ԼԳԲՏԻ մարդիկ ունեն իրավունքներ․ Նաիրա Զոհրաբյան

«Ընդամենն օրեր առաջ տրանսգենդերը Հայաստանում անձնագիր ստացավ որպես կին, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը նման հարցերին»,֊ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին այսօր հարց հղեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։   

«Ես ուզում եմ լինել անկեղծ․ ես ունեմ իմ սկզբունքները, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը։ Երբեք աշխարհում որևէ բան ինձ չի կարող ստիպել փոխել իմ սկզբունքները, փոխել իմ դիրքորոշումը։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում՝ մեղմ ասած ես դրական չեմ վերաբերվում նման երևույթին։  Դա իմ անձնական կարծիքն է։ Եվ ես կրկնում եմ՝ աշխարհում որևէ բան և որևէ մեկն ինձ չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումը։ Բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք, դա իրենց իրավունքն է, կամ մարդը, եթե մի հոգի է, ես չգիտեմ, օգտվել է իր իրավունքից։ Այդ մասին այսքանը»,- ի պատասխան նշեց Նաիրա Զոհրաբյանը։   

Նշենք, որ երեկ, պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում կենտրոնանալո՞ւ է արդյոք Զոհրաբյանի ուշադրությունը նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդիրների վրա, վերջինս պատասխանել է․ «Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ձեր նշած խումբն ունի իրավունք, և եթե կդիմեն հանձնաժողովին, ձեզ հետ միասին մենք կքննարկենք ցանկացած հարց, որովհետև, ես կրկնում եմ, յուրաքանչյուր ոք ունի իրավունքև յուրաքանչյուր ոք ունի պաշտպանված լինելու իրավունք»։  

Հիշեցնենք, որ 2015-ին LGBTnews-ի հետ զրույցում այդ ժամանակ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը նշել էր․ «Ինչպես իմ շատ գործընկերներ, ես չեմ առաջարկում նրանց, ասենք, խարույկի վրա այրել կամ «իզգոյացնել» հասարակությունից, բայց ես ուղղակիորեն ընդունում եմ, որ որքան մեր հանրությունը զերծ մնա նման այլասերվածությունից, այնքան մենք կկարողանանք մեր ազգի բարոյաէթնիկ նկարագիրը պահպանել»։ Զոհրաբյանը նաև նշել էր, որ կանի հնարավորը, որպեսզի «Հայաստանում իրենք չկարողանան իրենց մետաստազները տարածել»։