«Իրավունքի կողմ»-ի և Երևանի ավագանու անդամի միջև միջադեպի փաստով քրգործը կարճվել է

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամի միջև վիճաբանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Խոսքը, հիշեցնենք, Երևանի Ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի մասնակցությամբ միջադեպի մասին է: Հուլիսի 4-ին «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն ու կազմակերպության մեկ այլ շահառու, ում անունը չի հրապարակվում, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Երևանի  բնակելի շենքերից մեկի առաջին հարկում իրենց հասարակական կազմակերպության գրասենյակն է, իսկ նույն շենքի չորրորդ հարկում բնակվում է  Երևանի ավագանի Նաիրա Նահապետյանը:

Ըստ  հաղորդման՝ Նահապետյանը և մի տղամարդ բարձրանալիս են եղել իրենց տուն, երբ կազմակերպության շահառուները գրասենյակից դուրս գալիս են լինում: Մարտիրոսյանի խոսքով՝ Նահապետյանը կոնֆլիկտ է հրահրել, և իրենց կազմակերպության շահառուները կնոջն առաջարկել են բարձրանալ գրասենյակ և զրուցել տնօրենի հետ:

«Այս կինը եկավ, հրեց դուռն ու ներկայանալով որպես քաղաքապետարանի աշխատող՝ ասաց, որ կփակի մեր գրասենյակը, քանի որ մենք իր հանգիստը խանգարում ենք: Ապա ինձնից փաստաթղթեր էր պահանջում, ցանկանում էր իմանալ՝ արդյոք ես իրավասու եմ այս կազմակերպությունն ունենալ, արդյոք հարկեր ու կոմունալներ վճարում եմ, ապա ամուսինը հարձակվեց մեր կազմակերպության շահառուների վրա ու ծեծի ենթարկեց»,- LGBTnews-ի հետ զրույցում, միջադեպի վերաբերյալ մանրամասներ պատմելիս, ասել էր Մարտիրոսյանն ու նշել, որ այս ամենի մասին գրվել է նաև Ոստիկանությունում ներկայացված հաղորդման մեջ:

Մարտիրոսյանն ասել էր նաև, որ միջադեպի հետևանքով ինքը սթրեսի է ենթարկվել, իսկ իրենց հ/կ-ի շահառուներից մեկի ճկույթը «դուրս է ընկել»: 

Ավելի վաղ Ոստիկանությունից LGBTnews-ին հայտնել էին, որ դեպքի առիթով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտեի վարույթ:

Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում «Իրավունքի կողմ» հ/կ-ի շահառուն, ում ճկույթը «դուրս էր ընկել», տուժող էր ճանաչվել:

Միջադեպից երկուսուկես ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին, փաստորեն, որոշվել է կարճել գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով: LGBTnews-ին չհաջողվեց կապ հաստատել «Իրավունքի կողմ» հ/կ-ի նախագահի հետ, այնուամենայնիվ առաջիկայում մենք կփորձենք պարզել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք կազմակերպությունը ինչ-որ քայլեր ձեռնարկել: