ԼԳԲՏԻ անձանց տեսանելության բարձրացմանը զուգահեռ աճում է ատելությունն ու ագրեսիան

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման ու բռնությունների առումով անցյալ տարիների համեմատ այս տարի ոչ մի դրական փոփոխություն չկա, միայն կա իրավիճակի վատթարացում: Նման կարծիք այսօր Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

Կազմակերպության՝ հավասարության և բազմազանության ծրագրերի համակարգող  Արման Սահակյանն էլ նշեց, որ իրավիճակի վատթարացման պատճառն այն է, որ ԼԳԲՏԻ անձանց տեսանելությունը Հայաստանում տարեցտարի բարձրանում է ու հոմոֆոբ/տրանսֆոբ հասարակությունում տեսանելության բարձրացման հետ կապված ավելանում է նաև ատելությունը, ագրեսիան տվյալ անձանց նկատմամբ:

«Չունենք բալանսավորված պաշտպանվածություն պետության կողմից»,- նշեց Սահակյանը:

Սերգեյ Գաբրիելյանը հավելեց, որ չնայած Հայաստանը վավերացրել է բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որոնք դատապարտում են հոմոֆոբիան և տրանսֆոբիան, բայց այդ փաստաթղթերը մնում են օդում ու չեն գործում, իսկ եթե գործում են, ապա միայն այն չափով, որքան հարկավոր է պետությանը:

Գարբիելյանը խոսեց նաև ԶԼՄ-ներում առկա խտրական վերաբերմունքի մասին. «ԶԼՄ-ների մոտ  գերակայում է խտրականությունը, խոշտանգումը և ատելության կոչի գերակայությունը, ԶԼՄ-ների 80 տոկոսից ավելին ատելության կոչեր է անում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ, ինչպես նաև թիրախավորվում են ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները և իրավապաշտպանները»:

Ըստ Գաբրիելյանի՝ ելնելով ԶԼՄ-ների և հասարակության հոմոֆոբ վերաբերմունքից՝  ԼԳԲՏԻ համայնքի մեծամասնությունը չի դիմում իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ներին, իրավապաշտպաններին՝ պաշտպանելու իրենց իրավունքները. «Կան մարդիկ, որոնք գալիս են, դիմում են, իրավաբանական խորհրդատվություն են ստանում, բայց երբ հարցը հասնում է ոստիկանություն, դատական ատյաններին դիմելուն՝ մարդիկ վախենում են իրենց ինքնությունը բացահայտելուց»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական հ/կ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց կողմից նախորդ տարի իրականացված հետազոտության արդյունքները: Հետազոտությունը վերաբերում է Հայաստանի 10 մարզերում և Երևանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության դրսևորումներին: Ըստ  որակական հետազոտության արդյունքների՝ ՀՀ ուժային կառույցներում ֆիզիկական, սեռական բռնությունները, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումները, հոգեբանական ճնշումները դրսևորվել են 100 տոկոսով, մեդիա դաշտում անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումները, հոգեբանական ճնշումները դրսևորվել են 90 տոկոսով, ԼԳԲՏԻ անձանց ընտանիքներում ֆիզիկական ճնշումները 60 տոկոս դեպքերում են, անհանդուրժողականության դրսևորումը՝ 72 տոկոս, հոգեբանական ճնշումները՝ 74 տոկոս, պետական կառույցներում ֆիզիկական, սեռական բռնությունները՝ 5 տոկոս, անհանդուրժողականության, ատելության խոսքի դրսևորումները՝ 75 տոկոս, հոգեբանական ճնշուները՝ 74 տոկոս, առողջապահական ոլորտում սեռական բռնությունը դրևորվել է 10 տոկոսով, կրոնական կազմակերպություններում՝ 8 տոկոսով, աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում՝ 5 տոկոսով, ժամանցի վայրերում՝ 55 և համայնքի ներսում`10 տոկոսով:

«Իրավունքի կողմ» հ/կ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց սեռափոխությունը թույլատրող օրենքի բացակայության մասին, ինչի հետևանքով էլ, ըստ նրա, տրանս անձիք ենթարկվում են խտրականության բժշկական հաստատությունների, բժիշկների կողմից:

Նա նշեց, որ իրենք ILGA Europe հասարակական կազմակերպության հետ իրականացնում են տրանս անձանց  նկատմամբ 2016-2017 թվականներին ընթացքում ատելության հիմքով հանցագործությունների փաստագրում և հունվարից մինչև մայիս ամիսն արդեն գրանցել են տրանս անձանց նկատմամբ բռնության 30 դեպք: Զեկույցը հրապարակվելու է 2018-ի հունվարին:

Լուսանկարը՝ Մեդիակենտրոնի: