ԼԳԲՏԻ անձինք պիտի պայքարեն հավասար իրավունքներ ունենալու համար. Ժաննա Ալեքսանյան

LGBTnews-ը շարունակում է հարցազրույցների շարքն իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և այս անգամ մեր զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը: 

– Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վիճակը Հայատանում:

– Եթե համեմատելու լինենք, օրինակ, տասը տարի առաջվա հետ, մի փոքր դրական տեղաշարժեր կան: Այն ժամանակ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնություններն անհամամատ ավելի շատ էին, և ոստիկանությունն ինքն էր ԼԳԲՏԻ անձանց բաժիններ տանում միայն այն բանի համար, որ նրանք այդ համայնքի ներկայացուցիչներ էին: Հիմա գրեթե չկան աղմկահարույց դեպքեր, ծեծկռտուք, կան նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, հասարակությունը քիչ թե շատ տեղյակ է նրանց խնդիրների մասին ու նրանց նկատմամբ նույնքան կոշտ վերաբերմունք չունի, որքան տարիներ առաջ: Բայց չեմ կարող ասել նաև, որ ԼԳԲՏԻ անձինք հասարակության լայն շերտերի կողմից առավել ընդունելի են:

– Իսկ եթե հարցը դիտարկենք մարդու իրավունքների տեսանկյունից… ԼԳԲՏԻ անձինք այլ անձանց հետ հավասար իրավունքներ ունե՞ն:

– Ոչ: Դա բարդ խնդիր է: Բոլոր անձանց հավասար իրավունքներ կարող ենք տեսնել քաղաքակիրթ երկրներում: Մեր հասարակությունը դրան պատրաստ չէ. գուցե ժամանակ է պետք բոլոր անձանց իրավունքներին հավասար վերաբերելու համար: Ես կարծում եմ, որ ԼԳԲՏԻ համայնքը պիտի պայքարի, փորձի ներգրավվել հասարակության մեջ, դառնա հասարակության լիարժեք անդամ:

– Այսինքն`ձեր կարծիքով`ԼԳԲՏ անձինք չե՞ն փորձում ներգրավվել հասարակության մեջ, և եթե այո, ապա դրանում իրենք նույնքան մեղավոր են, որքան հասարակությո՞ւնը:

– Հասարակությունը պատրաստ չէ ընդունելու այդ խմբին, բայց մեղադրել հասարակությանը… Պետությունն է, որ ոչինչ չի անում, որ հասարակությանը պատրաստի, Հայաստանը դարձնի ժողովրդավարական երկիր, որ հասարակությունը տիրապետի ժողովրդավարական արժեքներին, որ գործեն օրենքները և հարգվեն մարդու իրավունքները: Իհարկե ես պիտի մեղադրեմ պետությանը: Բնական է, որ երկրում ժողովրդավարական արժեքներ, մարդու իրավունքների գերակայություն չհաստատելու դեպքում պիտի տուժվեն նաև ԼԳԲՏԻ անձինք:

– Ձեր կարծիքով՝ կգա՞ ժամանակ, երբ ԼԳԲՏԻ անձինք Հայաստանում կունենան միմյանց հետ միություն կազմելու իրավունք:

– Կարծում եմ, որ ամուսնության մասին խոսելը շատ վաղ է Հայաստանի համար: Այդ խնդիրը շատ քաղաքակիրթ երկրներում անգամ կա, և Հայաստանն այժմ պատրաստ չէ նույնասեռ ամուսնություններին: Կարծում եմ, որ ԼԳԲՏԻ անձինք պիտի պայքարեն, որ հավասար իրավունքներ ունենան, և նրանց համար պետությունը պիտի առավելագույն պայմաններ ստեղծի՝ հաշվի առնելով, որ հասարակությունը նրանց դժվարությամբ է ընդունում:

– Դուք խոսեցիք ԼԳԲՏԻ անձանց՝ մյուսների հետ հավասար հնարավորություններ տալու մասին, և դրա լավ օրինակ կարող է լինել հակախտրական այնպիսի օրենքի ընդունումը, որում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրական վերաբերմունքը հստակորեն կարգելվի: Այս պահին «Հավասարության մասին» օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությունում մշակման փուլում է: Ձեր կարծիքով՝ դրանում պե՞տք է սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականությունն արգելող դրույթ լինի:

– Ես կարող եմ հստակ ասել, որ ԼԳԲՏԻ անձինք պիտի ունենան բոլորի հետ հավասար իրավունքներ: Օրենքը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, կոնվենցիաներին ու Հայաստանի Սահմանադրությանը: Այս օրենքը պիտի հաստատի յուրաքանչյուր անձի հավասար իրավունքը: