

– Այդ հարցով կոնկրետ կարող եք դիմել Սրդարադատության նախարարությունը կամ Կառավարությանը, քանի որ նախագահի հրամանագրով իրենց է հանձնարարական տրված, որպեսզի գույքագրեն օրենսդրությունը և համապատասխան օրենսդրական նախադրյալներ ստեղծեն: Ես չեմ կարող ասել՝ կա՞, թե՞ չկա:

– Դուք համաձա՞յն եք, որ ԼԳԲՏԻ անձինք ունեն ամուսնության իրավունք, որն էլ պետք է համապատասխան օրենսդրության միջոցով իրացվի:

– Ես ավարտեցի: Շնորհակալություն, ավարտեցի: